Սեպտեմբերի 19-ին մեկնարկած ցույցերի հետեւանքով ձերբակալված անձանց զգալի մասն այս պահին շարունակում է մնալ կալանավորված։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որն այդ օրերին համակարգում էր բերման ենթարկված ու ձերբակալված անձանց փաստաբանական աջակցություն տրամադրելու գործընթացը, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին կալանավորված անձանց թիվը հասնում է մոտավորապես 43-44-ի։ Փաստաբանին հարցրինք՝ արդյո՞ք նրանց մեղսագրվող արարքներն այնպիսին են, որոնց պարագայում օբյեկտիվ անհրաժեշտություն կա նրանց կալանավայրում պահելու՝ նկատի ունենալով նաեւ, որ նրանց զգալի մասը 18-25 տարեկան ուսանողներ են, որոնք հետ են մնում դասապրոցեսից, մինչդեռ այժմ ակադեմիական ստուգարքների ժամանակաշրջան է։
«Իրականում ես կարող եմ մի գործի օրինակով ասել, ենթադրում եմ, որ մյուսների մեղադրանքն էլ նույն տեքստով է գնում, կարող եմ ասել, որ մեղադրանքն էլ է սխալ, այնտեղ զանգվածային անկարգություն չի եղել, եւ բացի այդ էլ` այդ երիտասարդների կալանավորման հիմքերն են ակնհայտ ուռճացված։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկն ինչ-որ բան արել է, ասենք՝ ոստիկանի է հարվածել եւ այլն, ապա այդտեղ քննությունից խուսափելու կամ խոչընդոտելու հիմքերը մի քիչ անհասկանալի են, այսինքն՝ ինչպե՞ս կարող է 17 կամ 18 տարեկան երիտասարդը խոչընդոտի, որ ոստիկանը գնա ցուցմունք տա։ Այնտեղ որոշակի այլ բաներ էլ կային․ իմ վստահորդն արցախցի էր, եւ իր նկատմամբ կալանք կիրառելու հիմք էին ներկայացնում այն, որ նա, Հադրութից տեղահանված լինելով, 3 տարի ապրում է ինչ-որ հանրակացարանային պայմաններում, ուրեմն մշտական հասցե չունի եւ կարող է խուսափել քննությունից։ Այսպիսի պնդումը բարոյական տիրույթից չէ եւ նաեւ իրավաբանորեն էլ դա հիմք չէ»,- պատասխանեց փաստաբանը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: