Ադրբեջանի կառավարությունը «Մեծ վերադարձ» ծրագրի ներդրումային արժեքը 2022-2026 թթ․ համար գնահատել է շուրջ 17,9 միլիարդ դոլար։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության հաղորդագրությունը, Ադրբեջանը 2024-2026 թվականներին ավելի քան 6 միլիարդ դոլար կհատկացնի Ղարաբաղի և այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի» վերականգնման համար։
Ըստ հաղորդագրության՝ 2020-2022 թվականներին երկրի իշխանությունները մոտ 3,9 միլիարդ դոլար են հատկացրել՝ Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնման ծրագրերի իրականացման համար։
Նշվում է նաև, որ մինչև 2027 թվականը Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» կվերաբնակեցվի 34,5 հազար ընտանիք, որոնց համար կկառուցվեն բնակարաններ և բնակելի շենքեր։