Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ․ «ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարմինների, այդ թվում՝ կանանց եւ երեխաների, առկա են խոշտանգումների, անդամախեղումների նշաններ»

Հոկտեմբեր 19,2023 15:07

«Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ մարդու իրավունքների բոլոր հնարավոր սահմանափակումներն ու միջամտությունը բոլոր հիմնարար իրավունքներին ակնհայտ է, որ տեղի են ունենում միջազգային իրավական բոլոր չափանիշների խախտմամբ։ Այս մասին իմ դիրքորոշումն անընդհատ ներկայացնում են միջազգային դերակատարներին»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով խոշտանգումների դեպքերին, պաշտպանն ասաց՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների, անդամախեղումների նշաններ․ «Նրանց թվում կան երեխաներ եւ կանայք։ Այս մասին տեղեկացրել եմ ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր, երբ հանդիպում եմ ունեցել դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»։

Խոշտանգման եւ անդամախեղումների մի քանի տասնյակ դեպքեր են արձանագրվել, սակայն, ըստ Մանասյանի, կոնկրետ թիվ այս պահին տեղին չէ նշել, քանի որ բացառված չէ, որ այդ թիվն ավելանա։

«Ի տարբերություն նախկին դեպքերի, երբ մեզ հասանելի էր տեղեկատվություն, այժմ հրապարակումները շատ քիչ են, նման դեպքերի թիվը կարող է շատ ավելի շատ լինել, քան ներկայումս հայտնի է։ Ամեն ինչ պետք է արվի բոլոր դեպքերը բացահայտելու համար»,-ասաց պաշտպանը։

Ինչ վերաբերում է կալանավորված եւ Բաքվու տեղափոխված Արցախի նախկին նախագաններին եւ պաշտոնյաներին, Մանասյանն ասաց՝ նրանց հարցերը ՄԻՊ ուղղակի մանդատի շրջանակներում ներառված չեն․ «Դա է պատճառը, որ այս հարցերի հետ կապված ամբողջ գործունեությունը, որ փորձում եմ իրականացնել այնպես, որպեսզի հարցերը առավելագույնս ներառված լինեն մանդատի շրջանակներում։ Այդ հարցերը մեծ առումով կապված են ընդհանարապես էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքի հետ, այդ հարցերը նույնպես անընդհատ քննարկում եմ միջազգային դերակատարների հետ։ Անմեղության կանխավարկածի սկզբունքը բոլոր մակարդակներում Ադրբեջանում խախտվում է  այս անձանց նկատմամբ, որովհետեւ ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ՝ թե՛ պետական մակարդակում, թե՛ կոնկրետ քաղաքացիների կողմից։ Արդար դատական իրավունքի կարեւոր տարրերից մեկը, նաեւ անկողմնակալ եւ արդար դատարանի կողմից գործի քննություն այս պայմաններում անհնար է երաշխավորել՝ հաշվի առնելով պետական մակարդակով հովանավորվող հայատյացությունը»։

Նա նշեց, որ խոշտանգման եւ իրավախախտումների մասին նախնական զեկույցը ներկայացվել է նաեւ Հաագայի դատարանում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031