«Ես ընդհանրապես խնդիր տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում կալանքը որպես խափանման միջոց չափազանց հաճախակի դեպքերում կիրառելու հետ կապված, որովհետեւ կալանքը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում՝ ՀՀ-ում ընդհանրապես»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին հարցին։
Ինչ վերաբերում է կոնկրետ Տաթեւիկ Վիրաբյանի կալանքին, ապա Մանասյանն ասաց, որ օրենքով արգելված է ՄԻՊ-ի միջամտությունը դատարանների գործունեությանը․ «Եվ բնականաբար, այս խափանման միջոցը դատարանների կողմից է կիրառվում եւ շատ ազատ չեմ, չեմ կարող շատ հանգամանքների մասին խոսել այս պահին՝ որպես ՄԻՊ։ Բայց նշեմ, որ Վիրաբյանի մասով ի սկզբանե ՄԻՊ-ն իրավասության շրջանակներում տարատեսակ միջամտություն իրականացրել է։ Մասնավորապես առողջական վիճակի մասով, անմիջապես ահազանգը ստանալուց հետո կապ ենք հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ, մի շարք խնդիրներ փորձել ենք լուծել, այցելել ենք նրան, ուսումնասիրել պահման պայմանները, փաստաթղթերը եւ պարզաբանումների համար դիմել ենք իրավասու մարմիններին»։
Արդյոք Վիրաբյանին այցից հետո արձանագրել են նրա իրավունքների խախտումներ, պաշտպանն ասաց՝ սպասում են պետական իրավասու մարմինների պարզաբանումներին։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ