Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի առաջ տասը րոպեն իր աթոռի պաշտպանության մասին էր»․ Արծվիկ Մինասյան

Հոկտեմբեր 18,2023 14:59

«Սեպտեմբերի 19-20-ի դեպքերով 60 անձի ապօրինի ձերբակալությունից հետո այս պահին շուրջ 37 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում տարբեր ժամկետներով կալանքի ներքո»,-տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց՝ երբ նայում ես գործի նյութերին, մեծամասնության դեպքում բացարձակ որևէ հիմք չկա․ հիմնված են բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա․ «Իսկ դա միջազգային դատական ատյաններում համարվում է ոչ իրավաչափ։ Չկա փաստագրված ապացույց, որ որևէ կոնկրետ անձ բռնություն է գործադրել կամ կիրառել ոստիկանության աշխատակցի նկատմամբ։ Հակառակը, ունենք բազմաթիվ դեպքեր, երբ բազմագույն բերետները բռնություն ու դաժան վերաբերմունք են ցույց տալիս իրենց դժգոհությունն արտահայտող քաղաքացիների նկատմամբ, ու ոչ մի պատասխանատվություն այդ անձանց նկատմամբ։ Ամենավատ օրինակը Գեղամ Մանուկյանի նկատմամբ առողջական ծանր վնասվածքով դեպքն է։ Մինչ այսօր որևէ ձևով որևէ անձ ներգրավված չէ որևէ գործում»։

Լևոն Քոչարյանի գործի մասին ասաց․ «Սա արդեն ավանդույթ է դարձել այս իշխանությունների կողմից։ Թե′ Լևոն Քոչարյանի, թե′ նաև այս պահի դրությամբ 700 բերման ենթարկվածների մասով ուղղակի իրավական աննորմալություն է կատարվում։ Այստեղ իրավունք չկա, կա իշխանության կամքը և քաղաքական պատվերն ու դրա հլու հնազանդ կատարող իրավական համակարգ՝ քննչական մարմիններ, առանձին դատավորներ։ Ամենասարսափելին այն է, որ այս մարդիկ թքած ունեն սահմանադրության, իրավունքի, իրավունքի գերակայության սկզբունքի վրա։ Լևոն Քոչարյանի դեպքը նաև տեսախցիկների առաջ է տեղի ունենում՝ բռնություն անձի նկատմամբ։ Այս գլխիվայր շուռ տված մոտեցման նպատակն այն է, որ իշխանությունն ամեն գնով ամեն ջանք գործադրում է, փորձում է ցույց տալ, որ իր դեմը խաղ չկա, պատրաստ է անցնել բոլոր սահմանները և կիրառել ցանկացած մեթոդ, որ Նիկոլի աթոռին հանկարծ որևէ ձևով վտանգ չսպառնա»։

Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթից Արծվիկ Մինասյանն այսպիսի տպավորություն է ստացել․ «Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ելույթի առաջ տասը րոպեն իր աթոռի պաշտպանության մասին էր։ Նա անգամ չի էլ խորշում, չի էլ հասկանում, որ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող, վտանգող վարքագծով աշխարհին ծիծաղել է տալիս մեր ժողովրդի ու պետականության վրա։ Ի՞նչ ժողովրդավարություն։ Ու ամենավատն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը դիմել է միջազգային կառույցներին, բայց զրո արձագանք։ Այս մարդիկ հստակ դիրքորոշում ունեն․ նրանք պաշտպանում են Նիկոլին, որ նա կատարի միջազգային կենտրոնների հանձնարությունները, իսկ դրանք գտնվում են նաև թուրք-ադրբեջանական ուղղակի աջակցության տակ՝ ամենատարբեր դրսևորումներով։ Դիմակայելու հնարավորությունը մեր՝ ներազգային համերաշխությունն է և պատրաստ լինելը ամբողջ ճակատով պայքարել բոլոր թշնամիների դեմ»։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նույն հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հիբրիդային պատերազմի մեջ մեղադրում է ժողովրդի այն ըմբոստ հատվածին, որոնք համաձայն չեն իրենց պարտվողական, հանձնվողական քաղաքականության հետ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031