Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանիքում երեք երեխա ենք՝ ես, քույրս ու եղբայրս, արդեն հասցրել ենք երեք պատերազմ տեսնել, ծնողներս՝ չորս»

Հոկտեմբեր 18,2023 13:00

Աստղաշենի քարացած աստղիկները կամ՝ բռնագաղթված մի ափ սիրտ

Արցախի Մարտակերտ քաղաքից է տոհմիկ արցախցի Իննա Բաղրյանը, ում ֆեյսբուքյան հարթակից եմ ճանաչել մի դիպվածով: Աստղաշենի աստղիկների մասին տեղեկությունն էի փնտրում, հետաքրքիր էր միլիոն տարի առաջ այդ տարածքում համաշխարհային օվկիանոսից մնացած շուշանածաղիկների (ծովաշուշանների) քարացած բնանմուշների մասին իմանալ, սեփական աչքով տեսնելու եւ շոշափելու պարզ հետաքրքրասիրությունս արցախցի Իննայի ուշադրությանն էր արժանացել եւ աղջնակը որոշել էր զինհաշմանդամ ամուսնուս համար անակնկալ անել:

Արցախից ստացված նամակը, որի ծրարին գրված է «Արցախի Հանրապետություն», իր կնիքով, այդ ամենը սրբազան մասունք են հայոց փոքրիկ ու խիզախ Արցախի պետականության, որը եղավ, թեկուզ եւ չճանաչված աշխարհաձեւման նոր կարգի խաղերին չհարմարվող, բայց եղավ, հաստատեց իր ապրելու եւ արարելու կամքը որպես իր հնամյա պատմությամբ ծաղկող մի փոքրիկ դրախտավայր՝ մարդկային հորդանների, քաղաքական շահերի, նավթահոտ անապատում… Աստղաշենի յոթ աստղիկները մեզ հասան այնքան մեծ ու անշահախնդիր սիրով, որ ոչնչով չես կարող փոխհատուցել:

Հույսը, վախը, անհանգստությունը, շրջափակման անելանելիությունն ու անզորությունը քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախում ապրող, արցախցի աղջկա ամենօրյա մտորումներն էին ու մտահոգությունը, ինչ է լինելու վաղը: Իսկ վաղը չեղավ այնպես, ինչպես մեր աղոթքներում էինք խնդրում: Խաղաղ երկնքում պայթած Արցախի վրա հարձակումը եւ հայաթափման ու բռնագաղթի իրականությունը շանթահարում էր յուրաքանչյուր բանական հայի: Իննան… ուղեղիս մեջ արցախցի աղջնակի բարի դեմքը փայլեց, վախով ու սոսկումով:

Բարեբախտաբար, ողջ էին բոլորը, զինվորական հայրը, եղբայրը, քույրն ու մայրը: Գաղթի ճանապարհին, Գորիսի փողոցներում, մեքենայի մեջ օրեր լուսացնող ընտանիքը, որը ոչինչ չէր հասցրել վերցնել իր հետ թշնամու արկերից այրվող տնից եւ ուներ ամեն ինչի կարիք, ամաչում էր որեւէ հարցով դիմել, օգնություն ակնկալել: Հայրենիքում են, ողջ են, տանջված, բայց փորձում են գոտեպնդել իրար, աշխատանք գտնել, ստացած բարձրագույն կրթությունը, աշխատանքային փորձը, ամեն բան վաղվա օրվա հայրենիքում ապրելու, մարդկային պայմաններ ապահովելու համար միակ հույսն են, չնայած՝ հաճախ հանդիպող գործազրկությունը մեզանում պայմանավորված չէ լավ մասնագետ չլինելու խնդրով:

– Մեր երկրին վերաբերող տոնական եւ սգո յուրաքանչյուր օր, կամա թե ակամա, բոլորիս հայացքը Եռաբլուրի բարձունքն է ուղղվում, եւ ավելի քան խոնարհված, քան երբեք: Քանի՞ պատերազմ է տեսել ընտանիքդ ու դու, Իննա… եւ ի՞նչ ձեւ ու բովանդակություն ունի այն քեզ համար, քանի որ այսքան երիտասարդ հասցրել ես ճաշակել այդ դառնությունն ու իրականությանն առերեսվել։

– Ընտանիքում երեք երեխա ենք՝ ես, քույրս ու եղբայրս, արդեն հասցրել ենք երեք պատերազմ տեսնել, ծնողներս՝ չորս: 2020 թ. պատերազմը երբ սկսվեց, ծնողներս ապրում էին Մարտակերտում, ես, քույրս ու եղբայրս սովորում եւ աշխատում էինք Ստեփանակերտում, մայրիկս մի կերպ հասավ մեզ, իսկ հայրիկս շտապեց սահման, լինելով զինվորական։ Երեք օր մնացինք Ստեփանակերտում, հետո տեսանք, որ չի վերջանում պատերազմը, մայրս մեզ՝ երեխաներիս վերցրեց եւ դուրս եկանք Արցախից։ Երբ պատերազմն ավարտվեց, ետ գնացինք տուն, ծանր էր տեսնել՝ ինչ էին արել մեր քաղաքը, բայց կարճ ժամանակ անց կարողացանք մեզ հավաքել ու ապրել մեր տներում, մեր հողում… Արցախի հողում քայլելով էինք մենք մեզ ազատ ու պաշտպանված զգում, իսկ ուրիշ տեղ երբեք ազատ չենք զգացել ինչպես մեր հայրենիքում։ Ամեն ինչ կարծես թե դեպի լավն էր գնում, մինչեւ որ 2022 թ. դեկտեմբերի 12-ին լսեցինք, որ թուրքը փակել է ճանապարհը:

– Պատերազմներ, հետո շրջափակում, սով, կրկին պատերազմ ու ամենասարսափելին՝ բռնագաղթ: Փուլային դաժանությունների այս շղթան ի՞նչ խլեց քեզնից, արցախահայից ու ի՞նչ տվեց կամ կտա՞ արդյոք: Փաստացի, կոտրել այն կամքն ու վճռականությունը, որը ուներ արցախցին, հնարավոր չէր, հողից աղ հանող մարդու հնարամտությունն անսահման էր դարձել եւ գերբնական ուժով էլ դիմանում էիք:

– Էլի չկոտրվեցինք ու մտածեցինք, որ շուտով ռուս խաղաղապահները ճանապարհը կբացեն ու ստեղծված իրավիճակը ելք կունենա: Ապրում էինք մեր տներում, բայց վախի զգացում կար, ներքին տագնապ, չգիտեմ, երեւի զգում էինք: Ինն ամիս շարունակ փորձեցին մեզ կոտրել, ժամերով հերթ էինք կանգնում մի կտոր հացի համար, գազ չկար ընդհանրապես, լույսը ժամով էին տալիս, բայց չէինք կոտրվում, քանի որ գիտեինք, որ մեր տանն ենք։

Սկզբի երեք ամիսներին կարողանում էինք ինչ-որ ուտելիքներ գտնել խանութներում, բայց հետո գնալով դժվարանում էր, հետո կտրոնային համակարգով սկսեցին գնումներ կատարել, կտրոնը մարդկանց բաժանելուց հետո էլ չկարողացան մարդկանց սննդով ապահովել, ահավոր հերթեր էր, մարդիկ լարված էին իրար հանդեպ, օր էր լինում՝ հինգ ժամ հերթ էինք կանգնում մեկ հաց գնելու համար, վերջին երեք ամիսը ծայրահեղ էր, ոչ ձեթ կար, ոչ աղ, ամեն ինչը շատ թանկ էր, եթե գտնվեր. 1 կգ հնդկաձավարն արժեր 3000 դրամ, արցախյան խումբ կար «Մունք ուրուր օնինք», այդ խմբում մարդիկ ապրանքների փոխանակումներ էին անում։

Տեղական բանջարեղենը շատ թանկ էր, 1 կգ լոլիկը 2500-3000 դրամ էր, խնձորը 2000-ից 3000 դրամ, 1 շիշ ձեթը 6000-10 000 դրամ։ Մարդիկ կորցրել էին աշխատանքը, ոչ բոլորն էին կարողանում նման գներով գնումներ անել։ Տարեցները սոված էին քնում։ Ընտանիք կար, որ հաց էլ չէր կարողանում գնել, առավոտից մինչեւ գիշեր հերթերում էինք, որ կարողանանք 1 կգ լոլիկ կամ կես հաց գնել: Հացի որակը շատ վատն էր, չէինք կարողանում ուտել: Ասես հատուկ անեին, մեզ սոված ու հյուծված պահեցին, գիտեին, թե կկոտրվենք ու կասենք ճանապարհը բացեք, գնանք, բայց այ էդպես սոված ուզում էինք ապրել մեր հողում: Էսպես շարունակվում էր կյանքը…

– Ի՞նչ կատարվեց Ստեփանակերտում, հարձակման օրը հիշո՞ւմ ես, ի՞նչ եղավ հետո, որտե՞ղ էիք այդ ողջ ընթացքում:

– 2023թ. սեպտեմբերի 19-ին շատ ավելի ծանր էր ու անկանխատեսելի, բոլորս աշխատանքի էինք, ես՝ Ստեփանակերտում, եղբայրս՝ զինծառայության մեջ էր։ Բոլորս գտնվում էինք իրարից շատ հեռու: Ես տուն էի գնում, երբ սկսեց ռմբակոծումը։ Ժողովրդի հետ եկա Ստեփանակերտի 2-րդ դպրոցի նկուղ, քաոս էր տիրում այնտեղ։ Երեխաները լացում էին, ծնողները վազելով ու խուճապահար փորձում էին գտնել իրենց երեխաներին: Ես այդ տագնապի մեջ փորձում էի զանգել ծնողներիս ու եղբորս, բայց կապ չկար։ Ուշք ու միտքս եղբայրս էր, ում տեսնում էի՝ հարցնում էի Մարտակերտ քաղաքում է՞լ է կռիվ, ոչ ոք ոչինչ չգիտեր, ինձ հույս էի տալիս գոնե Մարտակերտի վրա չխփեն, չիմանալով, որ այնտեղ թեժ մարտեր են գնում ու ավիացիա էր աշխատում։

2 օր մնացի նկուղում, արդեն խելագարվում էի, քանի որ լուր չունեի ընտանիքիս անդամներից։ Հետո մայրս ու քույրս հարեւանի հետ եկան Ստեփանակերտ, հայրս եղբորս մոտ էր շտապել, բայց հստակ չգիտեին՝ որտեղ են, հետո լսում ենք, որ Մարտակերտը շրջափակել են, հայրս ու եղբայրս շրջափակման մեջ էին… կողքից լսում էինք, որ թուրքը մտնում է գյուղեր ու սպանում խաղաղ բնակիչներին։ 4 օր շրջափակման մեջ մնալուց հետո ռուսները հանեցին նրանց: Երբ եղբորս տեսա՝ դեմքիս ծիծաղ հայտնվեց, որ փրկվել է։ Տեսան չեն կարողանում մեզ կոտրել, պատերազմ սկսեցին։ Խաղաղ օր էր, մարդիկ ամեն մեկը իրենց գործերով, երեխաները դպրոցներում ու մանկապարտեզներում:

Անսպասելի սկսվեց: Ռուսը մեզ չէր պաշտպանում, չեմ կարող ասել՝ ինչո՞ւ եւ ի՞նչ է կատարվել: 44-օրյա պատերազմի ժամանակ էսպես չէր, գոնե կապ կար, կարողացել էինք դուրս գալ, իսկ հիմա փակել էին բոլոր կողմերից։ Ահավոր էր ու շատ դաժան։

– Իննա, երբ կայացվեց որոշումը, որ անհնար է մնալ ու ի հեճուկս ազերիների վարած կեղծ քաղաքականության, թե հայ- ադրբեջանական ժողովուրդների խաղաղ համակեցություն կարող է լինել եւ իբր իրենք նպաստում են դրան եւ այլ իրականության հետ չհամընկնող մեդիաստեր, որ տարածվում են շեղելու համար միջազգային հանրությանն ու քաղաքական խաղացողներից շատերին: Արցախահայերը փաստացի լքեցին իրենց ծննդավայրը՝ գնալով անորոշություն, եթե համոզված լինեիք, որ կա հնարավորություն մնալու, կմնայի՞ք ապրելու նման հարեւանի հետ:

– Նման հարեւանի հետ անհնար է ապրել, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ սկզբում լավ կլինի, ցույց կտա, թե այդպիսին է, հետո կսպանի: Հորս ու եղբորս գտնելուց հետո, գիշերը ժամը 2-ին Ստեփանակերտից դուրս եկանք։ 9 ամիս շարունակ վառելիքի բացակայության պատճառով չգիտեինք, որ մեքենան խնդիր ունի, ջուրն էր տաքանում, կանգնում էինք սառեցնում, մեր հետեւից եկող մեքենաները չէին կանգնում, ով էլ կանգնում էր՝ ջուր չուներ: Աստված էր ճամփեզրի առվակը ուղարկել, հայրս այդտեղից ջուր վերցրեց, այդպես սառեցնելով մեքենայի տաքացող ջուրը՝ 24 ժամ վախի մեջ հասանք Հակարիի կամուրջ։

– Ինչպե՞ս հասաք Հայաստան, ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է հաղթահարել, ուժ գտնել ապրելու եւ ստեղծելու նոր կյանք:

– Հակարիի կամուրջ հասնելուն պես սկզբից ռուս խաղաղապահները մեզ ստուգեցին՝ գրանցելով մեքենայի համարները, հարցրեցին՝ քանի հոգի ենք մեքենայի մեջ ու ասացին, որ առաջ անցնենք, հետո թուրքերն էին զինված ու տեսախցիկները միացրած, չգիտեմ ում էին ամենը տեսազանգով ցույց տալիս, հայրիկիս ասացին, որ իջնի մեքենայից, նկարեցին, հետո դուռը բացելով եղբորս հանեցին մեքենայից, ճշտեցին տարիքը, այնուհետեւ ասացին՝ գնացեք, կյանքիս ամենասարսափելի րոպեներն էի ապրում, որ հանկարծ մի վնաս չտան։

– Հիմա ի՞նչ վիճակում եք, բավարա՞ր է, արդյոք, օգնությունը, մարդկանց վերաբերմունքն ինչպիսի՞ն է, քանի որ խորապես համոզված եմ, որ Հայաստանի հասարակ քաղաքացին ավելին է անում այսօր իր հայրենազրկված, բռնի տեղահանված, իր տունն ու հողը ստիպված լքած հայրենակցի համար:

– Շնորհակալ եմ մեր Հայաստանի հայրենակիցներին ջերմ ընդունելության համար, օգնում են ինչով կարողանում են: Բնակարանների եւ աշխատանքի հարցերն են, որ հիմնական խնդիր են դարձել, որոնք օր առաջ լուծելով միայն կարող ենք շարունակել ապրել, մեր մեջ հաղթահարել փորձել անդառնալի կորուստները։ Ամենածանրը հայրս է տանում այս ամենը, քանի որ 25 տարի ծառայել է Պաշտպանության բանակում, չի կարող համակերպվել, որ իր պաշտպանած հայրենիքը մնաց թուրքին:

– Եթե հաշվառեիր, ի՞նչ ես թողել այնտեղ ու ի՞նչն է, որ անհատույց է, հատուցման ոչ ենթակա:

– Սիրտս եմ թողել… տատիկ պապիկներիս, քեռուս գերեզմանները, ամեն ինչ: Գնալով ավելի դաժան ես զգում կորցրածի ցավն ու անփոխարինելիությունը։

– Ինչպե՞ս ես պատկերացնում ապագան, քանի որ երիտասարդ ես եւ ընտանիքի ապրեցնող ուժը դուք եք, զավակներով, առաջիկայում ի՞նչ հարցերի լուծում պիտի փորձես գտնել։

– Պիտի աշխատանք գտնենք բոլորս, անգամ դեռ մասնագիտություն չունեցող եղբայրս, որը զինվորական ծառայության մեջ էր, որպեսզի աստղաբաշխական թվերի հասնող բնակվարձը կարողանանք տալ ու ապրել սովորական կենցաղավարությամբ, ինչպես շատերը։ Պիտի փորձենք ապրել ու ուժ գտնել հոգեպես ապրելու մեր կորուստները, ցավեցնող է, բառերով նկարագրելու չէ։ Ուզում եմ, որ եղբայրս լավ ապրի, եթե փրկվել է այդ դժոխքից, ուրեմն դեռ անելիք ունի, ամենադաժան ճանապարհը հայրս ու եղբայրս են անցել, չեմ ուզում հիմա էլ նեղվեն, որ մնալու տեղ ու աշխատանք չունեն, երբ բոլորս բարձրագույն կրթություն ունենք եւ տարիների աշխատանքային փորձ։ Ես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եմ, մագիստրատուրաս ավարտել եմ կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ եւ աշխատում էի, հուսով եմ, որ այստեղ կգտնեմ աշխատանք ընտանիքիս մեծ հոգսը թեթեւացնելու եւ ապրելու համար։

– Ցանկություն, երազանք, որ այսօր անհրաժեշտ ես գտնում, ո՞րն է քեզ համար:

– Մի ցանկություն ունեմ, որ էլ երբեք պատերազմ չլինի, ինչի միջով մենք անցել ու անցնում ենք ոչ ոք թող չապրի, խաղաղություն լինի մեր հայրենիքում։ Սրտիս մի անկյունում հույսով կսպասեմ, որ մի օր լսեմ, որ Արցախը նորից մերն է։ Արցախից ինձ հետ բերած միակ բանը, որ մասունք է ավելի քան երբեւէ էր՝ Աստղաշենի միլիոնավոր տարիներ հաղթահարած, քարեղեն աստղիկներն են, մի բուռ կարոտ, որ մնացին հայոց Արցախիս լեռնաշխարհում:

Հարցազրույցը վարեց

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ Իննայի ընտանիքը եւս մի անդառնալի կորուստ ունեցավ. Արցախում, բենզալցակայանի պայթյունից վիրավորված, այրվածքներով հիվանդանոց տեղափոխված, վիրահատված եւ վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չեկած՝ մահացավ հորեղբորորդին՝ Աշոտ Արմենի Բաղրյանը։ Աշոտը 25 տարեկան էր, պայմանագրային զինծառայող, երկու պատերազմներով անցած զինվոր, ով դեռ պիտի ընտանիք կազմեր ու ապրելու իր իրավունքը շարունակեր։ Անվերջանալի ցավի այս շղթայում բառերն անզոր են՝ կորուստները սփոփելու եւ մեղմելու համար: Լինենք մի սիրտ, լինենք միասնական:

«Առավոտ» օրաթերթ
17.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031