Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, հենց այս փաստն էլ հաշվի առնելով` «Առողջ առավոտի» մի քանի հրապարակումներն այս ամիս նվիրված կլինեն կրծքագեղձի առողջությանը վերաբերող թեմաներին։
Սույն հրապարակումը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված այն մոլորություններին, պատկերավոր ասած՝ առասպելներին, որոնք առավել տարածված են բնակչության շրջանում։
1․ Վնասվածքը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել
Իրականում վնասվածքը ոչ թե քաղցկեղ է առաջացնում, այլ կարող է կրծքագեղձում փոփոխություններ առաջացնել, որոնք պատկերային հետազոտության ժամանակ կարող են նմանվել քաղցկեղի՝ ունենալով անկանոն ձև՝ անհավասար եզրերով։ Այդ երևույթը կոչվում է «ճարպային նեկրոզ»։ Տարբերակելու համար արդյո՞ք դա քաղցկեղ է, թե «ճարպային նեկրոզ», նշանակվում է ասեղային բիոպսիա։
2․ Երկաթե ներդիրներով կրծկալը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը
Այս թեմայով մի շարք հետազոտություններ եղել են, բայց չկան հստակ ապացույցներ, որ սխալ ընտրված կամ երկաթե ներդիրներով կրծկալը կարող է հիվանդության պատճառ դառնալ։ Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել կրծկալի ընտրության հարցում՝ մաշկի վնասվածքներից, կրծքագեղձն ավելորդ տրավմաներից և քրոնիկական ցավի զարգացումից խուսափելու համար։
Կարդացեք նաև
3․ Արտամարմնային բեղմնավորումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը
Արտամարմնային բեղմնավորման ժամանակ բժիշկները հաճախ են նշանակում ձվարանները խթանող դեղամիջոցներ, որոնք էստրոգենային ակտիվություն են դրսևորում, ինչն էլ, ըստ որոշ փորձագետների, կարող է նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը։ Թեև լայնամասշտաբ հետազոտություններ չեն անցկացվել այս թեմայով, սակայն վերջին 30 տարիների ուսումնասիրությունների մետաանալիզը ցույց է տվել, որ ձվարանները խթանող դեղամիջոցներ ստացած կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը չի մեծացել։
4․ Կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է միայն մեծահասակների շրջանում
Թեև տարիքը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը, սակայն հիվանդության նոր ախտորոշումների մոտ 5 տոկոսը բաժին է ընկնում մինչև 40 տարեկան կանանց։
5․ Կրծքագեղձում շոշափվող կոշտություններն ու գոյացությունները քաղցկեղի մասին են հուշում
Կրծքագեղձում շոշափվող ոչ բոլոր գոյացություններն են վտանգավոր, դրանց 80 %-ից ավելին բարորակ է (ֆիբրոզ փոփոխություններ, կիստաներ և այլն): Սակայն ցանկացած փոփոխություն կրծքագեղձում բժշկին դիմելու ցուցում է։
6․ Տղամարդիկ չեն հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով
Տղամարդիկ ևս ունենում են կրծքագեղձի քաղցկեղ, և նրանց դեպքում ավելի հաճախ է հիվանդությունը պայմանավորված լինում ժառանգական նախատրամադրվածությամբ, բայց և 100-150 անգամ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց մոտ։
7․ Մամոգրաֆիան կարող է կրծքագեղձի քաղցկեղի տարածման պատճառ դառնալ
Ոչ մի ապացույցներ չկան, որ մամոգրաֆիան մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման կամ տարածման վտանգը։ Ճառագայթի այն չափը, որը կիրառվում է մամոգրաֆիկ քննության ժամանակ, ծայրահեղ չնչին է այդ հետազոտման կանխարգելիչ օգտակարության համեմատ: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել վտանգավոր հիվանդությունը դեռ չշոշափվող փուլում, ինչը շատերի մոտ զգալի բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը:
8․ Կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտները բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը
Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս խնդրի շուրջ, և չի հայտնաբերվել որևէ կապ սիլիկոնե իմպլանտների ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև:
9․ Մեծ կրծքագեղձ ունեցող կանայք ավելի շատ են ենթարկվում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկին
Իրականում կրծքագեղձի չափերը կապ չունեն քաղցկեղի առաջացման վտանգի հետ: Բոլոր կանանց պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակացույցը կազմվում է առանց կրծքագեղձի չափերը հաշվի առնելու:
10. Կրծքագեղձի քաղցկեղը հայտնվում է կրծքում միայն շոշափվող գոյացության տեսքով
Մեծամասամբ քաղցկեղը հայտնվում է գոյացության տեսքով, սակայն կարող է և չշոշափվել, և հիվանդությունը կարող է դրսևորվել մաշկի այտուցով, կարմրությամբ, մաշկի փոփոխությամբ` «լիմոնի կեղևի» տեսքով, պտուկի հաստացմամբ կամ թեփոտմամբ, պտուկի ներքաշվածությամբ, պտուկից առատ արտադրությամբ և այլն:
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ