«Սիթի Սայնս» ՍՊԸ տնօրեն Հրանտ Թումանյանը չի ցանկանում մեկնաբանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ իրավապահներին հայտնած տեղեկությունը, թե առանց արտաքին գովազդային վահանակներ ամրացնելու, ընկերությունը Երևանի քաղաքապետի համապատասխան թույլտվության պայմանավորվածություններ է ձեռք բերել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ` փորձելով խաբեությամբ և նրանց վստահությունը չարաշահելու միջոցով ստանալ առանձնապես խոշոր չափերի գումարներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
«Այդ հաղորդումն ուղարկել է հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արդեն կանխավ մեղավոր է նշանակել ու այդ մեղավորությունը ներկայացրել է լրատվամիջոցներին, լրատվամիջոցներն էլ այդ դիրքերից են մեկնաբանություն փորձում վերցնել… Հանցագործությունը հանրային չեն կատարում, հանցագործությունը արվում է ոչ հանրային տեսքով, եթե գրված է, որ շորթում եմ արել, դա արվում է սուսուփուս, ոչ թե որ բոլոր կուսակցությունները ներքաշված լինեն այդ ամենի մեջ: Ընդ որում՝ դուք համարում եք, որ բոլոր կուսակցություններն այնքան անգրագետ եւ այնքան անբան են, որ իմ մի հորդորով միացե՞լ են այդ գործընթացին: 14 կուսակցություն, որը, ինչպես ասում են Հայաստանի սերուցքն է, բոլորը եկել են, մասնակցեն այդ հանցագործությա՞նը: Անհեթեթություն է, ես մեկնաբանելու բան չունեմ»,- ասաց ընկերության տնօրենը:
Հրանտ Թումանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից