Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը (PReP – Pediatric Residency Program of Armenia) պաշտոնապես մեկնարկեց։
Ընտրված 8 ռեզիդենտները առաջիկա երեք տարիների ընթացքում կվերապատրաստվեն միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ծրագրով, որն ընդգրկում է մանկաբուժության բոլոր ճյուղերը՝ նեոնատոլոգիայից մինչև դեռահասների առողջություն:
PReP-ը ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և հետբուհական բժշկական կրթությամբ զբաղվող երկու ուսումնական հաստատությունների՝ Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միասնական նախաձեռնությունն է։ Ծրագրի ռազմավարական գործընկերն է Լոս-Անջելեսի Մանկական հիվանդանոցը (CHLA – Children’s Hospital Los Angeles), որի փորձառու մասնագետները ղեկավարում են PReP-ի ուսումնական պլանի և կրթական բովանդակության մշակումը, ինչպես նաև տեղական դասախոսական կազմի զարգացման ծրագիրը:
Ծրագրի մեկնարկին նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը նշեց, որ PReP-ը տարբեր ինստիտուտների և կազմակերպությունների՝ հանուն մեկ նպատակի համախմբվելու յուրահատուկ օրինակ է։
Կարդացեք նաև
«Ես շատ ուրախ եմ, որ մենք մեր գործընկերների հետ կարողացանք Հայաստան բերել կլինիկական ռեզիդենտուրայի նոր մոդել, որը մեր երկրում երբևէ չէր կիրառվել»,- շեշտեց Արման Ոսկերչյանը։
Հայաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կարևորեց նոր պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը:
«Շատ ոլորտներում մարդկային գործոնը հետզհետե նվազում է, սակայն առողջապահության ոլորտում ամենամեծ ռեսուրսը մարդիկ են, և եթե նրանք չունենան անհրաժեշտ գիտելիքներ, շատ բարդ կլինի ապահովել երեխաների առողջությունը»,- նշեց փոխնախարարը։
Լոս-Անջելեսի Մանկական հիվանդանոցի ներկայացուցիչ, մանկաբույժ Էյալ Բեն-Այզեքն իր հերթին ռեզիդենտներին կոչ արեց առավելագույնը վերցնել մեկնարկող ծրագրից, քանի որ նրանց համար ստեղծվել են լավագույն պայմանները, և գործին ձեռնամուխ են եղել լավագույն մասնագետները։
Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագրի տնօրեն Լորքի Լիբարիդյանը նշեց, որ Հայաստանի երեխաները բարձրագույն արժեք են և պետք է հնարավորություն ունենան ստանալու լավագույն բուժսպասարկումը Հայաստանում, ու հենց այդ գաղափարն է դրվել ծրագրի հիմքում։
«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, առանձնացրել լավագույն մոտեցումները ու խտացրել դրանք մեր ծրագրում»,- ասաց ծրագրի տնօրենը։
ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար:
ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Արման Ոսկերչյանը։
IDeA հիմնադրամ