Արցախի բռնի տեղահանումից հետո հոկտեմբերի 1-ին, երբ Վրաստանի «Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ղեկավարի նախաձեռնությամբ բողոքի ցույց անկացվեց Թբիլիսիում՝ Ալիեւի, Էրդողանի եւ Հիտլերի նկարներով պաստառներով, հ/կ նախագահ Արթուր Միրզոյանին անմիջապես ոստիկանություն են հրավիրել:
«Ոստիկանությունից ինձ պարզ ասացին, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանատնից միաժամանակ բողոքի նոտա է ուղարկվել արտաքին գործերի նախարարություն: Ասել են, որ մենք վիրավորել ենք իրենց երկրի ղեկավարին՝ առաջին դեմքին: Ոստիկանությունում ինձ հարցաքննեցին, թե ինչ է կատարվել, ինչից ենք բողոքել: Ոստիկանությանը գրավոր բացատրել եմ, որ աշխարհի լուրջ երկրները ճանաչել ու դատապարտել են հայոց ցեղասպանությունը, ինչը Թուրքիան շարունակում է մերժել: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Ալիեւին, Օկամպոյի օրինակը բերեցի, որ այդ ամենն անվանել էր ցեղասպանություն ու ասացի, որ այդ ամենը հաշվի առնելով՝ որեւէ տարբերություն չենք տեսնում Ալիեւի, Էրդողանի եւ Հիտլերի միջեւ»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Միրզոյանը:
Հիշեցնենք, որ միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին զեկույցում պնդել էր, որ տեղի հայությունը, ադրբեջանական շրջափակման հետևանքով, փաստորեն, ցեղասպանության է ենթարկվում։
«Թուրքիան ու Ադրբեջանը հատուկ են բողոքի այդ նոտան միասնական ուղարկել, ինչով ցույց են տալիս, որ այդ հարցում միասնական են: Իհարկե, նրանք փորձելու են ինչ-որ խոչընդոտներ ստեղծել մեր միջոցառումների, ակցիաների իրականացման համար, որովհետեւ այնպես է, որ միշտ էլ փորձել են, կլինի դա մեր ձերբակալումը մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանի դեսպանատան ուղղությամբ երթ էինք իրականացնում, թե կլինի իմ վրա հարձակումը ապրիլի 21-ին, երբ մենք նախապատրաստում էինք ջահերով երթը եւ ապրիլի 24-ին դեպի Թուրքիայի դեսպանատուն երթը »,- հավելեց Արթուր Միրզոյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ