Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ. Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ. «ՀՀ-ում այս նախագիծը մենք անվանում էինք Խաղաղության խաչմերուկ»

Հոկտեմբեր 19,2023 16:37

Հոկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի 61-րդ նիստը:

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի պատվիրակները: Քննարկումների առանցքում եղել է բնական աղետների կանխարգելման եւ անհապաղ օգնության ոլորտում ՍԾՏՀ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ամրապնդման թեման: Նիստը վարել է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սերգեյ Բագրատյանը, որը նաեւ ՍԾՏՀ ԽՎ վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահն է:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ շեշտելով, որ Հայաստանը կարող է խաչմերուկ դառնալ՝ կապելով արեւելքը-արեւմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Պարսից ծոցից մինչեւ Սեւ ծով: «Հայաստանում այս նախագիծը մենք անվանում էինք Խաղաղության խաչմերուկ: Հույս ունեմ, որ անդամ երկրները կցանկանան մաս կազմել այս Խաղաղության խաչմերուկին եւ ներդրում ունենալ դրա կայացման ու զարգացման գործում: Ճանապարհների ապաշրջափակումը կարեւոր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններով»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը շահագրգռված է խորհրդարանական վեհաժողովի շրջանակում փոխգործակցության ամրապնդմամբ: Նա ցավով է նշել այն հանգամանքը, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման, Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակչության անմարդկային պաշարումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի մասին: Դրա հետեւանքով հարյուրավոր սպանվածներ եւ վիրավորներ կան, Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100.000 մարդ, բռնի տեղահանվել է եւ ապաստանել Հայաստանում:

«Ցավալի է, որ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների վրա: 2021 թվականին, այնուհետեւ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանների երկայնքով՝ ներխուժելով եւ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքները, որոնց մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն է՝ ուժի միջոցով Հայաստանին պարտադրել իր նախընտրած լուծումները»,- արձանագրել է ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով ավելի քան երեք տարի Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ նման ագրեսիվ գործողությունները վտանգում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հեռանկարը. Հայաստանի դեմ ուժի եւ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն եւ տեւական խաղաղության համար:

Անդրադառնալով հանձնաժողովի նիստի թեմայի կարեւորությանը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարերային աղետների վտանգի կանխարգելման եւ արտակարգ օգնության ցուցաբերման թեման արդիական է: Այդ մասին են վկայում այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, ինչպես նաեւ անտառային հրդեհները, ջրհեղեղները, որոնց բախվեցին սեւծովյան տարածաշրջանի որոշ երկրներ: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը եւս անմասն չմնաց Թուրքիա փրկարարական ջոկատ եւ մարդասիրական բեռ ուղարկելու հարցում:

Ողջույնի խոսքում ՍԾՏՀ ԽՎ նախագահի տեղակալ, կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւս անդրադարձել է անվտանգային լուրջ մարտահրավերներին, որոնց առջեւ կանգնած է մեր երկիրը: Հայկական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման եւ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի անդառնալի հետեւանքների, էթնիկ զտումների քաղաքականության մասին: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել է եւ ապաստանել Հայաստանում ու հավելել՝ մեր հայրենակիցներին ապաստան տրամադրելու հարցում ՀՀ-ն բախվել է արտակարգ իրավիճակի: Այս իրավիճակը եւս Բաբկեն Թունյանը բնութագրել է որպես հումանիտար աղետ: Նրա գնահատմամբ կազմակերպության անդամ որեւէ պետության ռազմատենչ հռետորաբանությունն ու ապակառուցողական մոտեցումը մյուսի նկատմամբ անվտանգության սպառնալիք են ամբողջ տարածաշրջանի համար՝ խաթարելով հարաբերությունները կարգավորելու յուրաքանչյուր փորձ: «Չնայած դժվարություններին եւ մարտահրավերներին՝ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադառնալով քննարկվող թեմային՝ Բաբկեն Թունյանը շեշտել է աղետների ռիսկերի նվազեցման եւ արտակարգ իրավիճակների օգնության ոլորտում խորհրդարանական համագործակցության ամրապնդման կարեւորությունը եւ արդյունավետ աջակցության ու ռիսկերի կառավարման իրավական դաշտի կատարելագործումը:

«Քանի որ մեր տարածաշրջանը հաճախ բախվում է տարատեսակ բնական եւ տեխնածին աղետների, հետեւանքների կանխարգելումն ու չեզոքացումը հաճախ հնարավոր չէ միայն ազգային մակարդակով: Վստահ եմ, որ այս ոլորտում տարածաշրջանային մակարդակով համագործակցության խորացումը կարող է շատ արդյունավետ լինել»,- փաստել է ՀՀ ԱԺ ներկայացուցիչը:

Նիստի մասնակիցներին ողջունել են ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Միլտիադիս Մակրիյանիսը եւ ՍԾՏՀ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար, ՍԾՏՀ ԽՎ փոխնախագահ Իվան Բեչիչը:

Քանի որ նիստում քվորում չի ապահովվել, կազմակերպվել են քննարկումներ, սակայն որոշումները կկայացվեն առաջիկայում տեղի ունենալիք գլխավոր վեհաժողովի ժամանակ: Քննարկվել են օրակարգային հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին:

Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել «ՍԾՏՀ տարածաշրջանում խորհրդարանական համագործակցության ամրապնդումը բնական աղետների կանխարգելման եւ անհապաղ օգնության ոլորտում» զեկույցի նախագծի շուրջ: Անդրադարձ է եղել բնական ու տեխնածին աղետների պատճառով մարդկանց կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգներին ու դրանց կանխարգելման անհրաժեշտությանը եւ դրանց դեմ ՍԾՏՀ ԽՎ անդամ երկրների համատեղ պայքարի կարեւորությանը: Նշվել է, որ ՍԾՏՀ-ն պետք է կարողանա օրենսդրական հիմքեր ապահովել այս ոլորտում պայքարի կայուն ու համալիր մեխանիզմներ կիրառելու համար: Ներկայացվել են այս բնագավառում ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները, անդրադարձ է եղել պատերազմական իրավիճակներում աղետների դեմ պայքարի մեթոդների կարեւորությանը:

ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կարեւորել է արտակարգ իրավիճակներում ՍԾՏՀ պետությունների արձագանքումը, կարողությունների գնահատումն ու վերհանումը: Պատգամավորը մանրամասն ներկայացրել է այս բնագավառում մեր երկրում իրականացվող քայլերը ե՛ւ օրենսդրական մակարդակում, ե՛ւ Կառավարության գործունեության ծրագրի շրջանակում: Նրա գնահատմամբ Հայաստանը, պայմանավորված աշխարհագրական եւ բնակլիմայական պայմաններով, բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում, կան նաեւ տեխնոլոգիական գործարաններ, որոնց անվտանգությունը եւս կարեւոր է: ՀՀ ԱԺ պատգամավորն անդրադարձել է ոլորտի օրենսդրական կարգավորումներին, Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրից բխող գործողություններին, կարեւորել տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերը:

«Մեզ համար կարեւոր է ե՛ւ միջազգային, ե՛ւ տարածաշրջանային մակարդակում մասնակից լինել կանխարգելմանը եւ հետեւանքների վերացմանը: Այս առումով վերջին օրինակը Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժն էր, որին Հայաստանն իր ուժերի առավելագույն չափով մասնակցեց՝ որպես հետեւանքների վերացման աջակից երկիր: Բոլոր պետությունների նպատակը մեկն է՝ կանխարգելել ոչ միայն չափորոշիչների, այլ նաեւ՝ մարդկանց իրազեկվածության բարձրացման միջոցով»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

Քննարկվել են օրակարգային այլ հարցեր, ներկայացվել են տեղեկություններ ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին: Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Կիեւում՝ լիագումար նիստին ընդառաջ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031