Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Դեռեւս զուգարանի մակագրությունների մակարդակն է

Հոկտեմբեր 18,2023 10:00

«Համացանցից ես օգտվում էի՝ ինչպես ապականված կայարանային զուգարանից՝ արագ եւ զզվանքով, ըստ անհրաժեշտության, գրեթե չնայելով պատերի մակագրություններին», – գրում է Վիկտոր Պելեվինի «Սերն առ երեք ցուկերբրինները» վեպի գլխավոր հերոսը: Եթե խոսենք ընդհանրապես համացանցի մասին, ապա, կարծում եմ, այդ անպատվաբեր համեմատությունը տեղին չէ: Բայց սոցցանցերի պարագայում (մեր դեպքում՝ Ֆեյսբուքի հայկական հատվածի) այդ հերոսի խոսքերը մոտ են իրականությանը:

Մարդկանց մեծամասնությունը սոցցանցեր է մտնում, որպեսզի տեսնի, թե ով ինչ հայհոյանք կամ, առնվազն, վիրավորանք է գրել եւ ով է նույն ոճով դրան պատասխանել: Առավել ակտիվները («ակտիվիստները», «պայքարող տեսակը») իրենց սեփական հայհոյանքներն ու վիրավորանքներն են գրում, իսկ հետո 5 րոպեն մեկ մտնում են՝ ստուգելու, թե ով է այդ գրառումը «սրտիկել-լայքել», ով է հակադրվել, եւ դա հետագա «պայքարի» համար հող է ստեղծում:

Խնդիրն այն է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը (ըստ որոշ հոգեբանների՝ մոտ 85 տոկոսը, բայց թիվը տատանվում է տարբեր երկրներում) գտնվում է հոգեւոր զարգացման «ինֆանտիլիզմի» աստիճանի վրա: Դա, մասնավորապես, նշանակում է, որ ա/ նրանք առաջնորդվում են հասարակական (խմբակային) կարծրատիպերով եւ, հետեւաբար, մշտապես պետք է կապի մեջ լինեն իրենց դրվատողների կամ քննադատողների հետ, բ/ նրանց գլուխը կարելի է մտցնել ցանկացած գաղափար, որն այնուհետեւ «ծրագրավորում է» իրենց մտածողությունն ու վարքը:

Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ գաղափարները կարող են տրամագծորեն տարբեր լինել: Պարզագույն օրինակ. 20 տարի առաջ Հայաստանում մեծամասնությունը համոզված էր՝ «առանց ռուսի մենք կորած ենք», իսկ հիմա վստահ է՝ «եթե ռուսը ստեղից չգնա, մենք կորած ենք»: Սրանք, այսպես ասած, փոքր նարատիվներ են: Բայց «ինֆանտիլ» մարդկանց ուղեղի մեջ կարելի է մտցնել գաղափարախոսություններ, աղանդների ուսմունքներ կամ պարզապես նախապաշարումներ:

Այդ 85 տոկոսին «վերադաստիարակելն» անիմաստ է: Իմաստալից է ճիշտ ուղերձներ ուղարկելը: Իսկ դա պետք է անեն նրանք, ովքեր «ինֆանտիլիզմից» (մեր դարում՝ սոցցանցային իրականությունից) ավելի բարձր աստիճանների վրա են գտնվում: Ցավոք, ներկայիս Հայաստանի քաղաքական էլիտան այդ՝ հաջորդ աստիճանների վրա առայժմ չի բարձրացել:

…Շարունակելով ապականված զուգարանի հետ համեմատությունը: Մոտ 10-15 տարի առաջ, Հայաստանում ճանապարհորդելիս, մենք ստիպված էինք օգտվել նման զուգարաններից, որոնք սովորաբար բենզալցման կայանների մոտ փոքրիկ փայտե խցեր էին: Այժմ հիմնական մայրուղիներում կառուցվել են «Ֆուդկորտներ», որտեղ ճաշարանները, խանութները եւ զուգարանները միանգամայն նորմալ վիճակում են: Իհարկե, չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք հաճույք են ստանում փայտե խցերից եւ դրանց մակագրություններից: Դա արդեն այդ մարդկանց ընտրությունն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031