Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերը քնել եք, առավոտ որոշել՝ լուծարել»․ ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Ախուրյանում

Հոկտեմբեր 17,2023 22:30

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բավական լարված իրավիճակ է ստեղծվել Ախուրյանի համալիր մարզադպրոցը, գրադարանը և « Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու և «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին ավագանու՝ օգոստոսի 29-ին կայացրած որոշումից հետո։

Նման առաջարկով հանդես է եկել համայնքապետ Զավեն Մանուկյանը, կողմ են քվեարկել ավագանու 17 անդամներ, 2-ը եղել են դեմ, 4-ը՝ ձեռնպահ։ Այս որոշումը սակայն վրդովեցրել է Ախուրյանի համալիր մարզադպրոցի անձնակազմին, որը համայնքապետ Զավեն Մանուկյանից պահանջել է վերանայել այն։

Մարզադպրոցի անձնակազմը, համայնքապետին ուղղված գրության մեջ նշելով, որ որևէ քննարկում, ուսումնասիրություն չի կատարվել այս ուղղությամբ, որևէ պատշաճ հիմնավորում չի ներկայացվել,նախազգուշացրել է․ «աղաղակող, աղմկահարույց և անցանկալի հետևանքներով միջադեպերից խուսափելու համար վերանայել որոշումը և կասեցնել գործընթացը»։

Նրանք գրություն են հղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ անչափ կարևոր են համարում այս հարցի շուրջ կառավարության ղեկավարի լիարժեք ու հավաստի իրազեկվածությունը։

Ինչևէ, նախքան մարզադպրոցի անձնակազմի՝ տարբեր կառույցներին գրած դիմումների բովանդակությանն անդրադառնալը, նշենք՝ կրքերն Ախուրյանում այնքան են լարվել, որ գործը հասել է իրավապահներին։

Aravot.am-ին հասած տեղեկություններով, Ախուրյանի քննչական բաժնում այս պահին սկսել են ուսումնասիրել ոստիկանությունից ստացված գրությունն առ այն, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Ախուրյանի համայնքապետարանի դիմաց Լևոն և Արման Գեղամյանները վիճաբանել են Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և համայնքապետի տեղակալ Կարեն Սերգոյանի հետ, որի ընթացքում Լևոն Գեղամյանը ձեռքերով հարվածներ է հասցրել այս երկու պաշտոնյաներին։

Լևոն Գեղամյանն Ախուրյանի համալիր մարզադպրոցի տնօրենն է, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է, Արման Գեղամյանը նրա եղբայրն է՝ Ախուրյանի համայնքապետարանի սպորտբաժնի համակարգողը։

Դեպքին, ըստ ոստիկանության տվյալների, ականատես են եղել Ախուրյանի համայնքապետարանում հավաքարար աշխատող Քրիստինե Հովհաննիսյանը և Անահիտ Իգիթյանը։ Զավեն Մանուկյանը և Կարեն Սերգոյանը ոստիկանություն չեն դիմել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:

Aravot.am-ը կապ հաստատեց Ախուրյանի համալիր մարզադպրոցի տնօրեն Լևոն Գեղամյանի հետ՝ նրանից հետաքրքրվելով, թե ի՞նչ է կատարվել։

Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նման դեպք չի արձանագրվել, ինքը համայնքապետ Զավեն Մանուկյանին տեսել է համայնքապետարանի շենքի դիմաց, մոտեցել և խոսել է իրեն հետաքրքրող խնդրի՝ Ախուրյանի համալիր մարզադպրոցի ճակատագրի մասին։ Իսկ հաջորդ օրը մարզադպրոցի խնդիրը բարձրաձայնել է նաև ավագանու նիստում (նրա ելույթը՝ տեսանյութի՝ 1։04։13 րոպեից)։

Ըստ նրա, իր ու համայնքապետի միջև եղել է խոսակցություն, սակայն որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել, իր նպատակը միայն մարզադպրոցի շահերը պաշտպանելն է։

Լևոն Գեղամյանն ասաց, որ Ախուրյանի համալիր մարզադպրոցը իդեալական վիճակում է, սակայն այն միավորում են գրադարանի ու արվեստի դպրոցների հետ, մինչդեռ այդ երեք կառույցները տարբեր կանոնադրություններ ունեն, տարբեր գործառույթներ են իրականացնում։

Նա նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ այս մասին սխալ տեղեկություններ են հաղորդել կամ գուցե դիտավորյալ կեղծել են՝ ասելով, թե Ախուրյանի երեք մարզադպրոցներ են միավորում, մինչդեռ Ախուրյանում կա ընդամենը մեկ մարզադպրոց։

Ի դեպ, ըստ Լևոն Գեղամյանի, վարչապետին սխալ են իրազեկել հենց այն ժամանակ, երբ նա այցելել էր Շիրակի մարզ և հյուրընկալվել էր նաև իրենց դպրոցում։

Մարզադպրոցի տնօրենը նաև ասաց, որ 15 տարի շարունակ իր բոլոր ուժերը ներդրել է մարզադպրոցի կայացման համար, այն ամեն ինչով ապահովված է՝ գույքով, ջեռուցմամբ, վերանորոգված է, չկան մրցումներ, որոնց սաները չմասնակցեն, ու այդ կայացած դպրոցն այժմ քանդում են։

Լևոն Գեղամյանը պնդում է, որ Ախուրյանի համայնքապետը ոտք չի դրել մարզադպրոց, չի ուսումնասիրել պայմանները, իրենց հետ քննարկում չի անցկացրել, կարծիքներ չի լսել, սակայն լուծարելու ու այն գրադարանի ու արվեստի դպրոցի հետ միավորելու հարցն անձամբ է օրակարգ է մտցրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ էլ անձնակազմը նկարագրել է մարզադպրոցի կարևորությունն ու պայմանները։ Նրանք վարչապետին խնդրել են հանձնարարել Ախուրյանի համայնքապետին հանրային քննարկում անցկացնել ու այս հարցի շուրջ պահանջել ինչպես ԿԳՄՍ նախարարի, այնպես էլ Շիրակի մարզպետի դիրքորոշումները երեք դպրոցները օպտիմալացնելու նպատակահարմարության շուրջ։

Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ մասնավորապես ընթերցում ենք․ «Միակ համալիր մարզադպրոցն է` երկու մասնաշենքերով, որտեղ գործում են 6 մարզաձևեր` 28 խմբերով և շուրջ 240 մարզիկներով, խմբեր ունենք Բասեն, Կամո, Հացիկ բնակավայրերում։

Կարծում ենք՝ այս պարագայում օպտիմալացումը նպատակային չէ ոչ մի առումով, ավելին` գործնականորեն այն կտանի մարզադպրոցի աշխատանքային գործունեության անհարմարության։

Թույլ տվեք նաև հայտնենք, որ մարզադպրոցի համար կենսական կարևորություն ունեցող շատ հարցեր, օրինակ` ջուր, հատակ, տանիք, գույք և այլն, լուծումներ են ստացել մարզադպրոցի աշխատակազմի և ղեկավարության կառավարչական կարողությունների և ջանքերի շնորհիվ, որի մասին վստահ ենք, կփաստի Ախուրյանի ցանկացած բնակիչ։

Մեր մարզիկներն ապահովված են լիարժեք մարզումներ անցկացնելու համար առաջին անհրաժեշտության պայմաններով` ջեռուցվող մարզադահլիճներով, տաք և սառը ջրով, լոգարաններով` ցնցուղներով և այլն։ Համաձայն օրացուցային՝ պլանի մարզադպրոցում կազմակերպվում են մրցաշարեր, նաև մեր մարզիկներին գործուղումներ են տրվում տարբեր մրցաշարերի մասնակցելու համար»։

Ինչևէ, Լևոն Գեղամյանը մեզ պատմեց, որ պատահաբար է իմացել ավագանու նիստի մասին ու գնացել է մեկ անգամ ևս այս հարցը բարձրաձայնելու։

«Իմացա, որ կանոնադրություն են հաստատում, 3 օրվա կանոնադրություն եք գրո՞ւմ, բա մի հատ նախապես չքննարկե՞ս սպորտի ոլորտի աշխատակիցների հետ, կայացած, ֆինանսական որևէ խնդիր չունեցող լուրջ կառույցի հետ գործ ունեն․ համալիր մարզադպրոց է, որտեղ 7 մարզաձև են գործում, ավելի քան 250 պատանիներ են մարզվում, 6 թափուր հաստիքներ ունի մարզիչների, ինչպե՞ս կարող եք լուծարել, միացնել արվեստի դպրոցին։ Բա մի հատ հանրային լսում չանցկացնեի՞ք, չտեսնեի՞ք համայնքի բնակիչները համաձայն են, համաձայն չեն, վերջը սա մանկապատանեական դպրոց է, երեխաներին փողոցից կտրում ենք, բերում, դաստիարակում։

Ինձ քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում, ոչ մեկի դեմ ոչինչ չունեմ, ես ՔՊ-ականների շարքերում էլ բազում ընկերներ ունեմ, իմ խնդիրը մարզադպրոցը չքանդելն է, դա միակն է Ախուրյանում։ Ես պատրաստ եմ տնօրեն չլինել, թող վաստակավոր մեկին նշանակեն, պատրաստ եմ աշխատել առանց աշխատավարձի, բայց թող դպրոցը չլուծարեն։

Ես ոչ մեկի հետ ո՛չ կռիվ ունեմ անելու, ո՛չ անձնական հաշիվներ ունեմ, բայց չի կարելի այսպես։

Գիտեք հարցն ինչ է, համայնքապետը չընտրված է, իրեն զոռով են բերել, չընտրված մարդն ինչ իրավունք ունի համայնքային կայացած կառույցը քանդել։

Երեք տարբեր դպրոցներ միավորելով՝ ուզում է իրեն համայնքապետ դառնալու ժամանակ ծառայություն մատուցած անձանցից մեկին լավություն անել։ Ողջ համայնքին վատություն պիտի անես, որ էդ մեկին լավություն անե՞ս։ Թող նոր ընտրություններ լինեն, ինքն ընտրվի համայնքապետ, կուզի թող մարզադպրոցը լուծարի, չի ուզի, թող չլուծարի։ Քնես, ելնես ու նման որոշում կայացնե՞ս․․․

Երբ որոշ ավագանու անդամների հարցնում ես, թե ինչո՞ւ եք մարզադպրոցի մնալուն դեմ, ասում են՝ մեր շահերն ունենք, չեն ուզում ընդդիմանալ համայնքապետին։ Ես նորից եմ կրկնում, ես սպորտի բնագավառի մարդ եմ, ես ոչ ՔՊ-ին եմ դեմ, ոչ Նիկոլ Փաշինյանին, լիքը ընկերներ ունեմ ՔՊ-ից, բայց ո՛չ կուսակցություն կմտնեմ, ո՛չ էլ կյանքս կտամ կուսակցության համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Մարզադպրոցի անձնակազմը համայնքապետ Զավեն Մանուկյանին ուղղված գրության մեջ էլ նրան մեղադրում է անձնական շահերից բխող որոշում կայացնելու մեջ։

Այնտեղ մասնավորապես գրված է․

«Հարգելի պարոն Մանուկյան,

Ձեզ ենք ներկայացնում «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ֊ի աշխատակիցների` որպես ՀՀ օրինապահ և ազատ քաղաքացիների վրդովմունքը և օրինական պահանջն այն մասին, որ 29.08.2023 թվականին Ախուրյան համայնքի ավագանու կողմից հապճեպ գումարված նիստի ժամանակ, ընդ որում այդ օրակարգից տեղյակ չեն եղել անգամ ավագանու անդամները, օրինակ՝ Ա. Չալոյանը ( կարծում ենք կփաստի հենց ինքը` Չալոյանը), օրակարգ է մտցվում և ընդունվում է Ախուրյանի համալիր մարզադպրոցը, երաժշտական դպրոցը և գրադարանը լուծարելու և այլ գործողություններ ծավալելու վերաբերյալ 29.08.2023թ.֊ի Ախուրյանի ավագանու արտահերթ նիստը։

Ընդ որում, մինչ գործընթացի նախաձեռնումը ոչ մի տեսակի քննարկումներ չեն տարվել այդ ուղղությամբ, ոչ մի տեսակի ուսումնասիրություններ չեն իրականացվել այդ հարցի վերաբերյալ, առանց աշխատակիցներին և կազմակերպությունների ղեկավարներին տեղեկացնելու և քննարկումներ անելու, համայնքի ղեկավարի առաջարկությամբ` առանց օրինական, պատշաճ հիմնավորումների և պատճառաբանություններ կայացնելու /որը երևում է նիստի ժամանակ, Ախուրյան համայնքի ղեկավարին տրված հարցերի կցկտուր պատասխաններից/ որոշում է ընդունվում նշված երեք կազմակերպությունները լուծարելու և այլն վերաբերյալ։

Այն դեպքում, երբ դա ինքնին ամենայն լրջություն պահանջող և ամենայն պատասխանատվություն ստանձնող հայտարարություն է ձեր կողմից, որը պարտավոր է հիմնավորվելու օրենքի ամենայն մանրամասնությամբ, այլ ոչ թե համայնքի ղեկավարի` Ձեր պաշտոնը ստանձնելու հանգամանքներից բխող, որոշ անձանց իրականացրած անբարո ծառայությունների դիմաց վարձահատույց լինելու և տրված խոստումը կատարելու բացահայտ տեսանելի հանգամանքով։ Ավելին, կայացված որոշումը ֆունդամենտալ հակասում է ՀՀ ղեկավարի` վարչապետ Ն. Փաշինյանի` տարբեր հարթակներից հնչեցրած այնպիսի հայտարարություններին, ինչպիսին է օրինակ` խոշորացված համայնքներում նոր մարզադպրոցներ պետք է հիմնվեն և ավելանան, այլ ոչ թե, այս դեպքում լուծարվեն…

Ուստի խնդրում ենք պարզաբանում տալ, թե ինչո՞ւ եք ոտնահարում մեր` աշխատակիցներիս իրավունքները, Ձեր նախաձեռնությունների վերաբերյալ նախապես չտեղեկացնելով և կարծիք հաշվի չառնելով…

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մարզադպրոցը տարիներ շարունակ ունեցել է և ունի բարձր վարկանիշ և դասվում է ՀՀ լավագույն մարզադպրոցների շարքին, շնորհիվ մեր մարզադպրոցի աշխատակազմի և ղեկավարության նվիրված, անշահախնդիր և պատասխանատու մոտեցումների մարզադպրոցը ճանաչում է բերում մեր երկրին և համայնքին։

Հարգելի պարոն Մանուկյան, հաստատակամորեն հայտնում ենք Ձեզ, որ «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակիցներս դեմ ենք մարզադպրոցի լուծարմանը կամ այլ գործընթացների իրականացմանը։

Խնդրում ենք Ձեզ աղաղակող, աղմկահարույց և անցանկալի հետևանքներով միջադեպերից խուսափելու համար վերանայել որոշումը և կասեցնել գործընթացը»։

Նրանք գրություն են հղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Փոխնախարար Կարեն Գիլոյանը նրանց գրությանը հետևյալ պատասխանն է տվել․ «Տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ախուրյանի համալիր մարզադպրոցի, «Ֆերմատա» արվեստի դպրոցի և գրադարանի լուծարման և դրանց միավորման վերաբերյալ Ախուրյան համայնքի ավագանու որոշումը համարում է ոչ նպատակահարմար և համապատասխան հիմնավորումով դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմ»:

Aravot.am-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին։

Այն կներկայացնենք՝ ստանալուն պես։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031