Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրեցոր ավելի շատ ենք կորցնում պոտենցիալ մասնագետների». IUCN համաժողովում քննարկվել են երիտասարդությանը հետաքրքրելու խնդիրները

Հոկտեմբեր 18,2023 14:47

Երիտասարդներին բնության և կենսաբազմազանության խնդիրներով հետաքրքրելու անհրաժեշտություն կա։ Երիտասարդների մասնակցության և ներգրավման խնդիրներն ակտիվորեն քննարկվել են Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման 2-րդ օրը՝ հոկտեմբերի 17-ին։

IUCN Կրթության և կապի հանձնաժողովի (CEC) փոխնախագահներ Դիանա Գարլիցկան և Ալեքսեյ Զավարցինը խոսել են միջսերունդային փոխհամագործակցության կարևորության մասին, ինչպես նաև՝ CEC իրականացրած քայլերի, մասնավորապես, թե ինչպես կարելի է հետաքրքրել նրանց, մասնակից դարձնել տեղի ունեցող իրադարձություններին մինչև անգամ ուղղորդել դեպի կենսաբանական մասնագիտություններ։

Թեմայի շուրջ իր դիրքորոշումն է հայտնել նաև ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի ղեկավար Մարինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ ուղղությունը, որը նա ներկայացնում է, աստիճանաբար դուրս է մղվում երիտասարդներին հետաքրքրող շրջանակներից։ Նա մտավախություն է հայտնել, որ մենք ավելի ու ավելի շատ ենք կորցնում պոտենցիալ մասնագետների և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երիտասարդներին բնությանն ավելի մոտ դարձնելու ուղղությամբ։ Բանախոսները համակարծիք են եղել, մասնավորապես Ալեքսեյ Զավարցինն ընդգծել է, որ խնդիրը համատարած է ամբողջ աշխարհում, ուստի այդ իսկ պատճառով կրթել պետք է սկսել ամենավաղ հասակից՝ մանկապարտեզից՝ հասցնելով հետաքրքրվածությունը մինչև մասնագիտական կողմնորոշման մակարդակ։

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հատուկ պահպանվող տարածքներին առնչվող մի շարք խնդիրներ, այդ թվում Պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (WCPA) տարածաշրջանային փոխնախագահ Յան Վուլհեդը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի մանրամասները։ Բանախոսներն ու ներկաներն անդրադարձել են նաև կոնֆլիկտային գոտիներում հատուկ պահպանվող տարածքներին պատճառված վնասներին և դրանք կառավարելու ուղիներին։

Կատալին Չիպան

Հոկտեմբերի 17-ին իրենց աշխատանքներն են ներկայացրել նաև IUCN Ֆրանսիայի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Մոդ Լելիևրը, CEC համանախագահ Կատալին Չիպանը, IUCN քարտուղարությունից Սառա Օվերը, IUCN Եվրոպական տարածաշրջանային գրասենյակից Կոնստանտին Մակրիսը, ինչպես նաև՝ Դանիայի ազգային կոմիտեի ներկայացուցիչ Էն Քեթրին-Գարնը, Բելգիայի ազգային համակարգող Դիվիժա Ջատան և այլք։

Մոդ Լելիևր

IUCN համայնքի համաժողովի 2-րդ օրը մի խումբ մասնակիցներ այցելել են Խոսրովի անտառ պետական արգելոց, որտեղ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է հուշագիր, որի նպատակը բնության պահպանության գործն ավելի արդյունավետ դարձնելն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել IUCN համայնքի հանդիպման բացման արարողությունը, որին ներկա են գտնվել տասնյակ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ Հայաստանի բնապահպանության ոլորտի, գիտական կառույցների և ՀԿ  ներկայացուցիչներ։ Համաժողովը շարունակվելու է մինչ հոկտեմբերի 18-ը և այս ընթացքում շարունակվելու են քննարկվել տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցներն առաջին աղբյուրից կլսեն IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։

ԲՊՄՄ մասին. դեռևս 1948թ.-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։  Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031