Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես անվանել ու մատուցել «միջանցքը», այս է խնդիրը

Հոկտեմբեր 19,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Եթե ՀՀ իշխանությունների դիրքորոշումներում վերջին 1 տարվա ընթացքում նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունեցել, ապա, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում էական խոչընդոտներ էլ չեն մնացել:

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իրենց մյուս կարեւոր խնդիրը Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիան է։ Նա քողարկված սպառնալիք է հնչեցրել՝ ասելով, որ եթե սահմանների հարցը լուծվի, «ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն էլ կնվազի»։ «Հաջորդ հարցը պետք է լինի սահմանների դելիմիտացիայի շուրջ բանակցությունների անցկացումը։ Գլխավոր խնդիրն այն է, թե կողմերը բավարար քաղաքական կամք կունենա՞ն այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մենք ցանկանում ենք նման լուծում գտնել այնքան, որքան եւ ցանկանում ենք, որ առաջընթաց գրանցվի մյուս ուղղություններով եւս՝ երկկողմ բանակցությունների ընթացքում։ Ես կարծում եմ, որ որքան շուտ սահմանը համաձայնեցվի, այնքան լավ կլինի, այնքան քիչ կլինի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- ասել է Ամիրբեկովը։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հիշատակել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Նա նկատել է, թե իրենք ընդունում են, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, բայց ակնկալվող «միջանցքով» անվտանգության հարցն են կարեւորում։ «Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարեւոր է իմանալ՝ ինչպես է մյուս կողմն ապահովելու միջանցքով երթեւեկության անվտանգությունը։ Մեզ անհրաժեշտ են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղեւորի անվտանգության համար, ով գնացք կնստի՝ երթեւեկելու Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջեւան կամ հակառակ ուղղությամբ»,-նշել է նա։ Ամիրբեկովի խոսքով՝ Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը ձգձգի գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով։

Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հստակ նշեց, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Նա ԱԱԾ տնօրենին եւ ՊԵԿ-ի նախագահին հանձնարարեց ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան: Միաժամանակ, Փաշինյանն ընդգծեց, դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: «Մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, Ադրբեջանի արեւմտյան շրջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու: Մենք ամեն օր էլ պատրաստ ենք այդ կապն ապահովել, այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից: Մենք այսօր էլ ասում ենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք Հայաստանի սահմանը, գնացեք Նախիջեւան: Հենց այսօր»,- ասաց Փաշինյանը:

Բաքվի մոտեցումը պարզ է. նրանց պատկերացմամբ` անխոչընդոտ տեղաշարժ նշանակում է, որ հայկական կողմը չպետք է որեւէ վերահսկողություն իրականացնի: Դեռ անցյալ տարի Ադրբեջանի նախագահը Բրյուսելում` պատասխանելով լրագրողների հարցերին, պարզաբանել էր. «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է անվտանգություն եւ մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաեւ Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների եւ քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է», – նշել էր Ալիեւը։

Պաշտոնական Երեւանն էլ շարունակ պնդում է, որ ի տարբերություն Լաչինի միջանցքի` «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա: Փաշինյանը մի առիթով անգամ հայտարարեց. «Թող ադրբեջանցիներն ասեն՝ որտեղով են ուզում հատեն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձնագրային հսկողություն, մաքսային հսկողություն եւ, իհարկե, անվտանգության ապահովում, երթեւեկության անվտանգության ապահովում, որտեղ նաեւ ռուսաստանցի մեր գործընկերների աջակցությամբ մենք այդ ամեն ինչը կարող ենք եւ պատրաստ ենք եւ կապահովենք: Որեւէ կասկած դրանում չունենք»:

Այսինքն, հիմա խնդիրն այն է, թե Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի շուրջ ինչպես է ապահովվելու շարժը, որպեսզի ՀՀ իշխանությունները հայտարարեն, որ պահպանվել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դեռ անցյալ տարվա ամռանից, հիշեցնենք, մասնավորապես, «Ազատությանը», հայտնի էր դարձել ճանապարհների գործարկման հետեւյալ տարբերակը, որի շուրջ, ենթադրվում էր, որ կողմերի մոտ կա փոխըմբռնում. նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղեւորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը, այնուհետեւ անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Մամուլում այս տեղեկությունների շրջանառմանը զուգահեռ հրապարակվեց պաշտոնական Երեւանի որոշումն այն մասին, թե երեք նոր մաքսակետերը «գործելու են ՀՀ եւ ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան»: Հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր մաքսակետերում գործելու են բոլորովին նույն պայմանները, ինչ մյուս բոլոր մաքսակետերում են, որեւէ տարբերություն չի լինելու, մամուլին փոխանցել էին ՊԵԿ-ից՝ նշելով՝ դրանք գործելու են ՀՀ եւ ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան։

Իսկ անցյալ տարվա օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման էր դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ, բայց Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի պարզաբանել՝ արդյո՞ք Ադրբեջանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ ո՛չ խաղաղության պայմանագիր կար կնքված Ադրբեջանի հետ, ո՛չ սահմանազատում է իրականացվել, ո՛չ ապաշրջափակման պայմանավորվածության մասին հրապարակային հայտարարվել, Փաշինյանը դեռ անցյալ տարվա օգոստոսի 4-ին ադրբեջանցիներին հրավիրեց մի քանի կետով Հայաստանի սահմանը հատել, ԱԱԾ ու ՊԵԿ ղեկավարներին էլ հանձնարարական տվեց, ըստ էության, ապահովելով Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրած 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Արեւելյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառումից հետո, մասնավորապես, անցյալ տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Թվիթերում գրեց` Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին…

Հայ-ադրբեջանական ճանապարհների վերաբացման հարցում Փաշինյանի պատկերացումներում ինչ-որ բա՞ն է փոխվել: Եթե իրականանար անցյալ տարվա նկարագրած տարբերակը, ապա, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն կզիջեր ինքնիշխանությունը։ Ռուս սահմանապահների, ռուս ուղեկցողների տեղաշարժը կենթադրեր` հատուկ կարգավիճակ, իսկ ֆունկցիոնալ իմաստով` միջանցքի առկայություն անկախ այն բանից, թե Փաշինյանի կառավարությունն այն ինչ կանվաներ եւ ինչպես կմատուցեր մեր հասարակությանը:

Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարությունը, հետեւաբար, պետք է հստակ հասարակությանը ներկայացնեն, թե մեկ տարվա կտրվածքով նրանց պատկերացումներում ու մոտեցումներում հատկապես ինչ փոփոխություններ էր տեղի ունեցել: Եթե նրանց դիրքորոշումներում նշանակալի փոփոխություններ տեղի չեն ունեցել, ապա, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ էական խոչընդոտներ էլ առանձնապես չեն մնացել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 18.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե ամեն գործընթաց մեր երկրում իրականացվի Սահմանադրության համապատասխան՝այլ ոչ մեկ մարդու որոշմա մբ ապա Ազգային Ժողովում քննարկումների ընթացքում կիմանանք բոլոր հարցերի պատասխանները։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031