Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին:
Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, մասնավորապես, նշել է.
«Շնորհակալ եմ, որ ներկա եք Փախստականների կարիքների արձագանքման ծրագրի մեկնարկին: Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից բախվել է փախստականության խնդիրներին և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ գործընկերների աջակցությամբ փորձել է անել հնարավորինը՝ օգնելու և թեթևացնելու այն մարդկանց կարիքները, որոնք ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն ու տունը, քանի որ վտանգված է եղել նրանց կյանքն ու ազատությունը:
ՄԱԿ-ը և բազմակողմ միջազգային համագործակցությունն ավանդապես հիմնված են մարդկային և հասարակական առաջընթացի թեզի վրա, սակայն երեք տասնամյակ հետո նման ծավալի հումանիտար ճգնաժամի բախվելն այլ մտորումների տեղիք է տալիս: Ցավոք, 2023թ. ընթացքում ՄԱԿ-ը չկարողացավ գործարկել իր վաղ արձագանքման համակարգը, չնայած, որ կային բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ամիսներ շարունակ կոպտորեն խախտվում են Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքները:
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շուրջ 10 ամիս գտնվեց շրջափակման մեջ՝ սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների, վառելիքի բացակայության պայմաններում: Դրան հետևեց ադրբեջանական զինված հարձակումը, որը թիրախավորեց քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Արդյունքում՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում բռնագաղթվեց Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը:
Հայաստանն ընդունեց 100.000-ից ավելի մարդ, որոնք լքել էին իրենց տները ժամերի ընթացքում՝ շատերը հնարավորություն չունենալով իրենց հետ վերցնել անգամ առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը: Շատերի մոտ առկա են առողջական, այդ թվում՝ հոգեբանական լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված վերջին ամիսներին բուժօգնության անհասանելիությամբ, թերսնմամբ և մշտապես վախի մթնոլորտում ապրելու հանգամանքով: 100-ից ավելի փախստական լուրջ ֆիզիկական խնդիրներ ունեն ռազմական ագրեսիայից հետո Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ցավոք, այս ողջ ընթացքում, չնայած Հայաստանի ջանքերին, հնարավոր չեղավ ապահովել տեղում ՄԱԿ կառույցների մուտքը: Ադրբեջանը թույլ տվեց սահմանափակ կարգավիճակով ՄԱԿ պատվիրակության այցը այն բանից հետո, երբ արդեն իսկ իրականացրել էր հայերի էթնիկ զտումը:
Այս պայմաններում առավել քան կարևոր է, որ ԼՂ փախստականները զգան՝ իրենք միայնակ և լքված չեն: Կարևոր է, որ նրանք զգան միջազգային աջակցության և համերաշխության ուժը:
Փախստականների համար պետք է գործարկվեն ոչ միայն կարճաժամկետ ծրագրեր, այլ պլանավորվեն նաև միջնաժամկետ աշխատանքներ, ապահովվեն կայուն կենսապայմաններ՝ լուծվեն նրանց կացության, կրթության, աշխատանքի տեղավորման և այլ հարցերը: Կարևոր է նաև նախապատրաստվել գալիք ձմռանը:
Այս առումով առավել քան արժեքավոր է աշխատանքների ճիշտ բաշխման և պատշաճ համակարգման խնդիրը: Կառավարության, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի առաջնորդությամբ ստեղծված Փախստականների համար հումանիտար համակարգման պլատֆորմը ճկուն արձագանքման մեխանիզմ է, որի նպատակն է հնարավորինս արագ և համակարգված լուծումներ տալ փախստականների խնդիրներին՝ սերտորեն համագործակցելով միջազգային գործընկերների հետ:
Ողջունելով Փախստականների կարիքների արձագանքման ծրագիրը՝ պետք է նշեմ, որ այն միտված է աջակցելու Հայաստանի կառավարության ջանքերին՝ հավասար կերպով օգտագործելով հումանիտար կազմակերպությունների, ՄԱԿ գործակալությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներուժը:
Կենտրոնանալով փախստականների պաշտպանության ապահովման և օգնության տրամադրման հարցերի՝ ֆինանսական օժանդակության, կեցության և այլ խնդիրների լուծման վրա՝ Ծրագիրը օժանդակելու է նաև հյուրընկալող համայնքներին՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին՝ երեխաներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ծերերին և այլն:
Փախստականների միջազգային պաշտպանությունը և աջակցությունը ենթադրում է նաև երկարաժամկետ լուծումներ, որոնք ներառում են նրանց կամավոր վերադարձի իրավունքի իրականացումը՝ անվտանգ, արժանապատիվ և ապահով կերպով, ինչպես դա սահմանված է միջազգային իրավունքով:
Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ ի դեմս պարոն Լըկլերկի և նրա գործընկերների շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ խնդիրը միջազգային ասպարեզում առաջմղելու և արդյունավետ համագործակցության համար»:
ՀՀ ԱԳՆ