Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Հոկտեմբեր 18,2023 12:30

Սկիզբը՝ այստեղ:

1.Խաչիկը, հակառակ Գագոսյանի, «լեռան» ստորոտում է

Փասադենան Լոս Անջելեսը կազմող 82 քաղաքներից մեկն է՝ 132 000 բնակչությամբ: 1890 թ. սկսած ամանորյա տոները այստեղ սկսվում են «Վարդերի շքերթ» տոնահանդեսով: Ինչպես ասել է շքերթի կազմակերպիչներից պրոֆեսոր Չարլզ Փ. Խոլդերը. «Նյու-Յորքում մարդիկ ձյան տակ են թաղված, իսկ այստեղ բացվում են վարդերը, ուր որ է՝ կհասնի նարինջը: Եկեք ամեն տարի հունվարի մեկին շքերթ անցկացնենք, աշխարհին պատմենք մեր դրախտի մասին»: Փասադենան նաեւ գիտության, մշակույթի, մարզական կենտրոն է:

Խաչիկ Աղազարյանի պատկերասրահը

Փասադենայում Խաչիկ /Քրիս/ Աղազարյանը հնաոճ իրերի իր խանութում պատկերասրահ է հիմնել ու հերթով ցուցադրում է հայ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները: Այն շատ կարեւոր է, քանի որ ասես չի թողնում, որ հանրությունը կտրվի արվեստից: Ինձ թվում է, որ գոյություն ունի մշակույթի հետ առնչվողների եւ նրանից կտրվածների մի հարաբերակցություն, որի չափաբաժինը կայուն պահելու դեպքում հանրությունն էլ կայուն է մնում, ահռելի տոկոս չի դառնում երկրի թալանի վերածվող կոռուպցիան, բարոյական անկումը, ապա եւ տնտեսական անկումը, անվտանգության համակարգի փլուզումը:

Խաչիկը խնդրեց իրեն թողնեմ իմ նկարչական աշխատանքների լուսապատկերները: Մանրազնին ուսումնասիրությունից հետո կարող է որոշել՝ ինչ կտա իր սրահում դրանց ցուցադրության կազմակերպումը:

Մի բարձրահասակ տարեց մարդու աշխատանքներն էին կախում կտավե պատերին, հիմնականում գծանկարներ, մեծ մասը՝ աննպատակ, ոչինչ չասող պատկերներ: Այն վիճակում չէր, որ որակի խնդրում խիստ ընտրություն կատարեր:

Ցուցահանդեսի բացումը վարում է Նարեն

Պատկերասրահի մասին դստերս պատմել էր ընկերուհին՝ Նարեն, առաջարկելով ինձ հետ այցի գալ եւ ներկայացնել աշխատանքները: Նույն կտավներն աշխարհի թիվ մեկ մենեջեր Լարի Գագոսյանի պատկերասրահում կարող է հարյուր հազարներով գնահատվել, Խաչիկի սրահում՝ մի քանի հազար, իհարկե, եթե գեղանկարչի բախտը բերի ու գնորդ գտնվի:

-Լարի Գագոսյանը լեռան գագաթին է, իսկ ես՝ ստորոտին, -ասաց Խաչիկը, -իսկ Գագոսյանը հայերին չի օգնում, ու անհնար է նրան մոտենալ:

Նարեն պատմեց իր մոր՝ Ջուլիա Մատինյանի մասին: Մեր զրույցն անսպասելի ընթացք ստացավ: Մայրը, որը թատերականի ռեժիսորականում էր սովորում, ուսանողական տարիներին մենք ընկերություն էինք անում:

-Իսկ ինչո՞ւ չամուսնացաք, -հարցրեց Նարեն, -նա ինձ ու քրոջս պատմել էր ձեր մասին:

-Դա գաղտնիք է, որի մասին երբեք չեմ ասի, -պատասխանեցի ես, -բայց հաստատ ասեմ, որ հստակ խոսքիդ տոնայնությունը, կառուցվածքը իսկ եւ իսկ Ջուլիայինն է: Դերասանուհի՞ ես:

-Այո, սակայն նկատվելու դիպվածներ չկան: Հայերենով երբեք չես նկատվի այս երկրում…

Նարեն Խաչիկին օգնում է ցուցահանդեսի կազմակերպման գործում:

-Ջուլիան պատմվածքներ էր գրում, -ասացի ես, -նույնիսկ մի քանի գիրք էր տպագրել: Դու գրո՞ւմ ես:

-Փորձեր արել եմ…

Լոսանջելեսյան քաղաքային պատկեր

Քանի որ մի շարք համահայկական կազմակերպությունների, գրասենյակների ու անհատ մարդկանց եմ դիմել Արեւմտյան Հայաստանի լուսանկարների կամ Արցախի նորահայտ ամրոցների մասին ցուցահանդեսներ կազմակերպելու խնդրում, ու նրանցից ոչ մի պատասխան կամ աջակցություն չեմ ստացել, ինձ թվում է, թե իմ դեմ մի հսկա համակարգ է գործում, որն ամենուր փակում է իմ ճանապարհը: Այն տեսնում է ինձ, իր հայացքի ներքո է պահում իմ գործողությունները, ու առիթ լինելիս իսկույն ցուցադրում է իր ուժն ու կարողությունը:

Որդիս՝ Հովհաննեսը ասում էր.

-Հայր, քեզ համար ֆռֆռա, հետաքրքիր տեղեր կան ԱՄՆ-ում, տես, վայելիր: Իսկ քո ուզածը միստիկա է, ոչինչ չի ստացվի: Հիմա այլ իրավիճակ է…

Սան Ֆերնանդոյում ճանապարհի մյուս կողմում, որտեղ մետաղյա ցանց է տեղադրված, տուն-սայլերի շարք էր գոյացել, որը երբեմն ընդհատվում էր վրաններով:

-Գնչուներն այստեղ առանձին բնակավայր են հիմնել, -ասաց Սոնան: – Ամենուր փնթիություն է, անպատասխանատվություն: Այստեղ գնչուների մասին հայտնի ֆիլմի հերոս Բոդուլայի դերակատարի սայլ-տնակն են հրկիզել:

-Հա՞, -արձագանքեցի ես, -գնչուական ինչ-որ օրե՞նք է խախտել:

Առավոտյան Geleri-պատկերասրահ գնացինք:

-Դու ինտերնետի հարցով զբաղվիր, -ասացի ես, -իսկ ես տեսնեմ ի՞նչ նկարներ են ցուցադրում պատկերասրահում:

-Ի՞նչ նկարներ, հայր, -ասաց Սոնան, -այստեղ նման բան չկա, տես ինչքան աշխույժ տեղ է, տասնյակ գրասենյակներ կան, իսկ եթե որպես ցուցասրահ ծառայեր, ոչ մի մարդ չէիր գտնի այստեղ:

-Բայց պատկերասրահի նկարներն ո՞ւր են:

-Դա հիմա մարդկանց չի հետաքրքրում: Մի քանի տարի առաջ մարդիկ ժամանակ էին գտնում ցուցահանդեսներ գնալ, իսկ հիմա, ասենք, հազիվ 3,5 հազար դոլար տան վարձ են տալիս, հազար ու մի ծախսեր ունեն, ուղղակի շունչ քաշելու ժամանակ չի մնում, անընդհատ վազքի մեջ են, իսկ աշխատավարձն այս թանկացման պայմաններում չի բարձրացել:

Մտածեցի Երկրագնդում մարդկանց ավելի հեշտ տեղափոխման մասին ու Թվիթերում գրառեցի, որ մեր շուրջը կան չորս տեսակի անտեսանելի, սակայն իրական ուժեր՝ էներգիայի անսպառ աղբյուրներ, որոնց հայտնաբերման շնորհիվ ավելի հետաքրքիր կդառնա մարդկանց կյանքը: Այդ էներգիան հաջողությամբ են օգտագործում Երկրագնդում իրական տիրություն անող մանրէները: Այդ ուժերը բաժանվում են Երկրագնդի, Արեւի, Գալակտիկայի ու անհայտ կենտրոնի (մութ էներգիա) մագնիսական դաշտերի: Մի աստղաֆիզիկոս նույն Թվիթերով հարցրեց. «Ինչպես կարելի է այն օգտագործել»: Պատասխանեցի՝ «Դիմեք մանրէներին, նրանք մանրամասն կբացատրեն»: Իսկ մանրէները տիեզերքում ճամփորդում են ոչ թե հինգ կամ տասը հոգով, այլեւ միլիոններով: Իսկ թե ինչպե՞ս կապվել նրանց հետ, այդ մասին ես գրել եմ իմ «Երկրագնդի մանրէ տիրակալը» վեպում, որի գլավոր հերոսները մանրէներն են: Ֆանտաստիկ է թվում, սակայն ես կառաջարկեի հանրությանը ուշադիր լինել գրողների, նրանց արտահայտած մտքերի նկատմամբ, քանի որ իրենց մտքերով նրանք մի քանի քայլ առաջ են գիտնականներից:

Նման մտածելակերպի ու դրա հետեւանք հանրային կարծիքի որպես արդյունք են Արցախի բռնագաղթն ու հետագայի այն իրադարձությունները, որին պատրաստվում են արտաքին ու ներքին թշնամիները: Խոշոր երկրների հետախուզությունները մեր երկրում ազատորեն իրականացնում են իրենց ծրագրերը. գունավոր հետախուզություններից մինչեւ կառավարության անդամների նշանակումը: Համատարած կործանումից միակ փրկությունն առողջ ուժերի միավորումն է, մտավորականների ակտիվացումը, նոր վերնախավի ձեւավորումը, որն էլ ունակ կլինի իշխանությունը վերցնել իր ձեռքն ու փրկել պետությունը կործանումից:

Կարծում էի, թե ԱՄՆ-ում մարդկային հարաբերություններում հեռու են իրար խաբելու սովորությունից, երբ Տեխասի Դալլաս քաղաքից ոմն Էվան Կլարա միլիարդատիրուհի Թվիթերում գրեց, որ ինքը նավթարդյունաբերողի դուստր է, հսկայական գումարներ ժառանգություն է մնացել հորից, որոշել է օգնել ինձ 2,5 միլիոն դոլարով, միայն թե ես պետք է $200 փոխանցեմ՝ քարտ ստանալու համար, ապա ստանամ նվիրատվությունը: Պատասխանեցի, որ $200-ը թող 2,5 միլիոնից վերցնի: Ի վերջո, նա գործ ունի լրագրողի հետ, Թվիթերից ջնջեց իր բոլոր գրությունները: Իսկ ահա «Կանադա» բանկի գործադիր տնօրենի անունով Ֆեյսբուքի մեսինջերով առաջարկեցին տեր կանգնել Կարապետյան ազգանունով մի միլիոնատիրոջ թողած ժառանգությանը: Առաջարկում էր ստանալ այն, կիսել իր հետ: Այն ավարտվեց իր գործակալին $500 ուղարկելու առաջարկով, ապա եւ ստանալ գումարը: Հետո նման առաջարկություններ ստացա Տոկիոյի, Մադագասկարի, Ստամբուլի, Ֆիլիպինների ու կրկին Տորոնտոյի բանկերից: Կարծես թե Հայաստանը զերծ է այս տիպի մեքենայություններից: Սակայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունները, որոնք լցված են օտար հետախուզությունների գործակալներով, հայության հետ անում են՝ ինչ-որ կամենան՝ հեղաշրջում, պատերազմ ու պարտություն, գերեվարում, կամքի թելադրանք, ներքին քայքայում…

Մեր երկրում ամենաթող կոռուպցիան պարարտ հող էր ստեղծել քայքայման համար…

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՄՆ, Լոս Անջելես, Գլենդել

Գլխավոր լուսանկարում՝ ի պաշտպանություն Արցախի

«Առավոտ» օրաթերթ
17.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031