Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպի ու մարզադպրոցի շուրջ ծավալված կրքերի մասին․ Ախուրյանի համայնքապետի պարզաբանումը

Հոկտեմբեր 18,2023 19:03

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ախուրյան համայնքում լարված իրավիճակ է ստեղծվել Ախուրյանի համալիր մարզադպրոցը,  գրադարանը և « Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու և «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին ավագանու՝ օգոստոսի 29-ին կայացրած որոշումից հետո։

Ախուրյանի համալիր մարզադպրոցի անձնակազմը, դեմ լինելով այս որոշմանը, գրություններ է հղել թե՛ Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանին, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և թե՛ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Նրանք խնդրել են վերանայել այն, քանի որ մարզադպրոցը կայացած կառույց է, իդեալական վիճակում է, ապահովված է գույքով, ջեռուցման համակարգով, Ախուրյանում միակն է, ուստիև թույլ չեն տա այն «քանդելու»։

Կրքերն այնքան են բորբոքվել, որ այս հարցի շուրջ  ծագած վիճաբանությունը տեղափոխվել է իրավապահների տիրույթ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Ախուրյանի համայնքապետարանի դիմաց Լևոն և Արման Գեղամյանները  վիճաբանել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և համայնքապետի տեղակալ Կարեն Սերգոյանի հետ, որի ընթացքում Լևոն Գեղամյանը ձեռքերով հարվածներ է հասցրել այս երկու պաշտոնյաներին։

Լևոն Գեղամյանն Ախուրյանի համալիր մարզադպրոցի տնօրենն է, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է, Արման Գեղամյանը նրա եղբայրն է՝ Ախուրյանի համայնքապետարանի սպորտբաժնի համակարգողը։

Դեպքին, ըստ ոստիկանության տվյալների, ականատես են եղել Ախուրյանի համայնքապետարանում հավաքարար աշխատող Քրիստինե Հովհաննիսյանը և Անահիտ  Իգիթյանը։ Զավեն Մանուկյանը և Կարեն Սերգոյանը ոստիկանություն չեն դիմել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:

Aravot.am-ը այս թեմայի շուրջ լսել էր Ախուրյանի համալիր մարզադպրոցի տնօրեն Լևոն Գեղամյանի պարզաբանումը, որը նշել էր, թե որևէ լուրջ միջադեպ չի եղել, համայնքապետարանի դիմաց տեսել է համայնքապետին, նրա հետ զրույցի բռնվել իրեն հետաքրքրող թեմայի՝  մարզադպրոցը չլուծարելու ու չօպտիմալացնելու մասին։

Այսօր Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց նաև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Նա նշեց, որ  երեք ՀՈԱԿ-ներ՝ Ախուրյանի համալիր մարզադպրոցը,  գրադարանը և « Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու և «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու որոշումը միանձնյա չէ, այն  եղել է կոլեգիալ, քննարկումների արդյունքում։

Ըստ Զավեն Մանուկյանի, ՀՈԱԿ-ներից երկուսը՝ գրադարանն ու արվեստի դպրոցը նույն շենքում են գործում, իսկ  մարզադպրոցը 100 մետր հեռավորության վրա է։

Ախուրյանի համայնքապետը վստահեցնում է՝ «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» ստեղծելով՝ այդ երեք կառույցների ո՛չ կանոնադրության կարևոր դրույթները, ո՛չ էլ գործառույթներն են փոխում։

Իրենք հաշվարկ են կատարել, ըստ որի՝ երեք ՀՈԱԿ-ների միավորմամբ համայնքը կխնայի մոտ 34 միլիոն դրամ։

«Այնպես չէ, որ թաքուն կամ անօրինական գործողություն ենք անում, կան ավագանու նիստերը, որտեղ քննարկումներ են եղել, եթեր են հեռարձակվել։ Ի վերջո, բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու, մարզադպրոցի սաների համար բացարձակ ոչինչ չի փոխվի։

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե վարչապետին սխալ ենք ներկայացրել, դա այդպես չէ։ Վարչապետը մտել է մարզադպրոց, որտեղ ես ասել եմ՝ երեք ՀՈԱԿ-ներ միավորելու ենք։

Ես չեմ ասել, թե երեք մարզադպրոցներ ենք միավորելու, ինչպես որ փորձում են ներկայացնել, այլ ասել եմ ՀՈԱԿ-ներ։ Վարչապետը մարզադպրոցում ՀՈԱԿ հապավումը մեկնաբանեց՝ նշելով, որ համայնքի որոշելիքն է դա։ Նորից եմ կրկնում՝ ոչ մի անօրինական գործողություն չենք անում։

Եվ երբ նշում են, թե ես ընտրված համայնքապետ չեմ, ինձ համար այս խոսքերն աբսուրդ են, լավ գիտեն, որ ես հակաօրենսդրական ոչինչ չեմ արել», -ասաց համայնքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031