ՀՀ կառավարության որոշմամբ, Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական եւ Արմավիրի պետական բժշկական քոլեջները միացման ձեւով վերակազմակերպվում են եւ միանում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի հետ, իրավահաջորդը դառնում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, եւ վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները:
Արմավիրի բժշկական քոլեջի ուսանողները դեմ են այս որոշմանը եւ երկուշաբթի օրվանից սկսած՝ դասադուլ են անում: Նրանց պնդմամբ, ավարտելուց հետո եռալեզու դիպլոմ տվող Արմավիրի պետական բժշկական քոլեջը միակ ոլորտային քոլեջն է մարզում, հետեւաբար չեն ցանկանում միավորվել ոչ ոլորտային այլ հաստատությունների հետ:
Արմավիրի պետական բժշկական քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ, 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Ղարիբյանն Aravot.am-ի հետ զրույցում հետեւյալը նշեց. «Մեր դասադուլի իմաստն այն է, որ չենք ցանկանում միանալ Ինդուստրիալ-մանկավարժական եւ Տարածաշրջանային քոլեջների հետ, ցանկանում ենք, որ մեր կրթական հաստատությունը մնա որպես Արմավիրի պետական բժշկական քոլեջ: Քանի օր է՝ դասադուլ ենք անում, այսօր քայլերթով գնացել ենք դեպի Արմավիրի մարզպետարան եւ զրույց ենք ունեցել փոխմարզպետի հետ: Նա ասաց, որ մեզ կօգնի, հարցը կբարձրաձայնի: Նաեւ ասաց, որ բոլոր հարցերի համար ինչքան էլ միջնորդեն, միեւնույն է որոշումը կայացնում է կառավարությունը: Առաջարկեց, որ գրավոր դիմումներ ուղղենք կառավարությանը, ինչն էլ անում ենք:
Կարդացեք նաև
Ես արդեն իսկ գրավոր նամակ եմ ուղարկել եւ պատասխանը ստացել եմ, որ միեւնույն է՝ միավորումը տեղի է ունենալու, քանի որ ցանկանում են բարելավել կրթական ուղիները եւ որակը: Բայց այդ պատասխանը մեզ չի բավարարում, որովհետեւ չենք ցանկանում, որ մեր քոլեջը միանա որեւէ այլ քոլեջի հետ: Պատրաստվում ենք դիմել դատարան, հույս ունենք, որ գործն արագ կմտնի դատարան եւ արդյունքում մեզ՝ բոլոր ուսանողներիս կտրվի հուզող հարցի պատասխանը: Շուրջ 200 ուսանողի դիմում կա տնօրենի սեղանին այն մասին, որ ցանկանում են քոլեջից դուրս գալ, քանի որ ընդունվել են Արմավիրի պետական բժշկական քոլեջ եւ ուզում են ավարտել հենց այդ քոլեջը: Մենք ունենք երկկողմանի պայմանագիր, իսկ այս դեպքում ստացվում է, որ երկկողմանի պայմանագիրը խզվում է միակողմանիորեն՝ առանց մեր ցանկությունը հաշվի առնելու»:
Արմավիրի պետական բժշկական քոլեջի ուսանողական խորհրդի նախագահի խոսքով, իրենց քոլեջի տնօրենը դեմ է դասադուլին, սակայն ինքը որպես ուսխորհրդի նախագահ՝ բարձրաձայնում է խնդիրը բոլոր ուսանողների անունից, իրենք դիմել են դասադուլի, որպեսզի ի շահ ուսանողների պատասխան ստանան. «Մենք հարգում ենք մեր տնօրենին, բայց խնդրել ենք, որ չխառնվի մեր դասադուլին: Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ գործը մտնի դատարան»:
Գայանե Ղարիբյանն ասում է, որ իրենց քոլեջի դիպլոմն անցնում է «դրսում», եւ պարզ չէ՝ միավորումից հետո նույն հնարավորությունը կլինի՞, թե՞ ոչ: Նրա խոսքով, իրենց քոլեջը համագործակցության պայմանագրեր ունի Եվրասիա միջազգային համալսարանի եւ բուժհաստատությունների հետ. «Երբ մեր քոլեջի անունը միավորման արդյունքում փոխվի, բժշկական բառը դուրս կգա, հայտնի չէ՝ արդյոք այդ պայմանագրերը կխզվե՞ն, թե կմնան»:
Ի դեպ, ուսանողներին խոստացել էին, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը կհանդիպի իրենց հետ, սակայն որեւէ հանդիպում տեղի չի ունեցել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ