Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում ենք՝ արտահայտելու մեր համերաշխությունը: Սա հումանիտար ողբերգություն է. Լուիզ Մուշիկիվաբո. «Արմենպրես»

Հոկտեմբեր 18,2023 15:06

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել իր համերաշխությունը արտահայտելու  հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որն իր շուրջն է համախմբում 88 երկրի և կառավարության՝ 5 մայրցամաքներից: Հայաստանը մեզ համար այդ կազմակերպության շատ կարևոր անդամ է: Դրա համար էլ մենք այսօր այստեղ ենք, որ արտահայտենք մեր համերաշխությունը»,-ասաց Մուշիկիվաբոն:

Նա ընդգծեց՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, իրենք հատկապես հետաքրքրված են իրենց առաքելությունների հետ կապված հարցերով՝ ֆրանսերեն լեզվով կրթության, երիտասարդության հարցերով: Երիտասարդությունը կազմակերպության առաքելության հիմնական թիրախն է:

Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարն ասաց, որ իրենք հետևում են Միավորված ազգերի կազմակերպությունից եկող բոլոր երկխոսություններին ու եզրահանգումներին:

«Ցավոք սրտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չունի մանդատ ու միջոցներ, որ որոշումներ կայացնի կամ իր դիրքորոշումն արտահայտի հակամարտության վերաբերյալ: Իհարկե, մենք շատ լավ գիտենք պատմությունը, բայց մենք սահմանափակված ենք մեր մանդատով: Առանց փորձագետ լինելու, առանց քաղաքական հարցերի վերաբերյալ մանդատ ունենալու էլ միանշանակ է այն, որ սա հումանիտար ողբերգություն է, որը մեզ բնականաբար հուզում է: Այն փաստը, որ մարդիկ ստիպված են լքել իրենց հայրենի հողը, մեզ հուզում է, մենք հասկանում ենք: Եվ շատ կցանկանայինք, որ այսօր լիներ որոշակի որոշում, որը կթեթևացներ այս մարդկանց, այս երիտասարդների ճակատագիրը, որ հիմա այստեղ են»,-ասաց Մուշիկիվաբոն:

Նա հավելեց, ցավոք սրտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չունի այդ հնարավորությունը: Սակայն կազմակերպությունում հասկանում ու կարեկցում են:

«Եվ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն՝ մենք փորձում ենք ուսումնասիրել, թե ինչ ձևով կարող ենք օգտակար լինել, բայց, իհարկե, ոչ քաղաքական հարցերով կամ ճգնաժամի հաղթահարման առումով: Պարզապես մենք հասկանում ենք մեր քույրերին ու եղբայրներին, որոնք շատ դժվար իրավիճակի մեջ են գտնվում»,-ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն Երևանում «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) բարեգործական կազմակերպությունում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների, ֆրանսերենի մասնագետների հետ: Հանդիպման մասնակիցները  ներկայացրեցին իրավիճակը, կիսվեցին իրենց պատմություններով:

«Մենք փաստորեն ավելի շատ հումանիտար, կրթական, մարդկային ասպեկտի կողմից ենք փորձում այս ողբերգությանը հետևել, իհարկե, հեռվից էլ էինք հետևում, բայց ցանկացանք այստեղ լինել, հանդիպել և լսել նրանց»,-նշեց Լուիզ Մուշիկիվաբոն:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։

Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031