Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ թոշակները, որ Արցախի կառավարությունից էինք ստանում, հարցականի տակ են այսօր». արցախցիները Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել՝ պատասխան են պահանջում

Հոկտեմբեր 17,2023 20:30

Ինչպես տեղեկացրել ենք, վաղ առավոտից Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները պահանջում են հանդիպում Արցախի նախագահի, պետնախարարի հետ:

Նրանցից մի քանիսին պետնախարարն ընդունել է ու խնդրել իրեն մինչեւ ամսի 20-ը ժամանակ տալ՝ 3 օր: Երբ դրսում հավաքված արցախցիները լսեցին 3 օր սպասելու մասին՝ արձագանքեցին. «Դու քո ուսլովիան դնեիր, չհամաձայնեիր»: Բողոքող արցախահայերը չէին ուզում տեսախցիկների առաջ խոսել, երեւալ:

Արցախի ներկայացուցչության մոտ էր նաեւ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես ուզում եմ քաղաքական ղեկավարության հետ հանդիպել: Նախորդ շրջանի՝ 2020-ի պատերազմից հետո ովքեր հաստատվել էին Հայաստանում, իրենց սոցիալական ծրագրերի համար օգտվում էին Արցախի կառավարության որոշումներից, այսինքն, այն 40 հազարները, փոխհատուցումները, որ տալիս էին, Արցախի կառավարության որոշմամբ էին տալիս: Նույնիսկ թոշակները, որ Արցախի կառավարությունից էինք ստանում, հարցականի տակ են այսօր: Մարդիկ հավաքվել են՝ իրենց թոշակը ստանալու, պարզելու, տների վարձի փոխհատուցումը ստանալու են, թե չէ: Նոր եկածներին միանվագ 100 հազար են տալու, հետո՝ 40 հազար, գումարած 10 հազար, մեզ ասում են՝ դուք այդ ծրագրում չկաք, բա ի՞նչ է լինելու, եթե չկանք: Ասում են՝ ոչ մի բան չգիտենք: Հիմա մարդիկ եկել են Արցախի կառավարության հետ հանդիպելու: Պետական աշխատողները, որ այնտեղից տեղափոխվել են այստեղ, աշխատավարձ չեն ստացել, իսկ շտաբում, որ որոշ մարդիկ աշխատում են, կամ գյուղապետերին հայտարարել են, որ հոկտեմբերի 1-ից աշխատավարձ չեք ստանալու, այդ մարդիկ գնում են աշխատանքի, բայց ասել են՝ պրծած է ամեն ինչ, աշխատավարձ չեք ստանալու»:

Հարցին՝ թոշակները, աշխատավարձերը բյուջեով նախատեսված ծախսեր են, ի՞նչ է եղել Արցախի բյուջեն, արդյոք այն չի՞ տնօրինում ՀՀ կառավարությունը ու չպե՞տք է դա վճարի ՀՀ կառավարությունը՝ Արցախի բյուջեի միջոցներից՝ նա պատասխանեց. «Տրամաբանությունը հուշում է, որ պիտի այդպես լինի, բայց մեզ ոչ մի բան չեն ասում՝ ուր է բյուջեն»:

Լեւոն Հայրյանն ասաց, որ Հադրութից 3-4 հոգու ընդունել են Արցախի ներկայացուցչությունից: Թե նրանց ինչ խոստումներ են տվել, առայժմ հայտնի չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031