Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանն այդ հայտարարություններն անում է ռուս պապային ու թուրք հոպարին դուր գալու համար»․ Լեւոն Հայրյան

Հոկտեմբեր 19,2023 14:49

«Մեզ համար ցանկալի համար մեկ տարբերակը Արցախի միացումն է Հայաստանին, ինչի համար սկսել ենք մեր պայքարը։ Եթե դա համարում են անհնար, մենք համաձայն ենք նաեւ ինքնորոշման իրավունքին»,- այսօր Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նա նշեց, որ Արցախի վերաբերյալ կա երկու իրավական փաստաթուղթ, մեկը 1989 թվականի Արցախ-Հայաստան վերամիավորման ակտն է, որը ոչ ոք չի բեկանել, մյուսն Անկախության փաստաթուղթը։ «Հիմա, եթե Արցախի իշխանությունները սխալ քայլ են արել, հայտարարում են, որ լուծարում են Արցախը, կարող ենք համարել, որ միացած ենք Հայաստանին, մեզ մնում է հետ բերել բռնազավթված հողերը՝ սեփական ուժերով եւ միջազգային հանրության հետ ճիշտ համագործակցելով։ Այսինքն՝ եթե անկախ Արցախը լուծարվում է, պետք է վերադառնալ 1989 թվականի որոշմանը եւ Արցախը միացնել Հայաստանին»,- ասաց Հայրյանը։

Անդրադառնալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ եթե Արցախին ինքնավար մարզի կարգավիճակ տան, այդ պայմաններում արցախցիները կգնան ու կբնակվեցվեն Արցախում, Լեւոն Հայրյանն ասաց․ «Հայ քաղաքական գործիչները չեն դադարում իրենց գործունեության մեջ ռուսից ու թուրքից դաբրո խնդրել։ Սա է Սամվել Բաբայանի հայտարարածը։ Ես անձամբ մինչեւ կյանքիս վերջ պայքարելու եմ, որ եթե Արցախում հայկական սուվերենիտետ չլինի, որեւէ հայ չվերադառնա։ Աշխարհի բոլոր ժամանակների ցեղասպանությունները, այդ թվում՝ հայոց ցեղասպանությունն առաջացել են սուվերենիտետ չունենալու հետեւանքով։ Այսինքն՝ արցախցուն առանց հայկական սուվերենիտետի ուղարկել Արցախ, դա նշանակում է ուղարկել սպանդանոց կամ հաջորդ ցեղասպանությունը նախապատրաստել։ Սամվել Բաբայանն այդ հայտարարությունն անում է ռուս պապային ու թուրք հոպարին դուր գալու համար»։

Հայրյանն ասաց, որ տեղյակ է, որ Արցախի մի քանի կենտրոններ, որոնցից մեկը Սամվել Բաբայանն ու իր աջակիցներն են, փորձում են բեկանել ոչ, այն է` դժբախտ, ոչ, այն է` ծիծաղելի փաստաթուղթը, որն ստորագրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ըստ նրա՝ այդ փաստաթուղթն իրավական հիմք չունի։ «Իրավական հիմք չունի անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Ադրբեջան է, բայց ռուսական ու թուրքական քաղաքական ուժերն իրենց համար մատի փաթաթան են արել դա։ Նրանք չունեն որեւէ իրավական փաստաթուղթ, եթե ունենան, դրանից կկառչեն, ոչ թե Նիկոլ Փաշինյանի արած անպատասխանատու ու տգետ հայտարարությունից։ Հիմա, եթե Սամվել Բաբայանն ուզում է Շահրամանյան Սամվելի ստորագրած փաստաթուղթը բեկանել, շատ լավ է անում։ Ես գիտեմ, որ մի քանի խմբեր այդ ուղղության վրա են, եւ լավ կանեն իրենց ջանքերը մեկտեղեն, մոդել մշակեն, թե ինչ մոդելով են աշխատելու։ Առաջին անհրաժեշտություն է, որ պետք է բեկանվի այդ որոշումը։ Ամենալավ տարբերակն այն կլինի, եթե Սամվել Շահրամանյանն իր վրայից դավաճանի խարանը հանելու համար հենց ինքը բեկանի իր որոշումը։ Այդ գործին ամեն ինչով պետք է աջակցել, Սամվել Շահրամանյանի որոշումը պետք է բեկանվի։ Ինձ թվում է, որ սա այն դեպքն է, որ պետք է անգամ ճնշումներ գործադրվեն այն մարդկանց վրա, ովքեր պարտավոր են այդ քայլն անել»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031