Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախից բռնագաղթած անձինք օգտվում են պետական պատվերի ամենալայն շրջանակից»․ Անահիտ Ավանեսյան

Հոկտեմբեր 18,2023 18:40

Արցախից Հայաստան բռնագաղթած մոտ 25 հազար քաղաքացի արդեն կցագրվել է առաջնային բժշկական հաստատություններում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ մոբիլ թիմերն այս ուղղությամբ աշխատանքը շարունակում են, մարդկանց կցագրում են տարածքային պոլիկլինիկաներին։ Արցախից բռնագաղթած անձինք եւ հիվանդանոցային, եւ պոլիկլինիկական համակարգում օգտվում են պետական պատվերի ամենալայն շրջանակից։ Բայց հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն ստանալու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է ուղեգրում ստանալ, այսինքն՝ կարեւոր է գնալ ու կցագրվել մոտակա պոլիկլինիկայում։

«Այսօր էլ մեր մոբիլ թիմերը շրջում են եւ նախ իրականացնում են հաշվառում, կցագրում են մոտ պոլիկլինիկայում ու ամբուլատորիայում։ Կարեւոր չէ, որ անձը ժամանակավոր է տվյալ վայրում, նա կարող է կցագրվել, հետո շատ հեշտ փոխել իր պոլիկլինիկան ու շարունակել անխոչընդոտ ստանալ բոլոր ծառայությունները։ Մենք հրատապ կերպով հաշվառել ենք նաեւ հղի կանանց եւ պետք է ամեն ինչ անենք նրանց հղիության հսկողությունը պատշաճ կազմակերպելու, հետո արդեն ծննդօգնությունը կազմակերպելու մասով։ Արդեն 50-ից ավելի բալիկ են ունեցել Արցախից բռնագաղթած կանայք»,- ասաց նա։

Անդրադառնալով Ստեփանակերտի պայթյունի հետեւանքով բուժօգնություն ստացող արցախցիներին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պայթյունի հետեւանքները եղել են մեծ, մարդու առողջության վրա ազդեցությունը եղել է շատ խիստ։ «Եվ մեծամասամբ 50 տոկոսից ավելի այրվածքների մասին է խոսք գնում։ Գիտեք, որ 30 տոկոսն արդեն համարվում է շատ վտանգավոր այրվածքի ծավալ։ Մենք ունեինք դեպքեր, որ մեծամասամբ խոսքը գնում էր 80-90 տոկոս այրվածքների մասին։

Պետք է խոսենք ոչ միայն արտաքին այրվածքների, այլ նաեւ շնչուղիների, քանի որ բենզինի այրման պարագայում այդ տոկսիկ նյութերը վատթարացնում են իրավիճակը։ Մենք նաեւ ունեինք խնդիր, որ այս անձինք 10 ամիս գտնվել են շրջափակման մեջ եւ ունեին թերսնման, ջրազրկման խնդիր։ Եվ այսպիսի այրվածքները բերում են օրգան համակարգերի ընդհանուր ախտահարման եւ շատ լուրջ խնդիրների։ Մեր այրվածքանբաններն աշխատում են վերակենդանացման եւ այլ բաժանմունքների մասնագետների հետ համատեղ՝ ապահովելու մեր պացիենտների ապաքինումը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա հավելեց, որ Հայաստանի հիվանդանոցների մասնագիտական եւ այլ պայմանները բավարար են՝ այս պացիենտների պատշաճ խնամքն ապահովելու համար։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031