«Մենք ներկայացրինք միջնորդություն դռնբաց ռեժիմով դատական նիստ անցկացնելու վերաբերյալ»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստի վերաբերյալ։
Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ իրենց միջնորդությունը դատարանը մերժել է․ «Հստակ հիմնավորմամբ նշեցինք, որ տվյալ պարագայում արդարադատության շահի ոտնահարման, դրանով պայմանավորված նախաքննության գաղտնիքի հրապարակման խնդիր չունենք, ապացույցների առավելագույն մասը հասարակության համար հասանելի է եղել։ Նշեցինք, որ այս գործն ունի հանրային հնչեղություն, և ուզում ենք, որ հասարակությունը ներկա լինի ու տեսնի՝ դատավարության ընթացքում ինչ է տեղի ունենում, որ դատարանն էլ արդարադատության տեսանելիության հետ կապված խնդիր չունի։ Դատարանն առհասարակ թույլ չէր տալիս միջնորդությունը լիարժեք ներկայացնենք, հայտարարություն անենք, առարկենք դատարանի անօրինական գործողություններին։ Անհասկանալի բան էր տեղի ունենում նիստին։ Արդյունքում դատարանը մեր միջնորդությունը մերժեց, ինչը, բնականաբար, իրավաչափ չէ։ Նույնիսկ չներկայացրեց պատճառաբանություն, թե ինչու է մերժում և կայացրեց ձևական առումով այդ որոշումը»։
Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է դատարանին ինքնաբացարկի միջնորդություն․ «Դատարանը չի կարող օրինական հանդես գալ՝ որպես այդպիսին, որի պատճառը հենց այն է, որ նախկինում Մասիս Մելքոնյանը եղել է քաղաքական դերակատար և բազմիցս իր բացասական վերաբերմունքն արտահայտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ մասնավորապես դատապարտելով նրա գործողությունները, կայացրած որոշումները՝ նշելով, որ պարոն Քոչարյանը հենց դրա համար էլ պատժվեց։ Ենթադրվում է, որ էդ պատժվեց ասելով՝ նկատի է ունեցել պարոն Քոչարյանի նկատմամբ հարուցված հետագայում ապօրինի քրեական հետապնդումը։ Սահմանադրական դատարանը դա արձանագրեց։ Ասում ենք՝ նման պայմաններում, եթե դու ունես բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, երրորդ անձի մոտ չես կարող անկողմնակալ երևալ իր որդու միջնորդության քննարկման վերաբերյալ»։
Էրիկ Ալեքսանյանը նաև հավելեց․ «Քանի որ նախորդ միջնորդության քննության շրջանակներում պարոն Մելքոնյանը մեր ինքնաբացարկի միջնորդությունը մերժել էր, նշել էր, որ անկողմնակալ է․ ի վերջո՝ դատավոր դառնալուց առաջ երդվել է, որ պիտի լինի անկողմնակալ, բնականաբար, այս պատճառաբանությունը իրավունքի հետ կապ չունի․ յուրաքանչյուր դատավոր էլ երդվում է։ Եթե առաջնորդվենք այդ կանխավարկածով, ինքնաբացարկի ինստիտուտն ինչի՞ համար է։ Ի վերջո, երդումը վերաբերում է պահպանել Սահմանադրությունը և օրենքները։ Ներկայում Ավանի նստավայրը հերթապահ դատարան չէ, իսկ ԲԴԽ որոշում կա՝ ըստ որի՝ միջնորդությունները կալանքի քննարկում են անհապաղ և հերթապահ դատարանը։ Հերթապահ դատարանը Կենտրոնի նստավայրն է։ Ինչպե՞ս է ստացվում, որ դուք, հերթապահ դատարան չհանդիսանալով, այս միջնորդությունը ևս մեկ անգամ մակագրվել է ձեզ։ Սա ինքնաբացարկի կասկածելիությունը ստեղծելու ևս մեկ հանգամանք է։ Որևէ բացատրություն չլսեցինք։ Պարոն Վարդևանյանը նշեց, որ մենք լավ գիտենք՝ կա ներքին պայմանավորվածություն, որ ով ի սկզբանե քննել է կալանքը, նա էլ պիտի երկարացումը քննի։ Դու երդում ես տալիս պահպանել օրենքը և Սահմանադրությունը, հիմա օրենքով և Սահմանադրությամբ չկա նման դրույթ, որ եթե նախորդ կալանքի միջնորդությունը քննարկել է մի դատավոր, ուրեմն երկրորդ կալանքինը ևս նույնը քննարկի։ Դու երդվել ես ոչ թե ներքին պայմանավորվածությանը, այլ դու երդվել ես օրենքին ու Սահմանադրությանը։ Օրենքն ասում է, որ պետք է հերթապահ դատարանը քննարկի։ Ստացվում է, որ դու նաև քո երդումից ես շեղվում։ Երդվել ես օրենք պահպանել ու Սահմանադրություն, բայց պահում ես ներքին պայմանավորվածությունը։ Կազուսային իրավիճակ, իրավաբանության հետ աղերս չունեցող երևույթներ են տեղի ունենում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ