Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին փաթեթին՝ լրամշակված տարբերակով։
Նախագծի հեղինակները ՔՊ խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանն են։ Լուսինե Բադալյանն ասաց, որ այս նախագիծն իր համար անհասկանալի պատճառներով շատ էմոցիաներ է առաջացրել։ «Շատ պարզ մարդկային բառերով՝ մեր նախագիծը ենթադրում է հետեւյալը։ Պետական նպատակային ծրագրերի, պետական պատվերի շրջանակներում մարդու օրգանիզմ ներպատվաստվող, այսինքն՝ իմպլանտացվող բժշկական այն արտադրատեսակները, սարքավորումները, սարքերը, որոնք 30 օրից ավելի պիտի մնան մարդու օրգանիզմում, մենք օրենքով սահմանում ենք, որպեսզի անպայման այդ իմպլանտների, սարքերի մրցույթներին մասնակցելու համար ունենան համապատասխանության հավաստագիր եւ ծագման սերտիֆիկատ։ Քանի որ պետությունը բավական մեծ գումարներ է տրամադրում, դրա համար մենք նաեւ պարտավոր ենք պատասխանատու լինել որակի համար, որպեսզի չունենանք խնդիրներ, որպեսզի կրկնակի վիրահատությունների խնդիրներ չլինեն ու որպեսզի շահառուն վստահ լինի, որ իր օրգանիզմ ներպատվաստվում է բարձր որակավորում ունեցող սարքավորում, որի համար կա նաեւ պատասխանատու։ Կարծում եմ՝ այստեղ պետք է որեւէ քննարկման առիթ չլիներ, բայց եղել են բազմաթիվ քննարկումներ։ Կազմակերպվել է նամակ որոշ բիզնես վարող շրջանակների կողմից, ինչն իմ կողմից միանգամայն հասկանալի է, որովհետեւ տնտեսվարողը կամ մարդը, որն իր բիզնեսն է կառուցել իմպլանտների վրա, նա պարտավոր է իր բիզնեսը պաշտպանել ու պայքարել։ Բայց ես այստեղ ունեմ մեկ խնդիր, բոլոր ստորագրություններն ինձ համար հասկանալի են, բացի երկու պետական հիմնարկների ղեկավարներից, որոնք ստանում են այնքան աշխատավարձ, ՀՀ պայմաներում բարձրից էլ մի փոքր ավելի բարձր աշխատավարձ, որպեսզի իրենց միակ հոգսը լիներ որակի ապահովումը, պետության եւ շահառուների, պացիենտների մասին մտածելը։ Բայց այդ մարդիկ միշտ նմանատիպ խնդիրներում պայքարի առաջամարտիկ են։ Հետեւաբար, ես առաջարկում եմ նիստից հետո այդ երկու պետական հիմնարկների տնօրենների նկատմամբ ունենալ քննարկում եւ հասկանալ՝ ի՞նչն է նրանց շահագրգռում անպայման այսպես բիզնես իրադարձություններում ներգրավվելը»,- ասաց Լուսինե Բադալյանը։
Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանն ասաց․ «Հաշվի առնելով, որ նման բժշկական արտադրատեսակներ արդեն իսկ կարող են ներկրված լինել ՀՀ, առաջարկում ենք օրենքի կիրառումը հետաձգել եւ ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2024 թվականից, որպեսզի հնարավոր լինի առկայության դեպքում նման բժշկական արտադրատեսակների պատշաճ իրացումն իրականացնել»։
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ որոշվել է՝ նոր օրենքը այն ընդունելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա կտարածվի։
«Այո, ես նամակ եմ ստացել, այս նամակի ծագումնաբանությունից լավ տեղյակ եմ, ով է գրել այս նամակը, որ բժշկական հիմնարկների տնօրեններին է ուղարկվել, ով ում է ստիպել, համոզել, խնդրել, որ ստորագրի։ Պարզապես անուններ չենք հնչեցնում, բայց պարտավոր եմ նամակը հանրայնացնել։ Պարոն Նազարյան, այն բժշկական կենտրոնների տնօրենները, ովքեր ստորագրել են գրության տակ, կարծում եմ՝ պետք է կրթական գործընթաց անցկացնել նրանց համար, իրենց տեղեկացնել, թե ինչ է նշանակում նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիա առողջապահական համակարգում։ Կամ վերանայել իրենց աշխատանքային պայմանագիրն ընդհանրապես»,- առողջապահության փոխնախարարին դիմեց Նարեկ Զեյնալյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ նամակում հարց է բարձրացվում խտրական մոտեցման մասին։ «Խտրական մոտեցում գործում է այսօր, երբ պետպատվերով բուժօգնության շրջանակներում բժշկական հաստատություններն իրականացնում են պետական գնումներ եւ օրենքի պարտադիր հիմքով գնում են մրցույթին մասնակցած ամենաէժան հայտ ներկայացրած ապրանքը։ Իսկ վճարովի ծառայությունների համար գնում են այն ապրանքը, որը բժշկական հաստատությունը ցանկանում է՝ գին ու որակ հաշվի առնելով։ Իսկ այստեղ պարտավորված ենք պետության փողերով գնել ամենաէժան ապրանքը՝ որակը հաշվի չառնելով»,- ասաց Զեյնալյանը։ Նա նշեց, որ այս նախագծով փորձում են բարձրացնել պետական նպատակային ծրագրերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայության որակը։
Նարեկ Զեյնալյանն ասաց, որ բուժհիմնարկների ղեկավարների նամակում նաեւ նշվում է, որ սա կբերի բժշկական հաստատությունների փակմանը, կանխատեսվում է, որ քաոս ու խառնաշփոթ կառաջանա։ «Քաղաքապետարանից եւս համանման, նույն արտահայտություններով ու բառապաշարով նամակ ենք ստացել։ Այսինքն՝ այս բոլոր նամակների ծագումը մեկ աղբյուրից է»,- հավելեց նա։
Նամակում նաեւ նշվում է, որ առողջապահության նախարարությունն ամբողջությամբ վերահսկում է ներկրված բժշկական արտադրատեսակների որակը։ «Սրա մասին եւս տեղյակ չեն նամակի հեղինակները, որոնք իրականում ոչ թե բժշկական հիմնարկի տնօրեներն են, այլ ուրիշ մարդիկ են։ Այս պահին բժշկական արտադրատեսակի որեւէ վերահսկողական գործառույթ չի իրականացվում, առողջապահության նախարարությունը որեւէ առնչություն չունի բժշկական արտադրատեսակների վերահսկողության հետ։ Բժշկական արտադրատեսակներ ներկրողները որեւէ փաստաթուղթ չեն ներկայացնում առողջապահության նախարարությանը։ Իրենք գործ ունեն միայն մաքսային մարմինների հետ, եւ այդ ապրանքները ներկրվում են ինչպես մնացած ապրանքները, որոնք ներկրվում են ՀՀ։ Եվ շատ ցավում եմ, որ մասնավորապես պետական բժշկական հիմնարկների տնօրենները սրա մասին եւս տեղյակ չեն, քանի որ ըստ օդում կախված լուրերի՝ իրենք անձամբ կամ միջնորդավորված զբաղված են բժշկական արտադրատեսակների ներկրմամբ»,- նշեց Զեյնալյանը։
Լուսինե Բադալյանն էլ հավելեց․ «Այս օրենքը նաեւ օգնում է մեզ, որպեսզի մի շարք պետական պաշտոնյաներ չխառնվեն՝ զարտուղի ճանապարհներով իրենց հետ փոխկապակցված մարդկանց կազմակերպությունները մրցույթի հաղթող դարձնելու համար։ Այսինքն՝ մենք հնարավորինս ամեն ինչ մտածել ենք, քննարկել են, եւ մեր այս օրենքն ունի բացառապես որակը վերահսկելու, ինչպես նաեւ պացիենտին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ