Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին խնդրում ենք, որ բնակարաններ վարձակալեն այս գումարների շրջանակներում․ դա իրատեսական է

Հոկտեմբեր 19,2023 13:08

Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց որոշում պետական բյուջեից 2 մլրդ դրամ հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը։ Գումարն ուղղվելու է Արցախից բռնի տեղահանված 40 000 անձանց հոկտեմբերին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Գումարը նախարարությանը տրամադրվելու է պետական բյուջեի պահուստային ֆոնդից։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ 40 000 + 10 000 դրամ աջակցությունը պետք է տրամադրվի ժամանակավոր կացարաններում բնակվելու եւ կոմունալ ծախսերի վճարման համար 6 ամիս ժամկետով, ներառյալ՝ մարտ ամիսը․ «Այս նախագծով հատկացվում է անհրաժեշտ բյուջեն հոկտեմբեր ամսվա վճարումները սկսելու համար։ Հոկտեմբերի համար նոր դիմումներ գրելու անհրաժեշտություն չի լինի, վճարման համար հիմք կընդունվի 100 000 դրամ աջակցության շահառուների ցուցակը։ Այս ամսվա վճարումների ցուցակը ձեւավորվում է անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձը ժամանակավոր բնակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կամ պետական կամ համայնքային սեփականության տարածքներում, բայց կշարունակեն գործել հետեւյալ սահամանափակումները՝ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները գրանցված կլինեն պետական ռեգիստրում կամ ՀՀ-ից բացակայեն, կամ սեփականության իրավունքով կունենան անշարժ գույք։ Ամսական դրամական աջակցությունը տրամադրվելու է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույք չունեցող շահառուներին՝ 50 000 դրամ կացարանում բնակվելու վարձավճարի համար եւ 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար»։

Նախարարի ներկայացմամբ՝ ՀՀ-ում սեփականության իրավունքով անշարժ գույք ունեցող շահառուներին կտրամադրվի միայն 10 000-ական դրամ աջակցությունը՝ կոմունալ ծախսերի համար։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ մեր ուղերձն այն է, որ եթե այդ կացարաններում բնակվողները ցանկանան գնալ վարձով ապրելու, ապա այդ գումարը նրանց կտրվի. «Սրանով մենք խրախուսում ենք, որ մեր այդ հայրենակիցները բնակարան վարձեն: Մենք նրանց հորդորում, խնդրում ենք, որ բնակարաններ վարձակալեն այս գումարների շրջանակներում։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրատեսական է, որ այդ գնով կարող են բնակարան վարձել եւ իրենց կեցության հարցերը լուծել»։

Նախարարը նշեց, որ այս պահին կա ավելի քան 222 բռնի տեղահանված, որոնք ունեն խնամքի կարիք՝ միայնակ տարեցներ են, հաշմանդամություն ունեցող ավագ սերնդի անձինք են, որոնք պետք է լինեն պետության հոգածության ներքո․ «Կան դեպքեր, երբ ընտանիքի անդամն, օրինակ, Սյունիքում է, բայց ավագ սերնդի ներկայացուցիչը գտնվում է պետական հոգածության ներքո։ Այս նախագիծը հնարավորություն կտա ընտանիքների վերամիավորում իրականացնելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031