Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Ես առաջին անգամ եմ դիմում Ձեզ և դա անում եմ հրապարակայնորեն, քանի որ շատ մտահոգված եմ մեր տարածաշրջանի և Հայաստանի ճակատագրով։ Ելնելով Ռուսաստանի և Պուտինի հետ շփվելու իմ փորձից, ով վերջերս ԱՊՀ գագաթնաժողովում գործնականում ինձ մեղադրեց այս կազմակերպության փլուզման մեջ, թույլ տվեք ձեզ մի քանի խորհուրդ տալ։
Դուք իշխանության եք եկել ժողովրդական ընդվզումների արդյունքում, Պուտինի տերմինաբանությամբ՝ գունավոր հեղափոխության և, հավատացեք, որքան էլ նրան բավարարեք, հավատարմության երդում տաք, նա երբեք ձեզ չի ներել և չի ների։ Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր արյունարբու թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Նա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ողջ զինանոցը:
Կարդացեք նաև
Պետք է հիշեք՝ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալով չկարողացաք անել կամ ձախողեցիք հիմնարար ռեֆորմները, իսկ այժմյան ձեր պետական համակարգը Կրեմլի 5-րդ շարասյունն է։ Դուք ուշացել եք նաև Եվրոպական ինտեգրացիայից։ Որքան էլ ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։
Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել ինչպես բալթյան երեք երկրներ՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար դուք պետք է շտապեք և մի կողմ թողնեք ցանկացած տատանում, գնացեք Վա-բանկ: Պետք է շտապել. հեռացնել ռուսական ռազմաբազան, լքել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և գնալ դեպի ԵՄ ու ՆԱՏՕ:
2013-ին մենք թռչեցինք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։ Եվ վերջապես, դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
Հուսով եմ՝ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել ձեզ և միևնույն ժամանակ կործանել ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։ Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ այս անգամ չեք վարանի։ Հաջողություն Ձեզ և հաջողություն հայ ժողովրդին»։