«Գործընթացը ես դիտարկում եմ որպես մեր դիվանագիտության խայտառակ ձախողում։ Չի կարող չհայեցակարգված, դոկտրին չունեցող դիվանագիտությունը հաջողություն բերել երկրին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
Նրա խոսքով՝ այսօր Փաշինյանը կարող է հանդես գալ որպես ռուսամետ, հաջորդ օրը՝ արեւմտամետ։ «Այս ձեւով մենք կկորցնենք թե մեր հնարավոր բարեկամներին, թե կստեղծենք տպավորություն, որ արտաքին քաղաքականությամբ ենք զբաղվում, բայց իրականում մեր հիմնական ազգային պետական շահերը օրակարգ չեն բերվում եւ դրան համապատասխան քայլեր չեն կատարվում»,- ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ Ալիեւն Արեւմուտքում ստացավ Արցախի հայաթափումը, հիմա ստանում է այն 5 հարցերի լուծումը, որոնք մարտահրավեր են Հայաստանի համար։ Եվ այդ հարցերի հստակ լուծման ծրագիր այսօրվա իշխանությունները չունեն։ «Առաջինը դա սահմանազատում-սահմանագծումն է, որը պետք է կատարվի, ըստ էության, Ադրբեջանի պահանջներով։ Ադրբեջանը չի զիջում անգամ մեկ թիզ։ Այսինքն՝ Ադրբեջանի պայմաններում սահմանազատում-սահմանագծումը բերելու է մեր տարածքային ամբողջականության նկատմամբ լրջագույն սպառնալիքի։
Անկլավների հարց, որը բերելու է մեր ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության կորստի։
Կարդացեք նաև
Միջանցք, անունը միջանցք չեն դնում, բայց դրան է տանում ամբողջ հարցը։
Մյուս հարցն այն է, որ երբ մենք հայտարարեցինք, որ Ադրբեջանը Արցախի մաս է, դրանով մենք դիտվում ենք պատասխանատուն այն ամենի, ինչ 1988 թվականից տեղի է ունեցել։ Ադրբեջանը մեզ ներկայացնելով որպես ագրեսոր՝ մեր առաջ դնելու է հստակ փոխհատուցման՝ ռեպարացիայի պահանջ։ Այսօր արդեն Ադրբեջանը խոսում է 100 մլրդ դոլարի մասին։ Այսինքն՝ մենք պետք է աշխատենք, տանք մեր թշնամուն։ և, վերջապես, հինգերորդ, այսպես կոչված փախստականների վերադարձ։ Ալիեւն ասում է՝ մենք տանկերով չենք գալու, գալու ենք մեր մարդատար մեքենաներով։ Այո, հենց այդպես էլ լինելու է։ Այսինքն՝ այդքանը գալու են Հայաստան, հետո ձեռք են բերելու ընտրություններին մասնակցելու իրավունք եւ ընտրելու են Ազգային ժողով, որի անունը փոխվելու է դառնա Միլի մեջլիս-2։ Այս հարցերը մենք պետք է լուծենք, բայց մենք այսօր Արեւմուտք-Ռուսաստան բախման տարածքի մեջ ենք հայտնվել»,- ասաց Ռուստամյանը։
Նա նշեց, որ կուլիսներում ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերում, այս իշխանությունների օրոք բանավոր պայմանավորվածություններ են լինում, ինչը հակասահմանադրական է։ «Ես չգիտեմ, թե իրենք այնտեղ ինչ են պայմանավորվել։ Դրանցից մի քանիսը բացահայտվում է, երբ Պուտինն ասում է՝ ես ի՞նչ անեմ, երբ Ալիեւը գալիս ասում է՝ դուք տեղյա՞կ եք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Մենք խոսում ենք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի մասին։ Այդ կապիտուլյացիոն պայմանագրի բոլոր կետերն, ըստ էության, կատարվել են ի օգուտ Ադրբեջանի, մնացել է 9-րդ կետը։ Այդ 9-րդ կետից Հայաստանի իշխանություններն ինչպե՞ս են ազատվելու։ Ասելու են՝ դրել ես ստորագրություն, որ Ռուսաստանը պետք է վերահսկի ճանապարհը, այսինքն՝ ստացվում է, որ արտատարածքային միջանցք չէ, բայց քո վերահսկողությունից դուրս է։ Այսինքն՝ մենք 9-րդ կետի պահանջների տակից դեռ դուրս չենք եկել»,- ընդգծեց նա։
Պատգամավորը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին այնտեղ ծափ տվեցին, նրանից առաջ ծափ տվեցին Զելենսկուն։ «Այսինքն՝ իսկապես ստացվում է, որ այս տարածաշրջանում նրանք տեսնում ենք նոր Զելենսկի՝ դրանից բխող բոլոր տխուր հետեւանքներով մեզ համար»,- ընդգծեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ