Շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի համատեղ այցերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ։
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը հանդիպել են Կոտայքի մարզում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ:
Ծաղկաձոր խոշորացված համայնքի հանգստյան տներից մեկում այս պահին բնակվում է բռնի տեղահանված 105 անձ, այդ թվում՝ 40 երեխա:
Կարդացեք նաև
Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ. Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անձինք ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։ Անդրադարձ է կատարվել կենսաթոշակների, պետական նպաստների վճարման հետ կապված հարցերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։
Բացի այդ, Պաշտպանն այցելել է նաև բռնի տեղահանված անձանց` Ծաղկաձորի ԵՊՀ «Համալսարան» հյուրանոցում տեղակայված ժամանակավոր կացարան, որտեղ այս պահին գտնվում է բռնի տեղահանված 167 անձ, այդ թվում՝ 44 երեխա:
Պաշտպանը տեղում ուսումնասիրել է բռնի տեղահանված հայրենակիցների պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։
Պաշտպանը բռնի տեղահանված անձանց հետ ունեցել է խորհրդապահական առանձնազրույցներ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները։
Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան