Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ե′վ ունեմ պարտականություն՝ որպես պետական պաշտոնյա, և′ որպես Բաքվից փախստական ինքս էլ ունեմ այդ իրավունքների պահանջատիրությունը»․ Վիլեն Գաբրիելյանը՝ նոր ՀԿ-ի ձևավորման առիթով

Հոկտեմբեր 19,2023 15:28

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ստեղծվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանման և հայ փախստակաների խնդիրների արդարացի և շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով»,-«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղեկացրեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Մոտ մեկ ամիս կազմակերպությունը գործում է։ Վիլեն Գաբրիելյանի փաստմամբ՝ 30-35 տարի այս դաշտում բազմաթիվ ՀԿ-ներ են գործում, որոնք բավական լուրջ դերակատարություն ունեն փախստականների խնդիրները բարձրացնելու և իրավունքներին պահանջատեր լինելու համար․ «Պետական մոտեցման տեսանկյունից ունենք որոշակի բացթողումներ, քանզի պետությունը հետևողական չի եղել։ Հիմնականում զբաղվել են փախստականների սոցիալական հարցերով։ Իմ անձնական կարծիքով՝ այս դաշտում լճացում կա, որը երկկողմանի է, նաև որոշակի առումով պետության վերաբերմունքն է այդպես ստացվել։ Մեր խնդիրն է հենց այս հասարակական դաշտին թե′ նոր շունչ տալ, թե′ հնարավորություն եղած ՀԿ-ների միջև առավելագույն համախմբում ապահովել, որ այն իրավունքները, որոնք ոտնահարվել են, ճշգրիտ ձևակերպենք և պահանջատեր լինենք այդ իրավունքների իրացմանը։ Թե′ որպես Բաքվում ծնված անձ, թե′ որպես ԱԺ պատգամավոր ես և′ ունեմ պարտականություն՝ որպես պետական պաշտոնյա, և′ որպես Բաքվից փախստական ինքս էլ ունեմ այդ իրավունքների պահանջատիրությունը։ Հենց այդտեղ եմ ես անձնապես հասկացել, որ կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել և խոչընդոտները հաղթահարել, որոնք թույլ չեն տալիս դաշտի լիարժեք կոնսոլիդացիա»։

Վիլեն Գաբրիելյանն ասաց՝ զգացել է, որ կա տարրական հաղորդակցության խնդիր՝ պետություն-ՀԿ սեկտորների միջև։

«Նախիջևան» հայրենակցական միության ՀԿ նախագահ, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահի տեղակալ Լևոն Ստեփանյանը նկատեց․ «Նորաստեղծ ՀԿ-ն պահանջված էր, ինչ-որ տեղ նաև պարտադրված․ խնդիրները լուրջ են։ Մենք ունենք մեծ փորձ, արդյունքներ, կարող ենք օգտակար լինել, և նոր ՀԿ-ն շատ շուտով շատուշատ հարցերի պատասխանները կտա»։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահի տեղակալ Մարիամ Ավագյանը նշեց, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը  վաղուց մշակել էր Գարդման-Շիրվան-Նախիջևանի պատմամշակութային թանգարանի ձևավորումը, որը պետք է համախմբեր թե′ Գարդմանից, թե′ Շիրվանից փախստականներին․ «Մեր առաջարկած նախագիծն ընթացք չստացավ։ Հուսամ, որ այս ՀԿ-ն, որը կրում է իմ այդ սիրելի անվանումը, կկարողանա միաբանել»։

Մարիամ Ավագյանը կարևորեց, որ կազմակերպությունը չշեղվի իր հիմնական վեկտորից․ «Այն ինձ համար պետք է ունենա գործունեության լայն դաշտ։ Ուշի ուշով կհետևեմ, որ պետությունն անմիջապես մեր առաջարկներին հնարավոր աջակցություն տա։ Ունենք փոխհատուցման խնդիր, փախստականների ձեւավորման հարցը։ Միջազգային կառույցները այսպես կոչված «ադրբեջանցի փախստականներին» և հայ փախստականներին դնում են մի դաշտում, որը ակնհայտորեն մեծ սխալ է և կեղծ նարատիվ, որը մշակվեց Բաքվի կողմից ու փաթաթվեց աշխարհի վզին։ Մենք հետ պիտի փաթաթենք ու ցույց տանք, որ հայ փախստականը բացառապես քաղաքական գործոն է։ Այն ձևավորվել է բացառապես ցեղասպանության պատճառով։ Հայ փախստականն անվտանգային հարց է, նրա իրավունքների հարցը լուծելու է հայության կենսունակության հարցը իր կենսատարածքի վրա, լուծելու է Արցախի դե ֆակտո և դե յուրե կայացած հանրապետության վերականգնման խնդիրը, ՀՀ ինքնիշխանության պաշտպանության խնդիրը։ Սա է ինձ համար առանցքայինը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031