Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը՝ վերածննդի, թե կործանման գործիք

Հոկտեմբեր 19,2023 13:30

«O tempora, o mores!»

Ֆիզիոլոգիայում կա այսպիսի հասկացություն՝ «ապոպտոզ», որը բջջի կենսաբանորեն ծրագրավորված մահն է եւ որի հիմնական նպատակն է վնասված բջիջների ոչնչացումն ու օրգանիզմի հիմնական ֆիզիոլոգիական ֆունկցիաների կայունության, ներքին միջավայրի բաղադրության ու հատկությունների հարաբերական հաստատունության պահպանումը։

Եթե հասարակությունը համարենք կենդանի օրգանիզմ, որը պարբերաբար ենթարկվում է արտաքին եւ ներքին անբարենպաստ ներգործության, կայունությունը պահպանելու եւ վնասված տարրերից ազատվելու անհրաժեշտության առջեւ, ապա ապոպտոզը կարող ենք սահմանել որպես սոցիումի ինքնամաքրման գործընթաց, որն ուղղված է փոփոխվող միջավայրում վերջին գոյատեւման ապահովմանը։

Եթե մարդու օրգանիզմում կայունությունը պահպանվում է քիմիական ռեակցիաների միջոցով, ապա հասարակությունում ընդհանուր արժեքների, սոցիալական նորմերի եւ գիտելիքի միջոցով։

Վերոնշյալի լույսի ներքո կարեւոր է հասկանալ՝ որոնք են այսօրվա հասարակության մեծամասնության արժեքները եւ սոցիալական նորմերը, քանի որ դրանց դրամատիկ փոփոխությունը ընդամենը մեկ սերնդի ընթացքում ամենայն հավանականությամբ հանդիսանում է ստեղծված իրավիճակի պատճառը։

Փոփոխված արժեքների վառ դրսեւորում է բռնության զոհին եւ բռնարարին մեկ սանդղակի վրա դիտարկելը, մասնավորապես, հետխորհրդային Հայաստանում` «այլընտրանքային» պատմության քողի ներքո առաջ տարվող այն թեզը, որ Մեծ Եղեռնում մեղավոր են հենց հայերը, օրինակ` անկախ պետություն կամ Ռուսական կայսրության կազմում ավտոնոմիա ունենալու հեռանկարով ոգեւորված, Օսմանյան կայսրության դեմ կռվող կամավորական ջոկատների ստեղծման միջոցով։

Մեկ այլ օրինակ է, մի շարք մարդկանց կողմից ուղղակի կամ անուղղակի արցախցիներին մեղադրելն Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի ագրեսիայում եւ դրան հետեւած հայերի էթնիկ զտումներում, որի հետեւանքով մի քանի օրվա ընթացքում մենք կորցրեցիք հարյուրամյակներով հայերի կողմից բնակեցված հողերը, մեծ հաշվով առանց էական արձագանքի հասարակության լայն շերտերի կողմից։

Ի դեպ, վերոնշյալը եւս կարող է համարվել արժեքների հերթական փոփոխություն, քանի որ Խորհրդային տարիներին պատմական հողերը պահպանելը, իսկ կորցրածները վերադարձնելը տարածված արժեք էր մարդկանց շրջանում, իսկ ներկայում, ինչպես պարզվեց, ընդամենը քաղաքական դիվիդենդներ ստանալու գործիք։

Ցավոք, փոխվել են նաեւ սոցիալական նորմերը, որոնք, ի թիվս այլ նպատակների, միտված են հասարակության համախմբմանը։ Օրինակները շատ են, սկսած հասարակության անտարբեր (նորմալ) վերաբերմունքից ԿՈՎԻԴ-19-ից օրական մի քանի տասնյակ մարդու մահվանը, բանակում ոչ մարտական կորուստների կտրուկ ավելացմանը եւ վերջացրած շուրջ հարյուր յոթանասուն հայերի զոհվելուն հայտնի հրդեհի հետեւանքով։

Հնարավոր է եզրակացնել, որ հանրության լայն շերտերի համար սա նոր նորմա է, որին փաստացի մարդիկ վերաբերվում են որպես առօրյա երեւույթի, որն ընդունելի է ու չի առաջացնում հակակրանք եւ երեւույթը փոխելու ձգտում։

Արժեքները եւ սոցիալական նորմերը պատմականորեն օգնել են հասարակություններին գոյատեւել եւ վերապրել ծանր ժամանակները, կամ հակառակը` մոտեցրել են վերջինների վախճանը։ Օրինակ` Հին Հռոմում առաջարկվող բարեփոխումները հաճախ ներկայացվում էին, որպես վերադարձ դեպի հին ու բարի ժամանակներում գործող ավանդույթներին, ընդ որում՝ անկախ նրանից այդ ավանդույթներն իրականում եղել են, թե ոչ։ Մենք, ի տարբերություն Հին հռոմեացիների, հավանաբար բացառությամբ Խորհրդային ժամանակների որոշ տասնամյակներ, դժվար թե գտնենք վերջին հազար տարիներին առկա հին ու բարի ավանդույթներ, բայց մենք ունենք այդ ժամանակաշրջանի բացասական փորձը, որի բացառման վրա կարելի է կառուցել նոր` բոլորի համար պարզ ու ընդունելի համապետական մի քանի նպատակների վրա հիմնված արժեհամակարգ ունեցող հասարակություն։ Հասարակություն, որտեղ հայաստանցու կյանքը իրականո՛ւմ կհամարվի գերագույն արժեք, որտեղ օրենք խախտելը կլինի անընդունելի, բանակից խուսափելը մերժելի եւ այլն։

Արժեքների եւ սոցիալական նորմերի փոփոխությունը տեխնիկական հարց է, հատկապես մերօրյա տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, սակայն առաջանում է մեկ այլ հարց, ինչպես ձեւավորել դրանց փոփոխության հանրային պահանջ։

Ժողովրդավարական պետություններում ենթադրվում է, որ իշխանությունները ձեւավորվում են մարդկանց ընտրության հիման վրա եւ փաստացի կրում ու ներկայացնում են ընտրողների արժեքները եւ սոցիալական նորմերը, հետեւաբար դրանց փոխելու պահանջարկ կարող է չառաջանալ ոչ «ներքեւից», ոչ էլ «վերեւից»։ Այս պայմաններում հնարավոր է անվերջ արատավոր օղակի ձեւավորում` հանգեցնելով ամենատխուր եւ անդառնալի հետեւանքների, ինչպես հանրության, այնպես էլ պետության համար:

Միեւնույն ժամանակ, Գորդյան հանգույցը հնարավոր է կտրել եւ դա պետք է անի ոչ թե հերթական «փրկիչը», այլ յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է հումանիզմի, հայրենասիրության, օրինականության արժեքների կրող` իր առօրյա աշխատանքի ընթացքում իր շրջապատում նշյալ գաղափարները տարածելու միջոցով, որն էլ հետզհետե կարտահայտվի հերթական ընտրությունների արդյունքների վրա։

Դավիթ ՄԵԼԻՔ-ՆՈՒԲԱՐՅԱՆ

բ.գ.թ.

Հ.Գ. Ապագա Հայկականը նախաձեռնության առաջին համաժողովի ամփոփման ժամանակ Նուբար Աֆեյանը մի կարեւոր միտք արտահայտեց, որ կարելի է չսիրել այսօրվա իրավիճակը, սակայն պետք է սիրել ապագա հայկականը, հավատալ ու աշխատել այդ ապագայի կերտման ուղղությամբ։

«Առավոտ» օրաթերթ
18.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031