Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեւակոխում ենք Ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ»․ գործադիրը հաստատեց «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը

Հոկտեմբեր 19,2023 14:11

«Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգն այսօր հաստատվեց կառավարության նիստում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի Ակադեմիական քաղաք՝ որպես բարձրագույն որակյալ կրթության եւ հետազոտության համար արդիական միջավայր։ Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է լավագույն ստանդարտներին համահունչ եւ միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն եւ գիտություն ունենալու, ինչպես նաեւ այս երկու ոլորտներն արդյունավետ ինտեգրելու նպատակներով: Բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացումը կապահովի գիտելիքի եւ հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում»։

Նրա ներկայացմամբ՝ Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման եւ դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման եւ մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները, այսպիսով ծառայելով հանրությանը․ «Միաժամանակ ապահովելու ենք հանրային եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին»:

«Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով այս տարվա ապրիլին ստեղծվել էր «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը։

Հայեցակարգով սահմանվում են «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նպատակները, խնդիրները, ակադեմիական քաղաքի կլաստերները, ուսանողների, դասախոսների, գիտնականների ու վարչական աշխատողների նախատեսվող թիվը,, այն ենթակառուցվածքները, որոնք պետք է ապահովվեն ակադեմիական քաղաքում եւ այլ պահանջներ։

«Ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր՝ Երեւանի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է եւ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հեկտար: Հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, իսկ «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի: Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան տեղակայելու մինչեւ 16 բուհ: Օրենքով նախատեսված են մինչեւ 8 պետական խոշորացված բուհեր եւ մինչեւ 8 մասնավոր կամ միջազգային բուհեր: Այս պահին հայեցակարգում մանրամասն նկարագրված են 4 կլաստերները՝ տեխնոլոգիական, արվեստների, կրթական եւ սպայական: Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական մեկ մայրուղուն։ Ակադեմիական քաղաքը Երեւանին կապվելու է նաեւ երկաթգծով, որի մի մասն արդեն անցնում է հիմնական տեղամասով»,-ներկայացրեց նախարարը:

Բացի այդ, ըստ հայեցակարգի՝ նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ կազմակերպվելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով եւ այլ եղանակներով, ընդհանուր առմամբ այստեղ բնակվելու եւ աշխատելու է մոտ 44 հազար մարդ։

Նախարարի փոխանցմամբ՝ հարեւանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով նաեւ ձեւավորվելու է ավելի ծավալուն տարածքի զարգացման պլանը, որը կկարգավորի նաեւ մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաեւ գործունեության տեսակները։

«Ստեղծվելու են նոր ենթակառուցվածքներ, որոնք վերաբերելու են ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, արտադրական փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսական նշանակության փորձարարական վարելահողերին: Լինելու է հանրակացարանային կամ բնակելի թաղամաս, բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ՝ կինոթատրոնի եւ թատրոնի բաղադրիչներով: Տարբեր մարզաձեւերի համար նախատեսված դահլիճներ, բուհական սպորտային ակումբներ: Նախատեսվում է ունենալ նաեւ ազգային ստադիոնը՝ մինչեւ 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, ջրային ավազաններ, տրանսպորտային համակարգ, ավտոկայանատեղիներ եւ այլն: Արդեն կան պայմանավորվածություններ միջազգային հեղինակավոր ճարտարապետական GMP կազմակերպության եւ կառուցապատող ընկերությունների հետ: Արվեստներիի կլաստերների բովանդակության հետ կապված՝ արդեն իսկ պլանավորված համագործակցություն կա Լոնդոնի արվեստների համալսարանի հետ։ Ժամանակացույցը երեք փուլ է ունենալու՝ նախագծման փուլ, որը կսկսվի հոկտեմբերից եւ ավարտին կհասցվի 2025-ի սեպտեմբերին, կառուցման փուլ, որը փուլերով է լինելու՝ 2025-ի հոկտեմբերից եւ նախնական գնահատմամբ կավարտվի 2029-ի դեկտեմբերին: Այնպես ենք պլանավորել, որ միջանկյալ ժամանակահատվածներում կլաստերների հանգուցային կառույցների փուլային հանձնում ունենանք, եւ սպասարկման փուլ, որը ողջ ծավալով կսկսվի 2030-ի հունվարից»,-հայտնեց Անդրեասյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ թեւակոխում ենք Ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ․ «Առաջիկայում պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի հետ կսկսի նախագծման աշխատանքները։ Այս պահին էլ տեղում գեոդեզիական աշխատանքներ են իրականացվում, հաշվարկվում են ենթակառուցվածքները, ջրային ռեսուրսներն ինչպես պետք է տեղափոխվեն եւ այլն»։

Ակադեմիական քաղաքը, ինչպես ասաց Փաշինյանը գտնվում է Երեւանի, Կոտայքի մարզի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզի կցատեղում՝ Պռոշյան-Քասախ-Աշտարակ-Էջմիածին-Արմավիրի եւ Արագածոտնի բնակավայրերի հատվածում։

«Կլաստերներիից մեկում՝ տեխնոլոգիականում մենք պատկերացնում ենք նաեւ գյուղատնտեսական կլաստերը։ Այստեղ գյուղատնտեսական շատ մեծ ֆերմերային փորձարարական շատ մեծ կենտրոն կստեղծվի, այսինքն՝ գյուղատնտեսության ոլորտի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկ աշխատանքներ իրականացնել»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում՝ 2022–ի սեպտեմբերին Աշտարակում քննարկվում է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031