Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված 14848 աշակերտ Հայաստանում դպրոց է հաճախում, ՀՀ-ում ապաստան գտած ուսուցիչների թիվը 1500 է

Հոկտեմբեր 18,2023 17:40

«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 14848 աշակերտներ արդեն իսկ գրանցված են մեր դպրոցներում եւ հաճախում են դասերի: Բաշխվածությունը հետեւյալն է՝ Երեւանում ունենք 4675 սովորող, Արագածոտնում՝ 707, Արարատում՝ 2068, Արմավիրում՝ 1290, Գեղարքունիքում՝ 712, Լոռիում՝ 883, Կոտայքում՝ 2514, Շիրակում՝ 631, Սյունիքում՝ 581, Վայոց Ձորում՝ 322 եւ Տավուշում՝ 456 աշակերտ»,- Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների մասին խոսելիս՝ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով. «Մի փոքր դանդաղել է երեխաների գրանցումը դպրոցներում, ինչը թերեւս պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն իսկ գործարկվել է վարձակալության ծրագիրը, եւ մարդիկ, կարծում եմ այս պահին միջնաժամկետ կացարանի փնտրտուքով են զբաղված, որով էլ պայմանավորում են իրենց երեխաների դպրոց գնալը:

Պետք է հորդորեմ մեր բոլոր հայրենակիցներին առաջին իսկ հնարավորության պարագայում դպրոց դիմել, որովհետեւ անկախ հետագա տեղաշարժի փոփոխություններից՝ ամեն օրը երեխայի՝ կրթությունից դուրս մնալու օր է, հետեւաբար պետք է մտածենք նրանց կրթության գործընթացի շարունակականության մասին»:

Ինչ վերաբերվում է կրթության մյուս մակարդակներին, այս մասին էլ Ժաննա Անդրեասյանը հայտնեց. «Արդեն իսկ ունենք ավելի քան 1000 դիմորդ, որոնք դիմել են մեր քոլեջներ եւ ուսումնարաններ: Հիմնականում դիմել են Երեւան քաղաքում գործող ուսումնական հաստատություններ, մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի մարզի ուսումնական հաստատություններ դիմած քոլեջների ու ուսումնարանների ուսանողները:

Մեր տպավորությամբ՝ այս պահին այս համակարգի ուսանողների շուրջ 45-50 տոկոսը արդեն իսկ դիմել է իր կրթության շարունակության համար:

Բուհական մակարդակում շուրջ 1155 ուսանողներ ունենք, որոնք արդեն հաշվառվել են, ՀՀ պետական բուհերում եւ դրանց մասնաճյուղերում, սա նույնպես գրեթե 50 տոկոսն է կազմում: Նախորդ կառավարության նիստին ընդունվել էր կրթաթոշակի ծրագիրը, որով թե քոլեջների, ուսումնարանների, թե բուհերի ուսանողները կրթաթոշակով իրենց ուսման վարձի փոխհատուցման հնարավորություն են ստանում»:

Նախարարը խոսելով ուսուցիչների մասին, ասաց, որ հոկտեմբերի 16-ից գործում է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը: Այնտեղ գրանցվելով՝ արցախցի ուսուցիչները կարող են մուտք գործել համակարգ, որտեղ հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը: Ըստ նախարարի, եթե հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ, այս պահին այդ թիվն արդեն 1341 է: Ժաննա Անդրեասյանն ասաց, որ Արցախից շուրջ 1500 ուսուցիչ գտնվում է Հայաստանում, եւ իր համոզմամբ, գրեթե բոլորը այդ հարթակի միջոցով կկարողանան աշխատանք գտնել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031