Հաղորդավարուհի Թինա Կանդելակին կրկին անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարմանն ադրբեջանական իշխանությունների կողմից։
«Մարդուն փաստացի գերի են վերցրել։ Բոլորս ենք հասկանում, որ Ռուբենը ոչ միայն հայ ժողովրդի ուժի խորհրդանիշն է, այլ նաև երկար ժամանակ եղել է Կովկասում ռուսական քաղաքականության հենասյուներից մեկը։ Իսկ Ադրբեջանի համար սա խորհրդանիշն է այն ամենի, ինչի դեմ արժեր պայքարել․ Հայաստանի անկախության, համառության, անսանձ էներգիայի դեմ։ Չեմ զարմանա, եթե Փաշինյանը և իրեն հավատարիմ հետախուզական ծառայությունների մի մասը ակտիվ դերակատարում է ունեցել Ռուբենի ձերբակալության գործում։ Նույն Փաշինյանը, որն ուղղակի Հայաստանի մի մասը նվիրեց Ադրբեջանին։ Վաճառեց, հրաժարվեց, անվանեք, ինչպես ուզում եք, բայց ինձ համար դա դավաճանություն է: Չի պաշտպանել, չի օգնել, նույնիսկ չի փորձել, վաճառել է: Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ հիմա. Ղարաբաղը հանձնեց, սկսեց մարդկանց հանձնել, հետո հանձնելու է իր հավա՞տը»,-գրել է Կանդելակին։
Մեկ այլ գրառման մեջ էլ Կանդելակին Փաշինյանին համեմատել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ «Փաշինյանը կավարտի իր վրացի գործընկեր Սաակաշվիլիի նման։ Լավագույն դեպքում նրան կմոռանան, վատագույն դեպքում նրան սպասում է մեկուսարան»,-գրել է Կանդելակին։