Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը «կարմիր գծի» հարցում վերջնական որոշում ունի՞

Հոկտեմբեր 18,2023 12:00

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացում` այո, բայց ինչպե՞ս է պահպանվելու Հայաստանի ինքնիշխանությունը

Մեկ շաբաթ առաջ պաշտոնական Անկարան դարձյալ հիշեցրեց Երեւանին, որ Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված քաղաքականություն է սպասում: Նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված իր ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց. «Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձավ Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նկատելով, թե նրա հայտարարությունը պետք է բաժանել դետալների: Այնուհետեւ հավելեց. «Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկին որեւէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Այստեղ նրբություն կա, որովհետեւ շատ կարեւոր է, թե տերմինաբանությունն ինչպես է ընկալվում, որովհետեւ մենք Հայաստանի Հանրապետությունում, նաեւ հանրությունը լայնորեն այդ տերմինաբանությունն ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ եւ արտատարածքային միջանցքի պահանջ: Ուրեմն մենք նման տերմինաբանությամբ, նման եզրաբանությամբ որեւէ խոստում որեւէ մեկին չենք տվել»:

Բայցեւ նա հավելեց. «Այստեղ նաեւ շատ կարեւոր նրբություն կա, որ մենք այդ նրբությունը հասկանանք: Միջանցք բառն ընդհանրապես գլոբալ աշխարհում օգտագործվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին: Օրինակ, ես Ազգային ժողովում էլ վերջերս ասացի, հյուսիս-հարավի նախագծի անունն էլ պաշտոնապես հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք է: Եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետեւ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայինության, կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Եվ բացի այդ, Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ տարածքի շերտ է, որը գտնվում է երրորդ կողմի վերահսկողության ներքո: Այսինքն՝ այս թեմայի հետ կապված նյարդը նաեւ սրա հետ է կապված: Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ շահագրգռված, իմիջիայլոց, սա էլ է շատ կարեւոր, բացել տարածաշրջանային կոմունիկացիաները: Այսինքն՝ մենք պատրա՞ստ ենք արդյոք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, այո, պատրաստ ենք, եւ ինչպես արձանագրվել է՝ դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության եւ փոխադարձության սկզբունքի հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ օրինակ, ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որեւէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա: Հայաստանի Հանրապետության սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավազորության եւ հայտնի սկզբունքների հիման վրա: Օրինակ, մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը, ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ: Դա հրապարակային փաստաթուղթ է, եկեք կարդանք, ընդհակառակը, նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Ադրբեջանի բարձրաստիճան չինովնիկներից մեկն ասել է` լավ, մենք չենք ուզում միջանցք, բայց Հայաստանն անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող է մեզ տալ, ապա դրանից հետո ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարեց` «Զանգեզուրի միջանցք» բառը նյարդայնացնում է, եկեք ասենք Մեղրիի ճանապարհ, այս առիթով Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Ոչ մի խնդիր չկա: Տեսեք, երկաթուղու դեպքում մենք ասում ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղի, ոչ մի խնդիր չկա, եկեք ասենք, եւ ասում ենք: Երկաթուղու դեպքում Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է, ըստ էության, ինչո՞ւ, որովհետեւ այլ տեղ երկաթուղի մենք չենք ունեցել գոնե այդ հատվածում: Մենք ունենք եւս մեկ երկաթուղի Իջեւան-Հրազդան-Ղազախ»:

Այսպես, Փաշինյանը մի կողմից արձանագրում է, որ Հայաստանը պատրաստ է, ավելին` շահագրգռված է բացել տարածաշրջանային կոմունիկացիաները եւ դրանց ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, բայցեւ հավելում է, որ ըստ եռակողմ հայտարարության` չի ենթադրվում, որ «անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանը»:

Սակայն ի՞նչ զարգացումներ էին տեղի ունենում մեկ, մեկուկես տարի առաջ…

Դեռեւս 2022թ. ամռանը Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել ադրբեջանական կողմի անարգել անցումը Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան՝ ընդգծելով՝ դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փաշինյանի հայտարարությունից երկու շաբաթ անց նախագիծն արդեն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում շրջանառության մեջ էր։ Դա նախատեսվում էր ավտոմոբիլային երեք նոր անցակետեր հայ-ադրբեջանական սահմանին. «Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»։ Այդ ժամանակահատվածում Տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովը որեւէ հրապարակային հայտարարություն չարեց, թե վերջնական համաձայնության եկե՞լ են ճանապարհների բացման հարցում։

Այս փուլում ենթադրվում էր, որ Հայաստանը փորձում է պրոակտիվություն ցուցաբերել՝ չեզոքացնելու «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին պնդումները:

Անցյալ տարի հունիսին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսեց`Ադրբեջանը Նախիջեւանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին: Օրեր անց «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհի շուրջ կողմերը մոտ են հետեւյալ պայմանավորվածությանը՝ նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղեւորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը, այնուհետեւ անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Այնուհետեւ պաշտոնական Մոսկվան ու Երեւանը տարբեր տեղեկություններ հրապարակեցին ավելի վաղ Մոսկվայում կայացած փոխվարչապետներ Օվերչուկի, Գրիգորյանի եւ Մուստաֆաեւի հանդիպումից հետո։ Ըստ Ռուսաստանի կառավարության՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային եւ հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք էին այդ մոտեցումները, հայտնի չէր։

Փաստացի, լրացուցիչ հստակություն էր մտցրել Լավրովը, նշելով` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երեւանի ինքնիշխանության առնչությամբ գնահատականներ չէին հնչում։ «Ինչպես գիտեք, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը եւ ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, եւ որեւէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տեւական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ եւ՛ ադրբեջանական, եւ՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», – Երեւանում հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Կառավարությանը տված հանձնարարականին զուգահեռ Փաշինյանը հրապարակային անդրադառնում էր Ադրբեջանի հետ ճանապարհների վերագործարկմանը: 2022թ. ամռանն, օրինակ, «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար։ «Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձեւակերպումները, եւ դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, եւ դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին», – ասել էր Փաշինյանը՝ շարունակելով. – «Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ` երկաթուղիներ, ճանապարհներ, եւ մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության եւ սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության վերջին կետում նշվում է, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Մինչդեռ ադրբեջանական կողմից պնդում են, թե անխոչընդոտ տեղաշարժ նշանակում է, որ հայկական կողմը չպետք է որեւէ վերահսկողություն իրականացնի:

44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է բացվեն բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը, Հայաստանը պետք է ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ: Նշված է նաեւ՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Ղհը-ի սահմանապահ ծառայությունը։ Եռակողմ հայտարարությունը, սակայն, չի հստակեցնում՝ ռուսական կողմը ո՞ր ուղիների վերահսկողությունն է ապահովելու՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւա՞ն, թե՞ նաեւ Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան կամ Ռուսաստան։

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 17.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031