«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, եւ վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանեց, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է: Շատ բարի: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պատգամավորի ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի հայտարարագիրը, նկատեց, որ վերջինս 2022թ.-ին 1մլն 729 հազար դրամով Գյումրու համայնքապետարանից հողատարածք է գնել, ընդ որում՝ առձեռն:
Հավելենք, որ պատգամավորի օգնական ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, բոլորովին վերջերս աշխատանքի է անցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղում՝ որպես անտառապետ. սրա մասին, սակայն, հայտարարագրում նշված չէ:
Այսպիսով, Պալյանը պարզաբանում է, թե ամուսնուն օգնական է ձեւակերպել, որ ԱԺ դարպասներից դուրս չմրսի, ներսում սպասի իրեն եւ տուն տանի, միաժամանակ նույն ամուսնուն, հասկանալի է, իր կապերով Գյումրիում անտառապետ է տեղավորել:
Հետաքրքիր է՝ ինչպես է ամուսինը միաժամանակ ե՛ւ Գյումրիում աշխատանքի գնում, ե՛ւ Երեւանի Բաղրամյան 19 հասցեից կնոջը տուն տանում, առանց մրսելու: Իսկապես ֆանտաստիկ, գերմարդկային կարողությունների տեր է Ալբերտը, բայց՝ չստացված անհատ ձեռներեց:
Կարդացեք նաև
Գուցե, հավատարժան լիներ պատգամավոր Էմմա Պալյանի պարզաբանումը, թե ամուսինն իրեն մարզից է բերում աշխատանքի և, որպեսզի դրսում չսպասի, նրան նշանակել է իրեն օգնական։ Բանն այն է, որ Էմմա Պալյանը մինչև 2022 թվականին Երևանում ձեռք բերված բնակարանը, 2021 թվականից բնակարանի վարձակալության համար ԱԺ-ից ամեն ամիս 100 հազար դրամ տան վարձավճար է ստացել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։