Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը կանդամակցի ամենամեծ բնապահպանական կառույցներից մեկին. Տիգրան Ավինյանն ընդունել է ICENCA հյուրերին

Հոկտեմբեր 18,2023 17:09

Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել անդամակցելու ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից մեկին՝ Բնության պահպանության միջազգային միությանը (ԲՊՄՄ/IUCN)։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանում անցկացվող ԲՊՄՄ համայնքի (ICENCA) հանդիպման մասնակիցները ջերմ ընդունելության են արժանացել Երևանի պատմության թանգարանում, որտեղ նրանց ողջունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բարի գալուստ Երևան, սիրելի հյուրեր։ Մենք իսկապես ուրախ ենք անդամակցելու ԲՊՄՄ-ին, մենք գիտակցում ենք արժեքը, որն իրենից ներկայացնում է այն։ Երեք տարի աշխատելով Կառավարությունում, ես լավ գիտեմ, թե Երևանը որքան խորությամբ է ներգրավված բնապահպանական ծրագրերում և ինչ աշխատանքներ են իրականացվում։ Մենք ցանկանում ենք ոչ միայն ֆորմալ առումով միանալ այս թիմին, այլև քայլ առ քայլ գնալ դեպի ավելի կանաչ ապագա»,- իր ելույթում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետարանի բնապահպանական վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը ևս ընդգծել է ԲՊՄՄ անդամակցության կարևորությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա ձևավորել ռազմավարություն, զարգացնել Քաղաքապետարանի փորձագիտական և փորձի փոխանակման կարողությունները։ Նա ասել է. «Այժմ մենք աշխատում ենք Երևանի ամենասքանչելի հատվածներից մեկը՝ Հրազդանի կիրճը հատուկ պահպանվող տարածք դարձնելու ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանը պետք է ստանձնի պատասխանատվություն և կառուցի մեր ապագան կայուն զարգացման շուրջ»։

ICENCA համանախագահ Քրիս Մեհոնը և ԲՊՄՄ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգը մեծ սիրով ողջունել են Քաղաքապետարանի ցանկությունը անդամակցելու ԲՊՄՄ-ը՝ մաղթելով հաջողություն և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Քրիս Մեհոնը սիրով հրավիրել է Քաղաքապետարանի պատվիրակությանը մասնակցելու ԲՊՄՄ տարածքային բնապահպանական ֆորումին, որը տեղի կունենա հաջորդ տարի՝ 2024-ին։ Բորիս Էրգը կարևորել է նախաձեռնությունը նաև այն կայուն ապագայի տեսանկյունից, որին ցանկանում է հասնել Երևանը։

FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, որպես ԲՊՄՄ անդամակցող կառույցի ղեկավար և համակարգող պատրաստակամություն է հայտնել աջակցելու Քաղաքապետարանին. «Ոչ միայն ես, այլև ԲՊՄՄ ընտանիքը, որը գտնվում է այստեղ մեզ հետ»,- ասել է նա։

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Հոկտեմբերի 17-ին համաժողովի մասնակիցների խումբը եղել է Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն, ինչպես նաև շրջել է Գոռավանի ավազուտների արգելավայրում։ Մասնակիցների համար Հայաստանի կենսաբազմազանությունը շատ հետաքրքիր և ուշադրության արժանի է եղել։

ԲՊՄՄ մասին. դեռևս 1948թ.-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։  Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄ-ն կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031