Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացել ենք տեղեկատվություն, թե Համաձայնագրի որ դրույթների վերաբերյալ են գրանցվել խախտումներ». ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ ռուսական ալիքների մասին

Հոկտեմբեր 18,2023 15:52

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ միջկառավարական 2020թ դեկտեմբերի 30-ին կնքված պայմանագրի հիման վրա թույլատրվել է հանրային մուլտիպլեքսում 3 ռուսաստանյան ալիքի հեռարձակումը, եւ Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից երկու լիազոր մարմիններ են պատասխանատու են միջկառավարական համաձայնագրի կետերի կատարման համար, Հայաստանի կողմից դա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ)  նախարարությունն է, ՌԴ՝ կողմից Թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարությունը:

Ըստ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 8-րդ հոդվածի՝ կողմերի պետությունների լիազոր մարմինները տարին մեկ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ առավել հաճախ անցկացնում են խորհրդակցություններ համաձայնագրի շրջանակում համագործակցության ընթացիկ վիճակի, զարգացման ուղղությունների եւ հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ:

Aravot.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի անունով, խնդել էինք պատասխանել՝ 2020 թվականից առայսօր քանի խորհրդակցություն են անցկացրել, վերջին խորհրդակցությունը ե՞րբ է անցկացվել, երբեւէ միջկառավարական պայմանագրի խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ:

Նախարարությանն ուղղած հարցմամբ հետաքրքրվել էինք՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի սեպտեմբեր ամսվա մշտադիտարկման արդյունքներով ռուսական հեռուստաալիքներում թշնամանքի խոսք, ապատեղեկատվություն եւ պայմանագրի այլ խախտումներ են գրանցվել, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրե՞լ է այդ մասին ռուսական կողմին, եթե այո, ի՞նչ արձագանք է ստացվել: Հարցերից մեկն էլ այն մասին էր, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ՌԴ-ում Հանրայինի հեռարձակման խնդրով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել ենք հետեւյալ սեղմ պատասխանը, որտեղ նշված է.  «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համապատասխան հարցման արդյունքում ստացել է տեղեկատվություն, թե Համաձայնագրի որ դրույթների վերաբերյալ են գրանցվել խախտումներ: Նախարարությունը տեղյակ է բարձրացված խնդիրներից եւ քննարկվում/դիտարկվում են դրանց լուծման տարբերակները: Բարձրացված խնդիրների լուծման տարբերակները հստակեցնելուց հետո, ըստ անհրաժեշտության կնախաձեռնվի հանդիպում՝ նշված հարցերի օրակարգով»:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ Aravot.am-ին ուղարկած պատասխանում նաեւ նշվում է, որ Հայաստանի Հանրային հեռարձակողից Ռուսաստանում ունիվերսալ հեռարձակման լիցենզիա ստանալու հայտ նախարարությունը չի ստացել:

Նշենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թերի է պատասխանել Aravot.am-ի հարցումներին, մասնավորապես չի պատասխանել՝ 2020 թվականից առայսօր քանի խորհրդակցություն են անցկացրել, եւ վերջին խորհրդակցությունը ե՞րբ է անցկացվել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031