Մեզ հետ զրույցներում կայացած արվեստագետները մշտապես ջերմությամբ են խոսում իրենց ուսուցիչների, պրոֆեսորների մասին, բայց Սվետլանա Նավասարդյանին ճանաչողները կհաստատեն մեր այն դիտարկումը, որ տաղանդավոր դաշնակահարուհին մինչ օրս այնպիսի ակնածանքով է խոսում իր պրոֆեսորի մասին, որ տպավորություն է ստեղծվում, թե այսօր էլ շարունակվում է նրանց ուսանող-ուսուցիչ կապը։
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգը՝ «Նվիրում ուսուցչիս» խորագրով։ Մոցարտի, Բրամսի, Շոպենի ստեղծագործությունների բարձրարվեստ կատարումներով հանդես եկավ Սվետլանա Նավասարդյանը։ Իսկ երեկոն նվիրված էր դաշնակահարուհու ուսուցչի՝ Վաչե Ումր-Շատի ծննդյան 100-ամյակին։ Անկասկած, աշխարհի լավագույն բեմերը վաղուց նվաճած, հայտնի նվագախմբերի ու մեծանուն դիրիժորների հետ հանդես եկած Սվետլանա Նավասարդյան դաշնակահարուհուն ներկայացնելու կարիք չկա. նրան բոլորն են ճանաչում՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, երաժշտական նախասիրությունից։ Բայց շատերը չէ, որ գիտեն նրա գրական ձիրքի մասին։ Ոչ հաճախ, բայց շրջանառվում է այն միտքը, որ եթե նա չընտրեր դաշնակահարի մասնագիտությունը, կդառնար հիանալի գրող, որովհետեւ, ինչպես հայտնի է՝ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Նման օրինակներ կարող ենք բերել. հենց թեկուզ Սվյատոսլավ Ռիխտերի խոսքը Առնո Բաբաջանյանի մասին. «Ի՞նչ պետք է անեինք դաշնակահարներս, եթե Առնոն ընտրեր ոչ թե կոմպոզիտորի, այլ դաշնակահարի մասնագիտությունը»։
Մեջբերենք հատված Սվետլանա Նավասարդյանի «Արվեստագետի կյանքը» էսսեից։ Տեղեկացնենք, որ նա ստեղծագործում է ռուսերեն, իսկ ներկայացվող հատվածի թարգմանությունը մերն է։
«…Բայց, իհարկե, իմ հանճարեղ ուսուցիչ Վաչե Վագանովիչ Ումր-Շատն ինձ համար եղել եւ մնում է խելքի ու մտքի բարձրակետ։ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում Վաչե Վագանովիչի դասարանում ուսանելիս ամբողջ երաժշտական աշխարհն ինձ համար կենտրոնացավ, նրա միջով բեկվեց ու տեղավորվեց հիշողությանս մեջ որպես միտք, զգացում, խոսք, ձայն…
Նա ուներ ամենակարեւորը՝ դժվար մի բան ուսուցչի աշխատանքում՝ հիմք դնելը։
Կարդացեք նաև
Ձեռքի վնասվածքի պատճառով բեմում նա ելույթ չէր ունեցել, բայց երաժշտական դարձվածքները նա հիանալի էր ցույց տալիս դասարանում։ Նրա դաշնամուրի նվագը աստվածային էր հնչում։ Վաչե Վագանովիչի միջոցով ես սիրահարվեցի դաշնամուրի ձայնին, հմայված էի դաշնամուրի ձայնի կախարդանքով։ Ուսուցչիս՝ դաշնամուրի մեջ «ընկղմվելը» դեռ աչքիս առջեւ է։ Իսկ իմպրովիզացիայի նրա դասերը… Ըստ էության դրանք ամենաազատ եւ հետեւաբար՝ ամենաճիշտ կատարողական լուծումների որոնումներն էին։ Սա իմ անցած առաջին կուրսն էր, որը տարիքի բերումով ավելի շատ էմպիրիկ, քան կոնկրետ գիտելիք էր…
Դու ոչ մի վայրկյան չդադարեցիր արտիստ լինելուց, Վաչե Վագանովիչ, քո դասերից ամենակարեւորը՝ սովորեցրիր լսել քո ներսի երաժշտությունը, այլ ոչ ուրիշինը…
Մենք պարապում էինք ամեն օր եւ շատ ժամեր, բաժանվելով կեսգիշերից շատ անց…
Իմ առաջին գիտակից երաժշտական հնչյունից (ես նրա դասարան եմ եկել 12 տարեկանում) մինչեւ միջազգային մրցույթների դափնեկրի կոչմանն արժանանալը ձեր մանկավարժական սխրանքի արտահայտությունն է, Վաչե Վագանովիչ։ Ես շատ ուսուցիչներ եմ ունեցել, բայց դուք առանձնահատուկ եք։ Շնորհակալ եմ ձեր ֆանտաստիկ համբերության եւ նախանձախնդրության, իմ հանդեպ ձեր ֆանտաստիկ հավատի համար։
Վերջին անգամ մենք հանդիպեցինք նրա մահից քիչ առաջ։ Նրան մի ձայներիզ էի բերել մոսկովյան համերգիցս ու պատրաստվում էի մեկնել ԱՄՆ հյուրախաղերի։ Նա կլանված լսում էր Շուբերտ, Շոպեն…
«Բարձրաձայն չեմ ասում՝ դու հոյակապ երաժիշտ ես, Սվետիկ…»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.10.2023