Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին եւ Եվրամիության հետ հարաբերությունների հարցին։
«Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումները։ Մարդու իրավունքներ, երկրի տրանսֆորմացիա, դրան էր ուղղված CEPA պայմանագիրը, որն իրականում Ասոցացման պայմանագրի ավելի թեթեւ տարբերակն է։ Եվրամիությունը մնում է Հայաստանի բարեփոխման տեսանկյունից կարեւորագույն գործընկերը։ Եվ այս ուղերձը միայն հաստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել եւ ընդլայնել մեր հարաբերությունները Եվրամիության եւ անդամ երկրների հետ։ Դուք լսել եք ելույթը, թեեւ ակնհայտ է, որ մեր ու Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում որեւէ սենսացիոն նորություն չկար»,- ասաց նա։
Հարցին, որ Ռուսաստանում արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի ելույթը որակել են սադրիչ՝ ասելով, թե նա «բռնել է Զելենսկու ճանապարհը», ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Ես ծանոթ չեմ այդ հայտարարությանը, մանավանդ, որ այն անանուն է, հետեւաբար ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»:
Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում մեղքը բարդեց Ռուսաստանի վրա, Պարույր Հովհաննիսյանն ասաց․ «Խաղաղապահների հարցը երկրորդ մասում էր, առաջին մասում կար հիասթափություն դաշնակիցներից։ Այնտեղ նշված չէր, թե որ դաշնակցի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա այստեղ մեր հիասթափությունը շատ շարք գործողություններից բազմիցս արտահայտել ենք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ