«Մենք համոզիչ ձեւով հասկացանք, որ փաստորեն, Քաջ Նազարը միայն հեքիաթ չէ, այն նաեւ իրապատում է, որը մենք տեսանք՝ գյադեք էս յան, գյադեք՝ էն յան… Սուտ մարդիկ են եկել իշխանության, էդ սուտ մարդիկ ստեղծել են ստի կայսրությունը: Սուտ սիրողներին հավաքել էլ են իրար գլուխ, ջան են ասում, ջան են լսում: Սկզբում ասում էին՝ ոչ մի ծանոթ, բարեկամ չի լինելու, լինելու է միայն պրոֆեսիոնալիզմ, բայց բոլոր ծանոթ-բարեկամներին տեղավորեցին, հավաքեցին լափամանների շուրջ»,-«Հայելի» ակումբում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
«Մենք հերոսականության էջ ենք շրջանցել, մեր երկիրն ենք շրջանցել, Արցախն ենք շրջանցել եւ դա համարում ենք հաջողություն, ու կան հիմարներ, որ ասում են՝ հաղթանակ ունեցանք էսինչ բեմում, էնինչ բեմում… Օսլայված արարածներ կան, հավաքվում են, իբր քաղաքագետներ են, վերլուծաբաններ են, չգիտեմ ինչ են: Սրանք որ գալիս են արդարացնելու դրան ու իր խմբին, իրենց էլ եմ համարում սուտ: Դրանք ստի ծառաներ են, չարքապատկաններ, որոնք պարբերաբար շարունակում են հիպնոսացնել մեր հանրությանը»,-ասաց բանաստեղծը:
Նրա խոսքով. «Արեւմուտքն այժմ զբաղված է տարբեր երկրներում հերթական կլոունին իշխանության բերելով, ու բոլոր տեղերում մահ ու ավեր է, ամեն տեղ կյանքն է սպանվում… Մտածում ենք՝ էս մոլորակը շպրտենք մի տեղ, գնանք ուրիշ տեղ մի բան գտնենք, որտեղ Նիկոլ ու նիկոլիստներ չլինեն, կարողանանք մարդավարի հարաբերություններ ունենալ, գոնե փրկենք մեր հոգիները անկարողներից, մորթապաշտներից, պարտության սիմվոլներից, որոնց հետ որեւէ հաղթանակ չենք կարող ունենալ: Սրանք ուր գնում, պարտվում են, արժանապատվության մասին գաղափար չունեն: Ամեն ինչ արեցին անվանազրկելու համար նրանց, ովքեր հաղթանակի սիմվոլներ էին:
Հիշո՞ւմ եք, երբ դրոշն ընկած էր, թե ինչ դերասանություն էր անում՝ քեզ (Նորագավիթ մաքսատան աշխատակցին-Գ.Հ.) ազատում եմ աշխատանքից, Հայոց դրոշը եւ այլն… Հիմա ամբողջ համացանցում տարածված է, որ Ալիեւը մեր դրոշն է տրորում, բա գնա ականջը ոլորի… Գնա ասա՝ ես ամեն ինչ արեցի քո համար, քո ցեղի համար, նվաստացրի հայերին, երկիրը խոշտանգեցի, հերթով հանձնում եմ, էլի եմ հանձնելու, քանի մարդիկ թմբիրի մեջ են: Եվ իհարկե, Եռաբլուր չես կարող գնալ: Կեցցեն հերոսների ծնողները, որոնք կանգնեցին եւ դավաճաններին թույլ չտվեցին մուտք ունենալ Եռաբլուր»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ