Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են սառչում ոտքերն անգամ այն դեպքում, երբ մարդը գտնվում է տաք շինության ներսում

Հոկտեմբեր 18,2023 09:35

Կան մարդիկ, որոնք բողոքում են ոտքերի սառնությունից անգամ այն դեպքում, երբ գտնվում են տաք շինության ներսում։ Իհարկե, մեծամասամբ այդ խնդիրը  լուրջ պատճառներ չունի և կարող է օրգանիզմի նորմալ ռեակցիան լինել շրջակա միջավայրի ջերմաստիճանի կամ սթրեսային իրավիճակների նկատմամբ, սակայն երբեմն կարող է և հուշել առողջական որևէ խնդրի մասին, որը չարժե անտարբերության մատնել։ 

Ոտքերի սառնությունը զգուշանալու առիթ է, երբ ուղեկցվում է հետևյալ ախտանշաններով՝

  • Ձեռքերի ու ոտքերի ցավ ու թուլություն,
  • ցրտի նկատմամբ գերզգայնություն,
  • մաշկի գույնի փոփոխություններ ցրտի կամ սթրեսի ժամանակ,
  • թմրածության զգացում տաքանալիս կամ սթրեսից ազատվելիս։

Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել սառը ոտքերը

Դիաբետի բարդություններ

Դիաբետի բարդություններից մեկը, որն ազդում է ոտքերի վրա, պերիֆերիկ նևրոպաթիան է, որը վնասում է ոտքերի նյարդերը։ Ոտքերը կարող են սառը թվալ, բայց երբ դիպչում եք ոտքերին, դրանք նորմալ ջերմաստիճանի են լինում։ Դիաբետ չունեցող մարդիկ նույնպես կարող են տառապել պերիֆերիկ նևրոպաթիայով։ Հիվանդության պատճառ կարող են լինել նաև վնասվածքները, աուտոիմունային հիվանդությունները, ալկոհոլիզմը, վիտամինների անբավարարությունը, ողնուղեղի հիվանդությունները, վահանաձև գեղձի անբավարարությունը, դեղամիջոցները։

Ծայրամասային զարկերակների հիվանդություն

Այս վիճակը դանդաղեցնում կամ արգելակում է արյան հոսքը դեպի ոտքեր ու ոտնաթաթեր։ Արյան վատ շրջանառությունը կարող է ոտքերի սառնության հանգեցնել։ Հիվանդության զարգացման ռիսկի գործոններից են ծխելը, զարկերակային բարձր ճնշումը, խոլեսթերինի բարձր մակարդակը, տարիքը։ 

Հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի անբավարար ակտիվություն)

Մարմնի ջերմակարգավորման գործընթացները կախված են երիկամներից ու մակերիկամներից, լյարդից ու վահանաձև գեղձից։ Վերջինիս կողմից արտադրված հորմոններն ազդում են օրգանիզմի բոլոր օրգանների վրա, ինչպես նաև օգնում սննդից էներգիա ստանալ։

Եթե վահանաձև գեղձը բավականաչափ ակտիվ չէ, ապա բավականաչափ հորմոններ չի արտադրում, արդյունքում կարող է մրսել ողջ մարմինը, ներառյալ՝ ոտքերը։

Ռեյնոյի համախտանիշ

Ռեյնոյի համախտանիշի դեպքում մարմինը շատ սուր է արձագանքում ցրտին։ Երբ ջերմաստիճանն իջնում է, ձեռքերի ու ոտքերի մատները կարող են թմրել ու սառել՝ երբեմն անգամ փոխելով գույնը՝ սկզբում գունատվելով, ապա կապույտ երանգ ստանալով։ Տաքանալով դրանք կարող են կարմրել։ Համախտանիշի այս դրսևորումները կարող են առաջանալ սառը եղանակին, սթրեսի կամ անհանգստության ժամանակ։ 

Ռեյնոյի համախտանիշի դեպքում զարկերակների  կծկանքով պայմանավորված արյան հոսքի նվազման գրոհներ են առաջանում․ ձեռքերի ու ոտքերի զարկերակները կծկվում ու նեղանում են՝ կանխելով արյան հոսքը դեպի ձեռքեր ու ոտքեր, երբեմն էլ դեպի քիթ, շրթունքներ ու մարմնի այլ հատվածներ։ Ռեյնոյի համախտանիշն ավելի հաճախ է հանդիպում կանանց շրջանում։

Ռեյնոյի առաջնային հիվանդությունը համախտանիշի առավել տարածված տեսակն է, որն ավելի թեթև ախտանշաններ ունի։

Ռեյնոյի երկրորդային համախտանիշն ավելի լուրջ է և դրսևորվում է ավելի մեծ տարիքում՝ առաջանալով տարբեր պատճառներով, ինչպիսիք են գայլախտը, ռևմատոիդ արթրիտը, Կարպալ թունելի համախտանիշը։ Միգրենի և զարկերակային բարձր ճնշման դեմ պայքարող որոշ դեղամիջոցներ ևս կարող են այս համախտանիշի զարգացման պատճառ դառնալ։  

Սակավարյունություն

Ոտքերի սառնությունը նաև սակավարյունության մասին կարող է վկայել, ինչը նշանակում է, որ մարդու օրգանիզմում էրիթրոցիտների անբավարարություն կա, կամ դրանք բավականաչափ առողջ չեն լավ կատարելու համար իրենց աշխատանքը՝ թոքերից մարմնի տարբեր հատվածներին թթվածին հասցնելը ։

Բյուրգերի հիվանդություն

Բյուրգերի հիվանդությունը շատ հազվադեպ է հանդիպում, բայց եթե մարդը ծխում է, և նրա ոտքերը սառչում են, ապա հնարավոր է՝ մարդու մոտ հենց այդ հիվանդությունն է։ Ծխախոտի օգտագործման հետ կապված այս հիվանդությունն առաջացնում է ձեռքերի ու ոտքերի արյունատար անոթների այտուց, որը դանդաղեցնում է արյան հոսքն ու կարող է հանգեցնել թրոմբների ու վարակների զարգացման։

Բյուրգերի հիվանդության միակ բուժումը ծխախոտից լիովին հրաժարվելն է։ 

Խոլեսթերինի բարձր մակարդակ

Արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակի դեպքում ավելի մեծ է արյան շրջանառության հետ կապված խնդիրների՝ խոլեսթերինային կուտակումների, արյունատար անոթների բորբոքման զարգացման հավանականությունը։ Այս ամենի բացասական հետևանքներից մեկն էլ սառը վերջույթներն են։

Սթրես

Սթրեսը, անհանգստությունն ու հուզական լարվածությունը ևս կարող են ազդել արյան շրջանառության վրա՝ ոտքերում սառնության զգացում առաջացնելով։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031