ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված Միխայիլ Սահակաշվիլու բաց նամակին եւ դրանում տեղ գտած հորդորներին ու խորհուրդներին՝ ասաց, որ եթե մեկը հոգեբուժարանից խորհուրդներ է տալիս որեւէ մարդու, արդյունքը լինելու է այն, որ նրա խորհրդին հետեւողը հայտնվելու է հոգեբուժարանում:
«Մենք ընդհանրապես պետք է այս իրավիճակում հասկանանք՝ մեզ ինչ է պետք, ինչի կարիք ունենք: Մենք կարիք ունենք սեփական անվտանգությունը ապահովելու, պաշտպանությունը կազմակերպելու, հրատապ անհրաժեշտություն ունենք պատրաստվելու Ադրբեջանի հաջորդ հարձակմանը, որով սպառնում է մեզ անընդհատ: Այս պարագայում Սահակաշվիլուն լսելը, նամակներին, հորդորներին հետեւելը եւ եվրոպական խորհրդարանում ծափողջույնները որեւէ մեկին չեն կարող օգնել: Ինձ թվում է, որ ձեւակերպված պահանջ կա. հանձնիր երկիրդ՝ արժանացիր ծափողջույնների եվրոպական խորհրդարանում: Մենք տեսել ենք, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, որոնք, այսպես ասած, բարոյական աջակցություն են ստանում այս տեսքով, իսկ այդ երկրները հայտնվում են բախումների կիզակետում: Այդտեղ բոլոր կարողանում են այս կամ այն կերպ իրենց օգուտը քաղել, բացի այն երկրից, որի տարածքում տեղի է ունենում այդ բախումը:
Մենք պիտի հասկանանք, որ արդեն հայտնվել ենք այդ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում ու հաջորդ քայլը կարող է լինել այն, որ այստեղ բախվեն տարբեր ուժերը: Ես վստահ եմ, որ այս իշխանությունները այդ ճանապարհով են տանում և դրա օրինակներից է Սահակաշվիլին: Ի դեպ, Վրաստանը հիմա հետ է գալիս այն ճանապարհից, որին տարել է Սահակաշվիլին: Եվ ընդհանրապես, մենք վազում ենք մի տեղ, որտեղից երկրները վաղուց արդեն հետ են գալիս: Մենք տեսնում ենք, որ հատկապես ինքնիշխան երկրները առաջնորդվում են սեփական շահերով: Որեւէ մեկը ինձ կբացատրի՞, թե Սահակաշվիլուն հետեւելու մեջ որն է մեր շահը, Հայաստանի սովորական քաղաքացու շահը: Հիմա հայ մարդուն պետք է անվտանգություն: Եվ ինչպես Սահակաշվիլին չկարողացավ ապահովել իր երկրի շահը, այդպես էլ Նիկոլ Փաշինյանը արդեն հինգ տարի մեզ ցույց է տալիս, որ ունակ չի եւ չի էլ ցանկանում ապահովել մեր անվտանգությունը: Եվրոպական խորհրդարանում ծափողջույնների փոխարեն մեզ պետք են դաշնակիցներ: Մեզ անհրաժեշտ է զենք, մեզ անհրաժեշտ է բանակ»,-ասաց դաշնակցական պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ