Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Գեբելսի գործն» ունենա տխրահռչակ Գեբելսի ճակատագիրը»

Հոկտեմբեր 19,2023 16:13

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում դատավոր Արամայիս Ասատրյանի նախագահությամբ սոցիոլոգ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գործով դատական նիստն, ըստ էության, չկայացավ հայցվորի չներկայանալու պատճառով: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 7-ին ժամը 13:00-ին:

Արմինե Ադիբեկյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Մելիքյանն Aravot. am-ին այս վարույթի կապակցությամբ ասաց. «Արմինե Ադիբեկյանին մեղադրում են 2022 թվականի սեպտեմբերին իր ՖԲ էջում կատարած հետեւյալ արտահայտության համար, մեջբերում եմ. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»: Այս արտահայտությունն է մեղադրանքի հիմքում, որին ես տվել եմ «Գեբելսի վախճան» պայմանական անունը: Մեղադրանքում հստակ մեկնաբանված էլ չէ, թե ինչ նկատի ունի մեղադրանքի կողմը: Ենթադրում ենք, որ կապված է ինքնասպանության գործոնի հետ, որովհետեւ առնվազն պատմական փաստ է, որ թե Հիտլերը, թե Գեբելսը իրենց կյանքն ավարտել են ինքնասպանությամբ: Իհարկե, մենք այս ենթադրությունը դատական նիստերի ժամանակ կճշտենք:

Մեր պատկերացմամբ սա, մեղմ ասած, տարօրինակ վարույթ է հատկապես վերջին երկու-երեք շաբաթների հանրային կյանքի լույսի ներքո՝ հաշվի առնելով այն, որ քպականները բացեիբաց, շատ ուղիղ եւ ոչ թե պատմական զուգահեռներ անցկացնելով, բռնության կամ նույնիսկ ինքնասպանության են դրդում հատկապես Արցախի տարբեր պաշտոնյաներին: Ու որեւէ վարույթ հարուցված չէ: Օրինակ, ես շատ հստակ հիշում եմ՝ այդպիսի ուղիղ արտահայտություն արեց քպական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, բավական մոտ արտահայտություն արեց քպական քարոզիչ Մեհրաբյանը:

Սա է մեղադրանքի հիմքում ընկած հանգամանքը, եւ մենք պատրաստվում ենք հիմնավորել, որ տիկին Ադիբեկյանի պարագայում հանցակազմի նշույլ անգամ չկա եւ Գեբելսի տխրահռչակ գործը կունենա նույնքան տխրահռչակ ավարտ, ինչպես եւ Գեբելսն ինքը»:

Անդրադառնալով այսօրվա դատական նիստի, ըստ էության, չկայանալուն՝ փաստաբանը նշեց. «Կարծում եմ, հարգալից վերաբերմունքը դատավարության մասնակիցների միջեւ եւ դատարանի նկատմամբ պարտադիր, կամ կարեւորագույն նախապայման է, որը նաեւ ենթադրում է, որ եթե հրատապ պատճառ չի առաջացել դատական նիստին չներկայանալու համար, առնվազն պետք է մեկ օր առաջ տեղեկացնել, որպեսզի դատարանն էլ հնարավորություն ունենա մյուս կողմին տեղեկացնել: Այսօր մենք գալիս, ժամը 10:00-ին հասնում ենք դատարան ու պարզվում է, որ մի քանի րոպե առաջ դատախազը գրություն է ուղարկել դատարան, որ դասընթացների է մասնակցում Արդարադատության ակադեմիայում: Այո, այնտեղ դասընթացների մասնակցելը հարգելի պատճառ է: Ինքս երբեմն դասընթացներ եմ ունենում որպես դասախոս եւ ժամանակին դատարանին տեղյակ եմ պահում դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Բայց խնդիրն այն է, թե ինչու է տեղեկանքը ներկայացվել դատական նիստից րոպեներ առաջ, այն էլ այն դեպքում, երբ այդ պատճառն առաջացել է վաղուց: Ես Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտորն եմ, եւ իմ տեղեկությամբ՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել. Դասընթացները տեղի են ունենում երկուշաբթիից ուրբաթ օրերին: Այսօր հինգշաբթի է: Այնպես որ, կարելի էր տեղեկացնել մեկ օր առաջ, որպեսզի իզուր տեղը մենք չգայինք ու դատական նիստ չանեինք:

Մենք անհամբերությամբ ենք սպասում այս դատական վարույթին եւ ունենք շատ հետաքրքիր ռազմավարություն: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Գեբելսի տխրահռչակ գործն ունենա տխրահռչակ Գեբելսի ճակատագիրը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031