Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ խոսում ենք Ադրբեջան մարդատար մեքենաներով մտնելու մասին». Խանդանյանը՝ Զանգեզուր մարդատարներով մտնելու Ալիեւի սպառնալիքի մասին

Հոկտեմբեր 18,2023 19:30

Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո մեկնաբանություններ կան, որ նա Ուկրաինայի նախագահի ճանապարհով է գնում, արդյոք վեկտորի փոփոխություն կա՞. այսօր ԱԺ-ում լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասաց. «Ոչ, վեկտորի փոփոխության հարց չկա, որովհետեւ վեկտորն ուղղված է դեպի ՀՀ անկախության ու ինքնիշխանության ապահովում: Վեկտորը մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովումն է»:

Հարցին՝ Հայաստանի արտաքին կողմնորոշումը ո՞րն է՝ նա կրկնեց. «Այնպիսի արտաքին քաղաքականության իրականացումը, որը կապահովի ՀՀ անվտանգությունը, անկախությունը ինքնիշխանությունը»: Թե ով պետք է դա ապահովի՝ ՌԴ-ն, թե՞ Արեւմուտքը՝ Խանդանյանը պատասխանեց. «Առաջին հերթին ՀՀ զինված ուժերը, երբ խոսքը վերաբերում է անվտանգության ապահովմանը եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը եւ այն բոլոր գործընկերների հետ հարաբերությունների խորացումը, որոնք կիսում են, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը անսասան պետք է մնա, ՀՀ անկախությունը եւ ինքնիշխանությունը անսակարկելի արժեքներ են»: Նա վստահեցրեց, որ այժմ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի քննարկվում, իսկ Փաշինյանի ելույթում որեւէ սադրանք չկա:

Հարցին՝ խաղաղության օրակարգի շուրջ բանակցություններ են ընթանում, ի վերջո ո՞ր հարթակում է այդ հարցը շարունակվելու քննարկվել, գուցե Ալիեւը բոյկոտի արեւմտյան հարթակները՝ Խանդանյանը պատասխանեց. «Այստեղ կարեւոր է ոչ այնքան հարթակը, որքան Ալիեւի դիրքորոշման փոփոխությունը կամ այն սկզբունքների շուրջ, որով եղել են բանակցությունները, դրանց դետալավորված հաստատումը: Խոսքը վերաբերում է այս տարվա հուլիսին Բրյուսելի հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքներին, որոնք ՀՀ-ն իր կողմից վերահաստատել է: Այս սկզբունքների նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատումը հիմքեր կստեղծի հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար: Եվ երեկվա ելույթով վարչապետը մեր հանձնառության եւ այդ օրակարգին Հայաստանի հավատարմության մասին էր խոսում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ Ադրբեջանը սադրանքի է դիմում, արտաքին ուժերը Հայաստանում փորձում են դրածո կառավարություն ձեւավորել, ո՞ր արտաքին ուժի մասին է խոսքը՝ Խանդանյանը պատասխանեց. «Եթե ուշադիր լինեք օտարերկրյա ԶԼՄ-ներում հնչող բառապաշարին, օրինակ, ՌԴ պետական ալիքներում շատ ակտիվ գործունեություն ծավալող որոշ լրագրողների ու փորձագետների արտահայտած մտքերին, ապա կլսեք, որ ժողովրդին կոչ են անում դուրս գալ փողոց, փոխել իշխանություններին: Սա մի օրինակն է դրանցից: Պետք  ուղղակի ուշադիր լինել ու նայել, թե ինչպիսի ազդակներ կան»:

Ալիեւը հայտարարել էր, որ Զանգեզուր՝ Սյունիք իրենք կմտնեն մարդատար մեքենաներով, հարցին՝ Ադրբեջանի հետ ո՞նց եք խոսում խաղաղության գնալու մասին՝ Սարգիս Խանդանյանը պատասխանեց. «Մենք էլ խոսում ենք Ադրբեջան մարդատար մեքենաներով մտնելու մասին եւ ապաշրջափակման ողջ օրակարգը սրա մասին է, որ բեռնատար, մարդատար մեքենաներով մենք կարողանանք Ադրբեջանի տարածքով գնանք, օրինակ, Ռուսաստան եւ Ադրբեջանը մարդատար, բեռնատար մեքենաներով, անցնելով բոլոր սահմանային ստուգումները, կարողանա գնալ Նախիջեւան եւ Թուրքիա»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականությունը չի ճանաչում Խանդանյանն արձագանքեց, որ հենց դա է պատճառը, որ այդ գործընթացը դանդաղում է. «Երբ Ադրբեջանը հավատարմություն հայտնի երեք սկզբունքներին, այդ թվում՝ թվային էկվիվալենտով ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմանը, խնդիրների մի մասը կարող ենք լուծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031