Մշակութային հիշողության տարբեր տեսակները
Պապիկս չէր սիրում պատմել պատերազմի մասին: Խոսքը Մեծ Հայրենական պատերազմի մասին է, որի ճանապարհներով նա հասել էր մինչեւ Բեռլին: Եթե պատմում էր, ապա ինչ-որ աննշան կենցաղային միջադեպերի, ոչ թե կրակի, արյան եւ զոհերի մասին: Հայրս ասում էր, որ նա ոչ թե խնայում էր մեզ՝ երեխաներիս, այլ՝ ընդհանրապես չէր ցանկանում անդրադառնալ այս թեմային: Նա երբեք չէր կրում նաեւ մարտական շքանշանները, եւ դրանք դարակից հանում էր միայն այն դեպքում, երբ գնում էր պաշտոնյաների մոտ՝ ուրիշների (ոչ իր) համար արդարություն պահանջելու:
Այդքանով հանդերձ՝ ես ինձ զգում էի հաղթողի թոռ, եւ մայիսի 9-ը ինձ համար տոն էր՝ ի հեճուկս բոլոր գաղափարախոսական խնդիրների: Ես, իհարկե, տեսնում էի, որ խորհրդային քարոզչությունը չարաշահում է պատերազմի թեման, այն ներկայացնում է սխալ անկյան տակ: Իսկ պատերազմում Բրեժնեւի դերի ուռճացումը պարզապես զավեշտալի էր եւ բազմաթիվ անեկդոտների առիթ էր տվել: Բայց դա չէր ստվերում իմ ազգային հպարտությունը, հաղթողի ժառանգ լինելու զգացողությունը:
Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ նաեւ այդ հպարտությունն օգնեց մեր սերնդին՝ պատվով դուրս գալ 1992-94 թվականների փորձությունից: 1992 թվականի մայիսին այդ զգացողությունն իմ մեջ ամրապնդվեց: Ես անկեղծորեն զարմանում էի, թե ինչու են մարդիկ Երեւանում այդքան հայհոյում Տեր-Պետրոսյանին եւ հավատում այն անհեթեթ լուրերին, թե իբր ՀՀ նախագահը դեմ էր Շուշիի գրավմանը կամ տեղյակ չէր դրա մասին: Թերեւս այդպես էր սկսվել մարդկանց ուղեղների պղտորումը:
Կարդացեք նաև
Երբ պատերազմն ու առօրյա կյանքը բաժանված են իրարից ժամանակի մեջ, դրանց կապող օղակը, կամուրջը մշակութային հիշողությունն է: Դրա մեջ կարող են գերիշխող լինել ստալինյան հանցագործությունների կամ «ցրտի-մթի» պատումները, կարող է գերիշխել նաեւ հաղթանակների համար հպարտությունը:
Նույնիսկ այն պարագայում, երբ պատերազմի թեմայի վրա «տաբու» է դրված (իսկ ես դա նկատել եմ պատերազմի շատ վետերանների մոտ), միեւնույն է՝ մշակութային հիշողությունը լռելյայն ներկա է լինում հետագա սերունդների մոտ՝ գուցե չստանալով գիտակցական ձեւակերպում:
1988 թվականին Իսրայելում նկարահանվել էր մի ֆիլմ, որը կոչվում էր «Ավիայի ամառը»: Հոլոքոսթը վերապրած ծնողները որեւէ ձեւով չեն ցանկանում իրենց աղջկա ներկայությամբ հիշատակել իրենց հետ կատարված սարսափները: Բայց ֆիլմի բոլոր երկխոսություններում, առաջին հայացքից՝ սովորական եւ զուտ կենցաղային, Հոլոքոսթը միեւնույն է՝ առկա է:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում մեր պարտությունը նույնպես «ներկա է» մեր կյանքում: Մանավանդ, որ այդ պարտությունը, կարելի է ասել, շարունակվում է:
Չնայած անցել է ընդամենը երեք տարի, մշակութային հիշողությունն արդեն հիմա է ձեւավորվում: Դարձյալ՝ այն կարող է տարբեր լինել: Կարող եմ ենթադրել, որ նրանք, ովքեր չէին հպարտացել Շուշիի ազատագրմամբ, դեպրեսիայի մեջ չեն ընկել Շուշիի անկումից: Այսինքն՝ եթե 1992-94-ի պատերազմն ընկալվում է «ցրտի-մթի» պրիզմայով, ապա 2020-ի պարտությունը կարող է ընկալվել «միայն թե նախկինները չգան» բանաձեւի ազդեցության տակ:
Ավելի կարճ՝ եթե չկա ազգային ինքնասիրություն, ապա այն հնարավոր չէ խոցել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.10.2023