Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ Հայաստանում մնալը։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար. Փաշինյան

Հոկտեմբեր 19,2023 16:03

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, լրացում՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ հիմնավորման՝ հաստատվել են 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Կացարան, գոյության միջոցներ կորցրած քաղաքացիները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար: Որոշման շրջանակում նախատեսվում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 40000 անձանց հոկտեմբեր  ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թ. հոկտեմբերից 2024 թ. մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30 մլրդ դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ ուղղակի «ժամանակավոր կացարան» հասկացությունը կարող է որոշակի շփոթեցնող լինել: Այս գումարը տրվում է մարդկանց բնակարան, բնակելի տարածք վարձելու համար:  Ինչ վերաբերում է այն անձանց,  ովքեր գտնվում են խնամքի վայրերում և համայնքային հաստատություններում, ապա այստեղ մենք պետք է հստակ պարզաբանում դնենք, որովհետև կարող են լինել մարդիկ, ընտանիքներ, ովքեր այդ հաստատություններում են  տեղավորված, բայց ցանկանում են  վարձով բնակարան վերցնել, այս գումարն իրենց տրվելու է: Իսկ խնամքի հատուկ կարիք ունեցող մարդկանց պահով չի ենթադրվում, որ նրանք պետք է լքեն այդ հաստատությունները և բնակարան վարձեն: Մնացած բոլոր դեպքերում մենք այդ աջակցությունը տրամադրում ենք: Նաև խրախուսում ենք սրանով, որպեսզի մեր այդ հայրենակիցները բնակարան վարձեն: Մենք հորդորում ենք՝ նրանք, ովքեր հատուկ խնամքի հաստատություններում չեն, որպեսզի այս գումարի շրջանակում բնակարաններ վարձեն: Մեր դիտարկումները ցույց են տալիս՝ իրատեսական է, որ այդ գնով նրանք կարող են բնակարան վարձել և իրենց կեցության հարցերը լուծել»:

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև դրամական աջակցության տրամադրման գործընթացում կանխիկ գործարքները նվազագույնի հասցնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը և հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: «Կարծում եմ՝ պետք է նվազագույնի հասցնել, չեմ ուզում ասել զրոյացնել, կանխիկով գործարքները, որովհետև դա նաև մեր քաղաքականությունն է: Նաև թափանցիկության խնդիր կա, մենք պետք է համոզվենք, որ մեր հատկացրած, տրամադրած ամեն լուման հասել է ճիշտ հասցեատերին, որովհետև եթե մարդը ֆիզիկական և այլ սահմանափակումներ ունի, իսկ որտեղից այդ երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է իրեն: Այսինքն՝ մենք պետք է բանկային քարտ իր համար թողարկենք: Պետք է դա մինիմումի հասցնել, կրկնում եմ՝ չեմ ուզում ասել զրոյացնել, որովհետև չեմ բացառում մի հատ այնպիսի դեպք լինի, որը հնարավոր չէ դա անել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ է դուրս եկել Հայաստանի Հանրապետությունից։ «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված։ Գուցե, նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Հույս ունեմ, որ շատ հստակ ենք այդ ուղերձը տալիս և նաև կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ Հայաստանի Հանրապետությունում մնալը։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե-ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինելու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան. «Մենք ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում ենք արել,  ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնելու»:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մարդասիրական օգնության բաշխման կարգը: Հիմնավորման համաձայն՝ պետությունը ձեռնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կացարանով ապահովելու խնդիրները լուծելու համապատասխան քայլեր՝ հոգալու շահառուների առաջնային սոցիալական կարիքները: Միաժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ շահառուներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ իրերով և պարագաներով ապահովելու համար: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել, որպես սոցիալական աջակցություն, նրանց տրամադրել մարդասիրական օգնություն կամ ՀՀ կառավարության միջոցներով ձեռք բերած սննդամթերք, հագուստ, կոշիկ, հիգիենայի միջոցներ, երեխաների խնամքի պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, հատուկ տրանսպորտային միջոցներ, դեղեր, բժշկական սարքեր և սարքավորումներ և այլն:

Մեկ այլ որոշմամբ էլ Սյունիքի մարզպետի աշխատակազմին կհատկացվի 479 մլն դրամ՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանվածներին մարզի Գորիս և Տեղ համայնքներում դիմավորման, ինչպես նաև դեպի մարզի այլ բնակավայրեր, ՀՀ այլ մարզեր և Երևան քաղաք փոխադրման արդյունքում ձևավորված պարտավորությունների մարման համար առաջնային անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման, ինչպես նաև հյուրանոցային, տրանսպորտային, Լաչինի միջանցքի փակման հետ կապված ծախսերի, վարձակալության և այլ ծառայությունների  փոխհատուցումն իրականացնելու համար ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Գործադիրը հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

Կառավարությունը հաստատել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը: Ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից, նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին: Քաղաքը նաև իր կենտրոնացվածության և հասանելիության շնորհիվ հնարավորություն է տալու միջդիսցիպլինար հետազոտությունների համար` որոնք ժամանակակից աշխարհում հանդիսանում են բեկումնային առաջընթաց ապահովող հետազոտությունների լավագույն ձևերը: Ակադեմիական քաղաքի կոմպակտության շնորհիվ նաև նախապայմաններ կստեղծվեն փորձարարական մշակումների և նախատիպավորման համար խոշոր ենթակառուցվածքների կառուցման համար, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում հետազոտական և ինովացիոն համակարգի կայացմանը և մշակումների` ներքին և գլոբալ արժեքային շղթաներում ներդրմանը: Ծրագիրն իրականացնելու նպատակով՝ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։ Հայեցակարգով սահմանվում են ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակներն ու խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում, ի թիվս ակադեմիական քաղաքին ներկայացվող այլ պահանջների։  Ըստ այդմ՝ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձևերը, հստակ կսահմանվեն հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին։

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր: «Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար։ Ընդ որում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, և «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գխավոր հատակագծով դրա կարիքը լինի։

 Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։ Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են չորս կլաստերներ՝ տեխնոլոգիական, արհեստների, կրթական և սպայական։ Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական մեկ մայրուղու։ Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է հիմնական տեղամասով։ Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  Ակադեմիական քաղաքում բնակվելու է և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ «Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով նաև ձևավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլանը, որը կկարգավորի նաև մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները։ Ստեղծվելու են ամբողջությամբ նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին, լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ՝ համերգասրահ, կինոթատրոնի և թատրոնի բաղադրիչներով, տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ բուհական և սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև առողջ ապրելակերպի անհրաժեշտ կենսապայմանների համար։ Այստեղ նախատեսվում է ունենալ ազգային ստադիոնը մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ և մնացած բոլոր ենթակառուցվածքները»,-ասել է նախարարը։

Ըստ նրա՝ արդեն իսկ կան համագործակցության պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական «GNP» կազմակերպության և կառուցապատող ընկերությունների հետ, արվեստների կլաստերի բովանդակության հետ կապված արդեն իսկ պլանավորված համագործակցություն կա Լոնդոնի արվեստների համալսարանի հետ։ «Ծրագրի ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի  2023 թվականի հոկտեմբերից և կավարտվի 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլ՝ կսկսվի 2025 թվականի հոկտեմբերից և նախնական գնահատմամբ՝ կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին։ Ինչպես նշեցի, այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածներում կլաստերների, հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք և սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ մենք, այսպիսով` թևակոխում ենք Ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ: Հայեցակարգն, իհարկե, վաղուց է շրջանառության մեջ, այն մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել ենք և եկել ենք վերջնական այսպիսի եզրակացությունների, որոնք հայեցակարգի մեջ նշված են: Նաև առաջիկայում մենք պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հետ համատեղ կսկսի նախագծման աշխատանքները: Ուզում եմ ասել նաև, որ այս պահին էլ արդեն տեղում աշխատանքներ իրականացվում են՝ գեոդեզիական, հաշվարկվում են ենթակառուցվածքները, ջրային ռեսուրսները՝ ինչպես պետք է տեղափոխվեն և այլն:

 Ուզում եմ հիշեցնել, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է բավականին մեծ տարածք՝ 700 հա, ընդ որում ՝ մենք հաշվարկել ենք այնպես, որ անհրաժեշտության դեպքում այդ տարածքը նաև ընդլայնվելու հնարավորություն ունենա: Տարածքը գտնվում է Երևանի, Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի կցատեղում, Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին, Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի հատվածում, Մեծամորից էլ, ենթադրում եմ, այնտեղ հատված կա, Խոյ համայնքից էլ, նկատի ունեմ՝ սահմանակցող տարածք: Այսինքն, հենց բուն տարածքը չկա Արմավիրի մարզից, բայց հենց այդ տարածքը վարչական և ադմինիստրատիվ գծերով հատվում է Արմավիրի մարզի և մայրաքաղաք Երևանի հետ:

 Այստեղ շատ կարևոր է, որ մենք 4 կլաստերների մեջ մենք պատկերացնում ենք նաև գյուղատնտեսական կլաստերը: Ընդ որում, այստեղ գյուղատնտեսական շատ մեծ ֆերմերային փորձարարական կենտրոն կստեղծվի, այսինքն` գյուղատնտեսության ոլորտի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներ իրականացնել թե՛ բուսաբուծության, թե՛ սերմնաբուծության, թե՛ անասնապահության և մնացած ոլորտներում, այսինքն՝ տեղում այդ ամեն ինչը կկազմակերպվի: Կարծում եմ՝ նաև Ակադեմիական քաղաքի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն կունենա: Իհարկե, մենք տարածքի հետ կապված հետևյալ խնդիրը ունենք: Հայեցակարգը ունենք, հիմա մենք ճարտարապետական ընկերության առաջ դնում ենք հետևյալ խնդիրը՝  չգիտենք 700 հա-ն այս խնդրի լուծման համար շա՞տ է, քի՞չ է, մեզ լրացուցիչ տարածքնե՞ր են պետք, թե՞ ընդհակառակը՝ այդ տարածքը շատ մեծ է, բայց եթե նույնիսկ պարզվի այդ տարածքը շատ մեծ է, մենք այդքան տարածքի անհրաժեշտություն չունենք, միևնույնն  է մենք այդ տարածքը կպահենք Ակադեմիական քաղաքի տիրույթում: Այնտեղ, որտեղ մենք կառուցապատում իրականացնելու անհրաժեշտություն չենք ունենա, այնտեղ կգնանք ուրիշ լուծումների՝ կանաչապատում կլինի, լանդշաֆտային լուծումներ կլինեն և այլն, և այդպես շարունակ: Այսինքն` այս 700 հա-ն միանշանակ պետք է մնա Ակադեմիական քաղաքի տիրույթում»:

 Անդրադառնալով բուհական ոլորտի բովանդակային զարգացումներին և 8 բուհերի ձևավորման գործընթացին՝ վարչապետը նշել է, որ ԿԳՄՍ-ն արդեն իսկ հայտարարություն է տարածել և  բուհական ոլորտի գործընկերներին  առաջարկել  քննարկումներ անցկացնել: «Հրավիրում ենք քննարկումների՝ լսելու նրանց: Նաև մենք հույս ունենք, որ բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները կսկսեն իրենք իրար հետ քննարկումներ անել, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը սկսել է նրանից, այն արձանագրումից և շեշտադրումից, որ բարձրագույն կրթությունը և գիտությունը, և հետազոտական հատվածը պետք է հնարավորինս ինտեգրվեն այնպես, ինչպես հիմնականում ընդունված է ժամանակակից կրթական համակարգում: Եվ իհարկե, Ակադեմիական քաղաքը պետք է լինի ոչ միայն ուղղակի համալսարանների և ուսանողների հավաքատեղի, այլև պետք է իր ճարտարապետական, քաղաքաշինական լուծումներով նաև նոր խոսք բերի իր հետ և նաև ինտելեկտուալ ժամանցի հաճելի վայր դառնա Հայաստանի Հանրապետության բնակիչների և, իհարկե, օտարերկրյա զբոսաշրջիկների և այցելուների համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է նաև՝ պետք է արձանագրել, որ այս ծրագիրն անպայման կիրագործենք. «Սա մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է, և մենք պետք է շատ ուշադիր, հետևողական լինենք, որպեսզի ամեն ինչ ժամանակին կարողանանք իրականացնել: Այն իսկապես ռազմավարական ծրագիր է,  որը շատ բանով կանխորոշելու է Հայաստանի Հանրապետության ապագան»:

Նախատեսվում է ներդնել պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման արդյունավետ գործիքակազմ

Գործադիրը հավանություն է տվել  «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և օրենքի համապատասխան  հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերոնշյալ խումբ նվերների տնօրինման լիազորությամբ, որպես ընդհանուր կանոն, օժտել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների և նախարարների տեղակալների,  պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների  ստացված՝ նվերների հաշվառումը և «Հանրային ծառայության մասին օրենքի» հիման վրա ՀՀ սեփականություն դարձող նվերների՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված եղանակներով տնօրինման եղանակների վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորությունը վերապահելով Պետական արարողակարգային ծառայությանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև հստակեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով թույլատրելի համարվող նվերների շրջանակը՝ դրանց շարքում նախատեսելով նաև որպես պարգևատրում կամ պետական պարգև տրամադրվող գույքը: Արդյունքում՝ նախատեսվում է ներդնել պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման արդյունավետ գործիքակազմ, ապահովել պետության սեփականություն դարձած նվերների տնօրինման ընթացակարգի միասնականությունը և կանխատեսելիությունը, ապահովել պետական սեփականություն հանդիսացող գույքի միասնական սկզբունքներով, նպատակային և արդյունավետ կառավարումն ու տնօրինումը:

Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, օրինագծերի փաթեթով կարգավորվում է հանրային ծառայողների կողմից ստացած և պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: «Գործող օրենսդրությամբ հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի, և որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից ելնելով անձին տրված ցանկացած նվեր ոչ թույլատրելի է՝ անկախ այդ նվերի արժեքից: Բացառություն են կազմում և թույլատրելի են միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող և արարողակարգային նվերները, կրթաթոշակը, դրամաշնորհը: Ընդ որում, արարողակարգային ու պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերները դառնում են պետության կամ համայնքի սեփականությունը, եթե դրանց արժեքը 60.000 դրամը գերազանցում է: Ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ինչը լուրջ բաց է, քանի որ թե՛ հանրությանը, թե՛ նվեր ստացած հանրային ծառայողին հնարավորություն չի տալիս հասկանալ՝ պետությունն ի վերջո ինչ է անելու իր սեփականությունը դարձող արարողակարգային նվերների կամ ոչ թույլատրելի նվերների հետ:

 Ներկայացվող նախագծով կարգավորում ենք այս բոլոր հարցերը ու նպատակ ունենք ապահովել, որ հստակ սահմանվեն պաշտոնյայի կողմից ցանկացած նվեր ստանալուց հետո այդ նվերի հետագա ճակատագիրը որոշելու ողջ գործընթացը, նշված գույքը տնօրինող մարմինները ու նրանց լիազորությունները»,-ասել է նախարարը:

Այսպիսով՝ նախագծի հիման վրա պաշտոնական այցերի, գործուղումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60 հազար դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու հանձնել թանգարաններին կամ ազգային գրադարանին, նվիրաբերել, թողնել նվեր ստացած պաշտոնատար անձի կամ պետական մարմնի ժամանակավոր օգտագործմանը՝ մինչև պաշտոնավարման ավարտը: Նոր կառուցակարգով անհրաժեշտության դեպքում հնարավոր է լինելու դրանք իրացնել հրապարակային սակարկություններով: Եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով: Պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստացած արարողակարգային նվերների տնօրինման վերաբերյալ եզրակացություն է տալու այս ոլորտում մասնագիտացած մարմինը՝ Պետական արարողակարգային ծառայությունը, որը նաև ռեեստրում հաշվառելու է այդ նվերները:

««Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման 5-րդ փուլի զեկույցում ևս կարևորություն է տրվել այս նախագծին, որի կարգավորումներն առավել կանխատեսելի ու թափանցիկ կդարձնեն բոլոր պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման ողջ գործընթացը»,-ասել է Գրիգոր Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և  նշել. «Մենք այս թեմայի վրա բավականին երկար ենք աշխատում: Պետք է ասեմ, որ չնայած վերնագիրը պարզ է, բայց բովանդակությունը բավականին բարդ է, և մենք բազմաթիվ խնդիրների և բարդությունների է հանդիպում և կշարունակենք հանդիպել համակարգը մշակելիս: Օրինակ՝ ի սկզբանե կար թեմա, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, այսինքն՝ չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականությունը: Բայց մենք արձանագրեցինք, որ դրա հետ կապված երկրի, պետության պետական պատմությունն ուղղակի ցաք ու ցրիվ անենք, և որևէ հետագիծ չմնա: Այլ խնդիրների էլ ենք բախվում: Մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականության մեջ և բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների և շատ կոնկրետ կարգավորումների: Ընդ որում՝ այդ կարգավորումներին շատերը նայում են միայն հանրության և թափանցիկության տեսակետից:  Սա կարևոր է նաև պետական պաշտոնյաների պաշտպանվածության առումով, որովհետև ամենատարբեր իրավիճակներ են լինում, երբ պետական պաշտոնյաները հայտնվում են շատ անհարմար վիճակում: Երբ կա օրենքի կարգավորում, շատ հեշտ է մարդկանց ասել, որ դա օրենքով արգելված է, և խոսակցությունը փակվում է»:

Վարչապետը կարևորել է նաև նվերների օգտագործման հետ կապված կարգի հստակեցումը: «Մի բան պետք է արձանագրենք, որ պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն և պաշտոնյաներին նվերներ տալ չի կարելի: Մենք պետք է դա ի վերջո արձանագրենք, և դա դառնա մեր կյանքի սովորական ամենօրյա ընկալում, որովհետև մենք տեսնում ենք հակակոռուպցիոն հետևողական քաղաքականության կոնկրետ արդյունքներ: Եվ այդ արդյունքները մեզ շատ անհրաժեշտ են: Նման կարգավորումները, բացի գործնական էֆեկտներից, զուգահեռ նաև շատ էֆեկտներ են ունենում»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Օրենսդրական  այլ նախաձեռնություններ

Հավանության է արժանացել  «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցու-թյան մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության համապատասխան  որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրումը շարունակելու անհրաժեշտությամբ։ Կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի  որոշմամբ սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Ներկայումս աջակցություն է ստանում սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրեր։ Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թ.-ից և օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի ժամկետը ավարտվում է 2024 թ. հունվարի 1-ից։  Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաև օգտվել որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից։

Հավանություն է տրվել նաև  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր առևտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաև  գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսևորումներ,    նախատեսվել է գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկայում բանակցային ուժեղ դիրքի առկայության շեմեր:

Կառավարության հավանության է արժանացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   Նախագծի հիմնական նպատակն է՝  համայնքների խոշորացման արդյունքում համահարթեցման դոտացիաների հաշվարկման մեխանիզմների  ակտուալության ապահովումը։ Մասնավորապես, անհրաժեշտ իրավական որոշակիության ապահովման նպատակով առաջարկվում է անցումային դրույթներից հանել համահարթեցման դոտացիաների հաշվարկման համար 2016 թ.-ին համայնքներին հատկացված դոտացիաները 2024 թ. և հաջորդ տարիների հաշվարկներում որպես սահմանաչափ  դիտարկելու կարգավորումը։ Մասնավորապես՝  առաջարկվում է նաև համահարթեցման դոտացիայի հաշվարկներում կիրառվող համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի 15 տոկոս տեսակարար կշիռը  սահմանել 20 տոկոս:

Հավանություն է տրվել  «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:  Ներկայացված փոփոխությունների նպատակն է գործողության մեջ թողնել ՀՀ կառավարության «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին»  որոշումը, ապահովելու համար ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները՝ անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը,  մինչև նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը և փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը: Հիմնավորման համաձայն՝ 2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ-ը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաև պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների՝ ՀՀ-ում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ:

Շուռնուխում  բնակելի թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել  դեկտեմբերին.  իրենց տները կորցրած բնակիչներին ամսական 68.000 դրամի աջակցությունը կշարունակվի ևս 5 ամիս

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով  Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 5 ամիս օգնություն տրամադրելու նպատակով: Արդյունքում՝ մինչև  դեկտեմբեր ամիսը, ներառյալ` կապահովվի այդ բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը:  Շահառուներին տրամադրվել միանվագ 300,000 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ: Շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։ Ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է՝ 38 անձ:

Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել  2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունների կատարումը։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների՝ ընթացիկ տարվա խաղողի ավելցուկային քանակն Արմավիրի և Արարատի մարզերում գնահատվում է մոտ 65 հազար տոննա և նշված քանակությամբ խաղողի մթերման համար ընդունվել են Կառավարության որոշումներ: Որոշմամբ առաջարկվում է պահուստային ֆոնդից Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել՝ 870 մլն դրամ՝ 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ և 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման համար: Հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչև 1 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով։

Կապահովվի Սևանա լճի առափնյա հատվածներում ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքներն  ապահովելու նպատակով: Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պետբյուջեի «Նորաշեն արգելոցի կահավորում» միջոցառման շրջանակում իրականացված գնումների արդյունքում տնտեսված 807.8 հազ․դրամից՝ 594  հազար դրամը հատկացնել  «Սևանա լճի առափնյա հատվածներում ծովի մակարդակից 1901,5 մետր բացարձակ նիշից ցածր ապօրինի կառուցված և քանդման ենթակա շենք-շինությունների ապամոնտաժում» միջոցառման  փորձաքննության ծառայությունների ձեռք բերմանը: Իսկ    213,8 հազար դրամը կվերադարձվի  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Հաստատվել է բուհերի  2024/2025 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը 

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024/2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Հիմնավորման համաձայն՝ 2024-2025 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները: Նախորդ՝ 2023-2024 ուստարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ ԵՊՀ-ի «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերը հանվել են ցանկից՝ որպես առանձին մասնագիտություններ դրանք ներառված են «Ֆիզիկա» ընդհանրական մասնագիտության շրջանակում՝ որպես առանձին մասնագիտացումներ, ցանկը լրացվել է նոր՝ «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ: Այս փոփոխությունները պայմանավորված են ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով: Միաժամանակ, համալսարանում «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունների համար նախատեսվող քննությունների շարքում չի ընդգրկվել «Անգլերեն» քննությունը՝ որպես կամընտրական քննություն, ամրագրել են միայն «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների քննությունները: Փոփոխություններ են կատարվել նաև բուհերի «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի ընդունելության քննություններում՝ «Հայոց լեզվի» քննությունը սահմանվել է պարտադիր, «Հայոց պատմության» և «Օտար լեզվի» քննությունները՝ կամընտրական:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառվել են նոր՝ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» և «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերը` համապատասխանաբար «Տեղեկատվական անվտանգություն» «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» շրջանակում։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2024-2025 ուստարվա ընդունելության բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի մասնագիտությունների ցանկում «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն» և «Անասնաբուժություն» մասնագիտություններով ընդունվելու համար «Մաթեմատիկան», որպես պարտադիր մրցութային առարկա փոխարինվել է «Կենսաբանություն» առարկայով: Հաշվի առնելով՝ «Ճշգրիտ գյուղատնտեսություն» և «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրերով սովորողների համար «Անգլերեն», իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրով սովորողների համար «Քիմիա» առարկայի իմացության կարևորությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առկա և հեռակա ուսուցման ձևերի որոշ կրթական ծրագրերի ընդունելության քննությունների ցանկում կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ «Ագրոէկոլոգիա», «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Անտառային տնտեսություն և բնակավայրի կանաչապատում», «Անասնաբուժություն» կրթական ծրագրերի ընդունելության քննությունները փոխարինվել են «Կենսաբանություն», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներով:

Կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում, որը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը: Արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն: Ըստ այդմ՝ նախատեսվում է նաև, որ 2023 թ. սեպտեմբերի 1-ից զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետական բյուջեի հաշվին:

 Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքների համար 

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 15,144.1 հազար դրամի չափով՝ այն  ուղղելով ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներին: Մասնավորապես՝ նախատեսվում է Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման, Գավառ համայնքի «Բերդկունք» ամրոցի և կից կառույցների ամրակայման, վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման, Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան (Սելիմի) նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերում, ինչպես նաև Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու գավիթին զանգակատան կառուցում: Ներկայումս պետական բյուջեի միջոցներով իրականացվում է եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Եկեղեցին և դրան հարակից 17-18-րդ դարերի գավիթը չունի խաչ և զանգ, որոնց տեղադրման համար տարիներ շարունակ բնակիչների և համայնքի կողմից խնդրանք-դիմումներ են ներկայացվել ԿԳՄՍ նախարարություն: Նպատակահարմարությունից ելնելով՝ անհրաժեշտ է զանգակատան կառուցման աշխատանքներն իրականացնել ընթացող վերականգնման աշխատանքներին զուգահեռ:

 Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին  շնորհվել է  «ազգային» կարգավիճակ

Գործադիրի որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «ազգային» կարգավիճակ: Ըստ հիմնավորման՝ այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմազանությունը: Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հանդիսանում է Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկը և ծավալած գործունեությամբ նպաստում է ոչ միայն հայ տիկնիկային արվեստի զարգացմանը, այլև՝ մանուկների գեղագիտական դաստիրակության ապահովմանը: Թատրոնի ստեղծագործական կազմը իրականացնում է մասնագիտական վերապատրաստում, աջակցում համայնքային տիկնիկային թատերախմբերի խաղացանկի ձևավորմանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնն էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Միևնույն ժամանակ, թատրոնն իր իրականացված գործունեությամբ խթանում է ՀՀ-ում տիկնիկագործության զարգացումը և տիկնիկային արվեստի ժամանակակից ու նորարական մեթոդների ներդնումը: Արդյունքում՝ ակնկալվում է ֆինանսական միջոցների ավելացում, միջազգային հարթակում ավելի լայն կապերի հաստատման և նոր գործունեության ապահով:

Հայաստանում սամբո մարզաձևի մասսայականության, մարզաձևում հայ մարզիկների ձեռքբերումների գնահատման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:  2021 թ. Միջազգային օլիմպիական  կոմիտեի (ՄՕԿ) 138-րդ նստաշրջանում սամբո մարզաձևը ստացել է մշտական ճանաչում և դարձել օլիմպիական ընտանիքի անդամ: Ըստ հիմնավորման՝ ներկայումս անվանական թոշակ հատկացվում է օլիմպիական մարզաձևերի և ոչ օլիմպիական մարզաձևերից միայն շախմատ մարզաձևի մարզիկներին և նրանց մարզիչներին: Որոշման նպատակն է պետական հոգածության ներքո օժանդակել ՀՀ հավաքականների կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած սամբիստ մարզիկներին ու նրանց մարզիչներին  և նրանց մղել նոր ձեռքբերումների: Ներկայումս սամբո մարզաձևի մարզիկները և մարզիչները պարգևատրվում են «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» միջոցառման շրջանակում՝ տվյալ տարվա արդյունքների հիման վրա միանվագ կարգով: «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրություն և աշխարհի չեմպիոններին, օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին պատվովճարի հատկացում» միջոցառման շրջանակում՝ սամբո մարզաձևից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին տրամադրվում է ամսական պատվովճար 100 հազար դրամ՝ ցմահ:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը.  Կոտայքի մարզում կկառուցվեն  ժամանակակից ջերմոցային համալիրներ 

Կառավարությունը բավարարել է «Ռոզգոլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ Ջերմոցները կառուցվելու են Կոտայքի մարզում։ Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և 480 մլն դրամի ներդրում հողային, մոնտաժային և այլ աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45.9 մլն դրամ:

«Ֆլովերֆիլդ» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 12500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ Ջերմոցները կառուցվելու են  Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 882 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և 430 մլն դրամի ներդրում հողային, մոնտաժային և այլ աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ստեղծել 27 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 882 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44 մլն դրամ:

Կապահովվի  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման, ուռուցքաբանական ծառայությունների համար հերթագրման մեխանիզմի չկիրառման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունների կատարմամբ, պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով սպասարկվող ծրագրերի շրջանակում դեպքերի թվաքանակի աճով, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմամբ, ինչպես նաև անհրաժեշտ դեղերի անձեռնմխելի պաշարների ապահովմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝  օգոստոսի 31-ի դրությամբ անպտղությամբ տառապող 2179 շահառուներ դիմել են անպտղության հաղթահարման բժշկական օգնության և սպասարկման ծառայությունից օգտվելու համար, իսկ մինչև 2023 թ. տարեվերջ կանխատեսվում են ևս 500 շահառուների ներգրավում: 2023 թ. պետական բյուջեով նշված ծառայությունների համար նախատեսվել է 917,9 մլն դրամ: Փաստացի ծառայություններ են մատուցվել թվով 2179 շահառուի, որից արտամարմնային բեղմնավորման դեպքերի թվաքանակը կազմել է 802: Թվով 370 շահառուի մատուցվել են սերմնավորման, իսկ թվով 1034 շահառուի՝ միայն պատճառագիտական հետազոտության ծառայություններ: Ըստ 2023 թ. ցուցանիշների՝ նշված 1034 շահառուներից 708-ին կմատուցվի արտամարմնային բեղմնավորման, իսկ թվով 326 շահառուի՝ սերմնավորման ծառայություն։ Մինչև տարեվերջ կանխատեսվում է արտամարմնային բեղմնավորման ծառայությունների տրամադրում ևս 200 նոր շահառուների: Եվս 102 շահառու արդեն իսկ ստացել են արտամարմնային բեղմնավորման հրամաններ, սակայն դեռևս չեն ստացել ծառայություն։ Որոշմամբ  նախատեսվում է Կառավարության  պահուստային ֆոնդից ավելացնել  «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառմանը հատկացված միջոցները 500 մլն դրամով: Լրացուցիչ ֆինանսական միջոցները անհրաժեշտ են շահառուների անպտղության հաղթահարման նպատակով: Հանրապետության տարածքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար բուժհաստատությունների հետ կնքված պայմանագրային գումարների գերակատարումները պայմանավորված են անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման, որոշ ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունների նկատմամբ պայմանագրային գումարի չսահմանափակման, ինչպես նաև բուժօգնության կազմակերպման առանց հերթագրման սկզբունքի կիրառման, ԼՂ-ի դեմ իրականացված ռազմական գործողության և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի արդյունքում ՀՀ տեղափոխված դիակների գենետիկական փորձաքննության իրականացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է նաև առողջապահական կազմակերպություններին դրամաշնորհային կարգով հատկացնել գումար` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի առողջապահական կազմակերպություններին դեղերի երկամսյա պաշարների ապահովման հարցում:

Գործադիրն ընդունել է որոշում, որով  նախատեսվում է Վայոց ձորի նոր մարզային հիվանդանոցի և Թալինի բժշկական կենտրոնի նոր շենքերի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո ապահովել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բժշկական կահույքով: Այն հնարավորություն  կստեղծի Վայոց ձորի մարզի և Թալինի տարածաշրջանի բնակիչների համար ապահովել բարձրորակ հասանելի և մատչելի բժշկական ծառայությունների մատուցում: Հիմնավորման համաձայն՝ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է ֆինանսավորման համաձայնագիր: Ծրագրի արժեքը կազմում է 7.4 մլն ԱՄՆ դոլար։ Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Վայոց ձորի նոր հիվանդանոցի շենքի կառուցման  շինարարական աշխատանքները։ Հնգամյա ծրագրի շրջանակում նախատեսված է առնվազն հիսուն բժշկական կազմակերպությունների կառուցում և վերակառուցում:

Այլ որոշումներ. Արարատի մարզում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Գործադիրի որոշմամբ առաջարկվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Արարատի մարզ, համայնք Արտաշատ ք. Ա. Խաչատրյան փողոց 116/1 մասնաշենք հասցեում գտնվող 4945.11 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.6858 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 595 200 000 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 29 760 000  դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված 31 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։

Կառավարությունը հաստատել է Հանրային ծառայողներին  բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի N 42/5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին և երկրորդ փուլերի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Ըստ հիմնավորման՝  հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում բնակչության բավական լայն շրջանակի կողմից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճման միտումներն, ինչպես նաև հանրային ծառայողների շրջանակում կատարված հարցումները և ստացած լայն արձագանքը՝ ծրագիրը դիտարկվել է նպատակահարմար և իրագործելի: Ծրագրի առաջին փուլի շրջանակում նախատեսվում է բաշխվել թվով 700 բնակարան և թվով 490 ավտոկայանատեղի, իսկ երկրորդ փուլի շրջանակներում՝  թվով 300 բնակարան և թվով 210 ավտոկայանատեղի: Հետևաբար, ամբողջ ծրագրի շրջանակներում բաշխվելու է թվով 1000 բնակարան և թվով 700 ավտոկայանատեղի:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031