Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2027 թվականը բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն լիցենզավորում»․ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նոր փաթեթը

Հոկտեմբեր 18,2023 12:51

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու փաթեթը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ օրենսդրական փաթեթով փորձում են կարգավորել բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը։ «2023 թվականի հունվարի մեկից Հայաստանում գործում է բուժաշխատողների համար հավաստագրման պարտադիր պայմանը, որն առաջին քայլն էր մեր բժշկական գործունեությամբ զբաղվող անձանց մասնագիտական որակի նկատմամբ՝ պահանջների բարձրացման եւ վերահսկողության առումով։ Եվ կարծում ենք, որ լիցենզավորման համակարգի ներդրումը եւս կարեւոր քայլ է լինելու Հայաստանում առողջապահության զարգացման ճանապարհին։ Զարգացած երկրներում բուժաշխատողներն անցնում են լիցենզավորման բարդ գործընթացով, ինչը մի կողմից նրանց գիտելիքների, մյուս կողմից ունակությունների, հմտությունների, նաեւ էթիկական նորմերի իմացության չափորոշիչ է։ Եվ մեզ համար եւս կարեւոր էր այս ստանդարտը ներդնել Հայաստանում եւ գործարկել։ Բայց քանի որ հասկանում ենք, որ լիցենզավորման համակարգի ներդրումը ենթադրում է բավական մեծ նախապատրաստական աշխատանք, նաեւ մեր բուժաշխատողները պետք է ժամանակ ունենան պատրաստվել՝ այս ամբողջ գործընթացով անցնելու համար, ապա օրենքի գործարկման հետեւյալ ժամկետներ են սահմանվել նախագծով։ Ավագ բուժաշխատողների համար լիցենզիա պետք է ստանան մինչեւ 2027 թվականի հունվարի մեկը, իսկ արդեն կլինիկական օրդինատորները, ռեզիդենտները՝ մինչեւ 2025 թվականի հունվարի մեկը։ Այս պարբերական ներդրման համակարգը թույլ կտա, որ նախ առաջին անգամ ավարտող եւ մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձինք անցնեն լիցենզավորման գործընթացով 2025 թվականից։ Այնուհետեւ մինչեւ 2027 թվականը մեր բոլոր մյուս բուժաշխատողները պետք է անցնեն այս ամբողջ գործընթացով, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը շարունակել»,- ասաց նախարարը։

Պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցերին ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այսինքն՝ լիցենզավորման երկակի պահանջներ են լինելու՝ եւ կազմակերպության, եւ անհատ բժիշկների վերաբերյալ։ Նախարարը նշեց, որ Հայաստանում կա 15 415 ավագ բուժաշխատող, ովքեր ստացել են հավաստագիր։ Այս բուժաշխատողները պետք է անպայման նաեւ լիցենզավորվեն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031