Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանից գալիս էի Հայաստան, ինձ 3 հոգի հորդորեցին բեռնախցիկը բացել». Թունյանը բողոքեց մաքսավորներից

Հոկտեմբեր 18,2023 17:20

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը ներկայացրեց «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է, որ մաքսային կանոնների խախտման համար մարդուն, տնտեսվարողին մաքսավորները կարող են ձերբակալել: Խոսքը վարչական ձերբակալման մասին է: Գործող օրենքով դա կարող էին անել, եթե անձի ինքնությունը պարզված չի, ձերբակալում են՝ մինչեւ պարզեն, ճշգրտեն: Արթուր Մանուկյանն ասաց, որ մաքսային գոտում հայտնված ցանկացած մարդու ինքնությունը պարզ է, անձը հաստատող փաստաթուղթ են ցույց տալիս, հետեւաբար չէին կարողանում որեւէ մեկին ձերբակալել:

Կառավարությունը նաեւ կսահմանի մաքսային հսկողության գոտում վարքագծի կանոնները, դրանք խախտելու համար կլինի պատասխանատվություն, առաջին խախտման համար՝ նախազգուշացում, երկրորդ խախտման համար կլինի 200 հազար դրամ տուգանք:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ մաքսազերծում իրականացնողը կարող է իր հայեցողությամբ վարչական ձերբակալություն կիրառի, որովհետեւ անորոշ ձեւակերպումներ են. «Ով դուրը չգա մաքսային մարմնի, կարող է ենթարկվել ձերբակալման»:

Նա հետաքրքրվեց, թե ի՞նչն է հիմա հանդիսացել այս նախագծի՝ մարդիկ ավելի ագրեսի՞վ են դարձել, խոչընդոտո՞ւմ են մաքսավորների աշխատանքը, թույլ չե՞ն տալիս սահմանը հատող բեռները ստուգել պատշաճ. «Ես չեմ լսել ագրեսիվության մասին, որ մարդիկ մտնում են, չարություն են անում, չեն թողնում մաքսավորն աշխատի: Կա՞ այդպիսի վիճակագրություն, որ այնպիսի վիճակ է՝ մարդկանց պիտի ձերբակալեն: Եվ հետո մաքսային ծառայողն էլ կարող է խնդիրներ հարուցի, բա ի՞նչ եք առաջարկում այդ իմաստով, որովհետեւ հարաբերությունների երկու կողմ կա, եթե մի կողմի համար խստացում եք բերում, մյուս կողմի ավելի կարգապահ աշխատանքի համար ի՞նչ եք անում: Թե՞ մտածում եք մաքսավոր է, ուրեմն ամեն ինչ իրեն կարելի է, իսկ քաղաքացուն կարելի է բռնել, ձերբակալել ու ասել՝ այդպես ենք ուզում, որովհետեւ այդքան հայեցողություն եք տալիս մաքսավորին»:

ՊԵԿ փոխնախագահը պատասխանեց, որ քաղաքացին կարող է կանոնները խախտի ու իր նկատմամբ որեւէ բան չեն կարողանում անել, որովհետեւ օրենքում գրված է՝ կարող ես ձերբակալել, եթե նույնականացված չի անձը: Ինչ վերաբերում է մաքսային ծառայողի գործողություններին, նա նույնպես կրում է պատասխանատվություն եւ օրենքում դա կա, ցանկացած քաղաքացի, որը դժգոհում է, կարող է դիմել եւ ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը կարող է հանցագործության մասին հաղորդում տալ կամ մաքսավորին աշխատանքից ազատել:

Թե ինչու են որոշել նման կարգավորում բերել՝ նա ասաց. «Օրինակ, ուղեբեռներով անձինք գալիս են այն ռիսկային գոտուց, որտեղ ենթադրվում է, որ կարող են լինել հայտագրման ենթակա, մաքսային հսկողության ապրանքներ: Քաղաքացիներին խնդրում ենք, որ տեղազննման անենք, ուղեբեռը բացի, դիտարկենք, շատ անախորժ վիճակներ են լինում, չեն թույլատրում»:

Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ եթե մաքսավորը կասկածներ ունի ու քաղաքացին բեռը չի բացում, կարող է չմաքսազերծել, թույլ չտալ մտնի ՀՀ սահման, դա կլինի պատիժ, բայց ոչ ձերբակալել:

Նիստը վարող ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը նույնպես մաքսավորներից տուժել էր. «Մենք անցյալ տարի կարգավորումներ ընդունեցինք, որով պիտի ՀՀ սահմանը հատող տնտեսվարողների կյանքը հեշտացնեինք: Մեր ընդհանուր մոտեցումն այն էր, որ պիտի մարդուն հնարավորինս քիչ պետական պաշտոնյաներ մոտենան ֆիզիկապես, ոչ թե ամեն քայլափոխի մեկը մոտենա. մեկը՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, մեկը՝ ՊԵԿ-ից, մեկը՝ ԱԱԾ-ից ու այսպես ամեն մեկն իր հերթին այս մարդու ժամանակն ու նյարդերը մաշեցնեն:

Մեկ հոգի պիտի մոտենա ու եթե լրացուցիչ ուսումնասիրելու կարիք կա, նոր անեն: Ես իմ սեփական փորձով եմ ասում, երբ մեկ ամիս առաջ Հայաստան-Վրաստան սահմանը հատում էի: Երբ Հայաստանից Վրաստան ես անցնում, քեզ մեկ հոգի է մոտենում, երբ հակառակ ուղղությամբ էի գալիս՝ Վրաստանից գալիս էի Հայաստան, ինձ 3 հոգի հորդորեցին բեռնախցիկը բացել:

Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ ինչն է պատճառը ու այդ մեր կարգավորումները վերջապես ե՞րբ են սկսելու աշխատել»:

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ արդեն մաքսային ձեւակերպումը կարող է օնլայն կատարվել, այն դեպքերում, երբ որոշակի ռիսկ կա, նույնիսկ այդ դեպքում տնտեսվարողի, բրոքերի հետ խոսելու են «չաթով»:

Ինչ վերաբերում է Թունյանին երեք անգամ բեռնախցիկը բացել տալուն, ՊԵԿ փոխնախագահը արձագանքեց, որ իսկապես պետք է այդպես չանեն. «Մի տեսուչ, երբ նշում անի, մնացած տեսուչները այլեւս չեն մոտենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031