Եվրոպական բոլոր կառույցներում Հայաստանը ներկայացրած ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի մտաբերում մի դեպք, երբ ՀՀ կամ այլ երկրների ղեկավարներ ընտանիքով պաշտոնական հանդիպումների ներկայանային, ինչպես Նիկոլ Փաշինյանը երեկ դա արեց:
«Ինչ չէինք տեսել դիվանագիտական պրոտոկոլում, դիվանագիտական էթիկետում, տեսանք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին: Մենք չէինք տեսել, որ պատերազմող երկրի ճակատամարտ որոշող բունկերում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի կինը, դա էլ տեսանք: Ո՛չ, ես եղել եմ եվրոպական բոլոր կառույցներում, երբ այնտեղ ելույթ է ունեցել թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, ես այնտեղ տեսել եմ ԵՄ եւ ԵԽ անդամ բազմաթիվ, գրեթե բոլոր երկրների վարչապետերի, նախագահների եւ ես չեմ հիշում որեւէ դեպք, որ այդ տասնյակ, հարյուրին հասնող երկրների ղեկավարներից, որոնք ելույթ են ունեցել թե Եվրոպական խորհրդարանում, թե՛ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ գան իրենց ողջ ընտանեկան կազմով հանդերձ: Բայց արդեն դադարել եմ զարմանալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել Զելենսկու եւ Սահակաշվիլու իբր ֆեյք ժողովրդավարական «ֆինտիֆլուշկեքը». «Այդպիսով փորձելով շոյել եվրոյոնջաների (ի դեպ, այդ բառը ժամանակին շրջանառության մեջ է դրել հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում․– խմբ․) էմոցիաները: Եվ այդ ծափերն էլ, որ երեկ ծափահարում էին ԵԽ-ում, իրենք այդպես ծափահարել են այս պահին հոգեբուժարանում գտնվող ու հոգեբուժարանից Նիկոլ Փաշինյանին ուղերձներ հղող Սահակաշվիլուն: Իրենք նույն կերպ ծափահարել են Զելենսկուն, որը շարքային ուկրաինացուն մատաղ արեց Արեւմուտքին. ինչպես Բայդենն էր ասում, մենք կմարտնչենք մինչեւ վերջին ուկրաինացին»:
Տիկին Զոհրաբյանը նկատեց, որ մեր հասարակությունը որեւէ կերպ չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին ու շատ ավելի մեծ ու պատմական ողբերգություններին է դադարել արձագանքել. «Ինչպես երկու օրում Արցախի հայաթափումն էր, հասարակությունը չի արձագանքելու Սյունիքի հայաթափմանը, մեր հասարակությունը չի արձագանքելու, երբ օպերայի շենքի վրա մի օր կբարձրանա Ադրբեջանի դրոշը, ուստի այսպիսի մանր հարց, ինչպիսին նրա դուստրերի Ստրասբուրգ գնալն է, չեմ կարծում, որ այդ հարցը արժե քննարկել: Կուզեք սա համարեք հուսահատություն, հիասթափություն, Նիկոլ Փաշինյանն ամենաարդար բանն էր, որ տեղի ունեցավ մեր տիպի հասարակության, մեզ հետ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի Նաիրա Զոհրաբյան, Ձեր հուսահատությունն անկեղծ է և այդ պատճառով էլ՝ հարգանքի արժանի: Ձեզ պես հուսահատվում են շատերը, տեսնելով մեր ժողովրդի կողմից անհամակերպվելիին համակերպվելը, նվաստացուցիչ պարտությանը հարմարվելը, պարտություն բերողին հանդուրժելը և այլն:
Վաղուց ենք համոզվել, որ նիկոլը մեր քաղաքական դաշտում բուծվել է օտարի կողմից, օտարահպատակ է և սպասարկում է օտարին: 2018-ին նա հայտարարում էր ժողովրդին սիրելու և նրա առաջ խոնարհվելու մասին, սակայն այսօր հիստերիկի պես գժվում է, երբ որևէ մեկը տեղը-տեղին քննադատում է «մեծարգո վարչապետ» դարձածին և նման դեպքում՝ երկրի թիվ մեկ պաշտոնյայի «ժողովրդավարական» հանդուրժողականության (որով արևմուտքում հպարտանում է) փոխարեն նա դառնում է երկրի թիվ մեկ քինախնդիրն ու իրեն քննադատողին հոշոտողը:
Բայց Դուք գիտե՞ք, որ ես և Դուք էլ այս ամենի մեջ մեր մեղքի բաժինն ունենք: Բանը նրանում է, որ մենք խոնարհ հայրենասիրության փոխարեն նախընտրում ենք փառասիրական հայրենասիրությունը, հայրենիքի փրկության հուշարարի փոխարեն սիրում ենք լինել հայրենիքի փրկության հեղինակը, արժանավորին ծափահարելու և նրա շուրջը համախմբվելու փոխարեն սիրում ենք, որ մեզ ծափահարեն ու համախմբվեն մեր շուրջը: Եվ այս ամենը տեսնելով, հասարակությունը հուսահատվում է հայ մտավորականից ու հայ քաղաքական գործչից և դառնում հարմարվողական:
Քանի որ այս ամենի մեղքը հայ մտավորականինն ու հայ քաղաքական գործչինն է, ապա իրենք էլ պարտավոր են ետ կանգնել իրենց փառասիրական մանկամտությունից և հանուն մեր վիրավոր Հայրենիքի փրկության՝ միմյանց հետ համախմբվելու համեստություն ունենան: